Հովհաննես 7։1-53
7 Այս ամենից հետո Հիսուսը շարունակեց մնալ Գալիլեայում։ Նա չէր ուզում Հրեաստան գնալ, քանի որ հրեաները նրան սպանելու առիթ էին փնտրում+։
2 Սակայն մոտ էր հրեաների տոնը՝ Տաղավարների տոնը+։
3 Ուստի նրա եղբայրներն+ ասացին նրան. «Այստեղից դուրս եկ ու գնա Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես։
4 Ով որ ուզում է ճանաչված լինել, ոչ մի բան թաքուն չի անում։ Եթե դու անում ես այդ բաները, ինքդ քեզ հայտնի դարձրու աշխարհին»։
5 Սակայն իրականում նրա եղբայրները+ չէին հավատում նրան+։
6 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Իմ ժամանակը դեռ չի հասել+, բայց դուք ամեն ժամանակ էլ կարող եք գնալ։
7 Աշխարհը ձեզ ատելու պատճառ չունի, բայց ինձ ատում է, որովհետև ես նրա մասին վկայում եմ, որ նրա գործերը չար են+։
8 Դուք գնացեք տոնին, ես դեռ չեմ գա, որովհետև իմ ժամանակը+ դեռ չի լրացել»+։
9 Այս բաներն ասելուց հետո նա մնաց Գալիլեայում։
10 Բայց երբ նրա եղբայրները գնացին տոնին, այդ ժամանակ ինքն էլ գնաց, սակայն ոչ թե բացահայտ կերպով, այլ գաղտնի+։
11 Հրեաները տոնի ժամանակ փնտրում էին+ նրան և ասում. «Որտե՞ղ է նա»։
12 Ժողովրդի մեջ նրա մասին շատ շշուկներ էին գնում+։ Ոմանք ասում էին՝ «լավ մարդ է», մյուսներն էլ՝ «լավը չէ, ժողովրդին մոլորեցնում է»։
13 Սակայն ոչ մեկը նրա մասին բացահայտ չէր խոսում, քանի որ մարդիկ վախենում էին հրեաներից*+։
14 Երբ արդեն տոնի կեսն անցել էր, Հիսուսը գնաց տաճար ու սկսեց այնտեղ սովորեցնել+։
15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Այս մարդուն որտեղի՞ց այսպիսի գիտելիքներ+, չէ՞ որ դպրոցներում չի սովորել»+։
16 Հիսուսն էլ պատասխանեց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է+։
17 Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, այս ուսմունքի մասին կիմանա՝ արդյոք այն Աստծո՞ւց է+, թե՞ ես ինձնից եմ խոսում։
18 Ով իրենից է խոսում, իր սեփական փառքն է փնտրում, բայց ով իրեն ուղարկողի փառքն+ է փնտրում, նա ճշմարիտ է, և նրանում անարդարություն չկա։
19 Մի՞թե Մովսեսը ձեզ չտվեց Օրենքը+։ Բայց ձեզանից ոչ մեկը չի հնազանդվում Օրենքին։ Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ»+։
20 Ժողովուրդն էլ պատասխանեց. «Դու դև՛ ունես+։ Քեզ ո՞վ է ուզում սպանել»։
21 Իսկ Հիսուսն ասաց. «Ես ընդամենը մի գործ արեցի+, և դուք բոլորդ զարմանում եք։
22 Այդ պատճառով Մովսեսը ձեզ թլփատությունը+ տվեց (թեև այն ոչ թե Մովսեսից է, այլ նախահայրերից+), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։
23 Եթե մարդը շաբաթ օրը թլփատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա զայրանո՞ւմ եք, որ շաբաթ օրը մի մարդու լրիվ առողջացրի+։
24 Արտաքինով մի՛ դատեք, այլ արդարությամբ դատեք»+։
25 Երուսաղեմի բնակիչներից ոմանք ասում էին. «Սա այն մարդը չէ՞, որին ուզում են սպանել+։
26 Բայց ահա նա բացահայտ խոսում է+, և ոչինչ չեն ասում նրան։ Չլինի՞ թե իշխաններն էլ համոզվեցին, թե նա է Քրիստոսը+։
27 Սակայն մենք գիտենք, թե որտեղից է այս մարդը+։ Իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղից է նա»+։
28 Տաճարում սովորեցնելիս Հիսուսը բարձր ձայնով ասաց. «Դուք գիտեք ինձ և գիտեք, թե որտեղից եմ ես+։ Ես չեկա իմ նախաձեռնությամբ+։ Նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի+, բայց դուք չեք ճանաչում նրան+։
29 Իսկ ես ճանաչում եմ նրան+, որովհետև ես նրա կողմից եմ եկել, և նա է ինձ ուղարկել»+։
30 Եվ նրանք սկսեցին առիթ փնտրել, որպեսզի բռնեն նրան+, բայց ոչ ոք չհամարձակվեց, որովհետև նրա ժամը+ դեռ չէր եկել։
31 Սակայն ժողովրդի միջից շատերը հավատացին նրան+ և ասում էին. «Երբ որ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի+, քան այս մարդն արեց»։
32 Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած շշուկները, և ավագ քահանաներն ու փարիսեցիները պահապաններ ուղարկեցին, որ բռնեն նրան+։
33 Հիսուսն էլ ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կմնամ, մինչև որ գնամ նրա մոտ, ով ուղարկեց ինձ+։
34 Դուք կփնտրեք ինձ+, բայց չեք գտնի, և որտեղ ես կլինեմ, դուք չեք կարող գալ»+։
35 Հրեաներն էլ իրար ասացին. «Այս մարդը ո՞ւր է ուզում գնալ, որ մենք չենք գտնի նրան։ Մի՞թե ուզում է գնալ այն հրեաների մոտ, որոնք ցրված են+ հույների մեջ, և սովորեցնել հույներին։
36 Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ նա ասաց՝ «դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և որտեղ ես կլինեմ, դուք չեք կարող գալ»»։
37 Երբ եկավ վերջին օրը՝ տոնի մեծ օրը+, Հիսուսը կանգնեց ու բացականչեց. «Եթե մեկը ծարավ է+, թող ինձ մոտ գա ու խմի։
38 Ով հավատում է ինձ+, ինչպես Գիրքն է ասում՝ «նրա ներսից կենդանի ջրի աղբյուրներ կբխեն»»+։
39 Նա ասաց սա այն ոգու համար, որը պիտի ստանային նրանք, ովքեր հավատում էին իրեն, քանի որ այդ ժամանակ դեռևս ոգին+ չէին ստացել, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել+։
40 Ուստի ժողովրդի միջից ոմանք, ովքեր լսեցին այս խոսքերը, սկսեցին ասել. «Սա իսկապես որ Մարգարեն է»+։
41 Մյուսներն էլ ասում էին. «Սա Քրիստոսն է»+։ Իսկ ոմանք էլ ասում էին. «Մի՞թե Քրիստոսը+ Գալիլեայից է գալու+։
42 Չէ՞ որ Գիրքը ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից+ և Բեթլեհեմից+՝ այն գյուղից, որտեղից որ Դավիթն էր»+։
43 Այդպես ժողովրդի մեջ բաժանում եղավ նրա պատճառով+։
44 Նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ մեկը չհամարձակվեց։
45 Պահապանները վերադարձան ավագ քահանաների ու փարիսեցիների մոտ, և վերջիններս հարցրին նրանց. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։
46 Պահապանները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»+։
47 Փարիսեցիներն էլ ասացին. «Ի՞նչ է, դուք է՞լ եք մոլորվել։
48 Իշխաններից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատա՞ց նրան+։
49 Անիծվա՛ծ է այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի»+։
50 Նիկոդեմոսը, որը դրանից առաջ եկել էր նրա մոտ և որը նրանցից մեկն էր, ասաց նրանց.
51 «Մի՞թե մեր օրենքը դատում է մի մարդու՝ առանց նախապես նրան լսելու+ և իմանալու, թե նա ինչ է արել»։
52 Նրանք էլ ասացին նրան. «Ի՞նչ է, դո՞ւ էլ ես Գալիլեայից։ Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից ոչ մի մարգարե+ դուրս չի գալու»։*
* אBSys ձեռագրերում բացակայում են 53-րդ համարից մինչև 8-րդ գլխի 11-րդ համարները, որոնցում (հունարեն տարբեր տեքստերում և թարգմանություններում որոշ տարբերություններով) գրված է հետևյալը.
53 Եվ ամեն մեկն իր տուն գնաց։
Ծանոթագրություններ
^ Ամենայն հավանականությամբ վերաբ. է հրեա կրոնական առաջնորդներին։