Ղուկաս 18։1-43

18  Հետո նա մի առակ պատմեց նրանց այն մասին, թե ինչու պետք է միշտ աղոթք անեն և չհանձնվեն+.  «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանց չէր հարգում։  Այդ քաղաքում մի այրի կին էլ կար, որը շարունակ նրա մոտ էր գնում+ ու ասում. «Արդար դատ տես իմ և իմ հակառակորդի միջև»։  Մի որոշ ժամանակ դատավորը չէր ուզում նրա խնդրանքը կատարել, բայց հետո ինքն իրեն ասաց. «Թեպետ չեմ վախենում Աստծուց և մարդկանց չեմ հարգում,  բայց քանի որ այս այրին շարունակ անհանգստացնում է ինձ+, արդար դատ տեսնեմ նրա համար, որպեսզի անընդհատ չգա ու հոգիս չհանի»»+։  Եվ Տերն ասաց. «Լսեցի՞ք, թե անարդար դատավորն ինչ ասաց։  Ուրեմն մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարադատություն+ ի գործ դրվի իր ընտրյալների համար, որոնք օր ու գիշեր աղաղակում են նրան, չնայած որ նա համբերատար+ է նրանց նկատմամբ։  Ասում եմ ձեզ. նա այնպես կանի, որ իսկույն արդարադատություն ի գործ դրվի նրանց համար+։ Այնուհանդերձ, երբ մարդու Որդին գա, արդյոք այսպիսի հավատ կգտնի՞ երկրի վրա»։  Իսկ նրանց, ովքեր վստահ էին, թե արդար են+, և ովքեր ուրիշներին ոչինչ էին համարում+, այս առակը պատմեց. 10  «Երկու մարդ գնացին տաճար՝ աղոթք անելու. մեկը փարիսեցի էր, մյուսը՝ հարկահավաք։ 11  Փարիսեցին կանգնեց+ ու սկսեց իր մտքում աղոթել+. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես+։ 12  Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ձեռք եմ բերում»+։ 13  Բայց հարկահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում+՝ ասելով. «Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ»+։ 14  Ասում եմ ձեզ. այս մարդը իր տուն գնաց ավելի արդարացված+, քան մյուսը, որովհետև ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»+։ 15  Մարդիկ Հիսուսի մոտ մանուկներ բերեցին, որպեսզի նա դիպչի նրանց, բայց դա տեսնելով՝ աշակերտները սաստեցին բերողներին+։ 16  Սակայն Հիսուսը պատվիրեց, որ մանուկներին բերեն իր մոտ ու ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը+։ 17  Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ»+։ 18  Մի իշխան հարցրեց նրան. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»+։ 19  Հիսուսն էլ ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված+։ 20  Դու գիտես պատվիրանները+՝ «շնություն մի՛ գործիր+, մի՛ սպանիր+, մի՛ գողացիր+, սուտ վկայություն մի՛ տուր+, պատվի՛ր քո հորը և մորը»»+։ 21  Նա էլ ասաց. «Այդ ամենը ես մանկությունից պահել եմ»+։ 22  Լսելով դա՝ Հիսուսն ասաց նրան. «Դեռ մի բան կա, որ պիտի անես. վաճառիր ողջ ունեցվածքդ ու աղքատներին բաժանիր և գանձ կունենաս երկնքում, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»+։ 23  Սա լսելով՝ նա խորապես տրտմեց, որովհետև շատ հարուստ էր+։ 24  Հիսուսը նայեց նրան ու ասաց. «Որքա՜ն դժվար կլինի փող ունեցողների համար Աստծու թագավորություն մտնել+։ 25  Իրականում ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»+։ 26  Ովքեր լսեցին սա, ասացին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»։ 27  Նա էլ ասաց. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է»+։ 28  Իսկ Պետրոսն ասաց. «Ահա մենք ամեն բան թողել և քեզ ենք հետևել»+։ 29  Նա էլ ասաց նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տուն, կին, եղբայրներ, ծնողներ կամ զավակներ Աստծու թագավորության համար+, 30  որ այս ժամանակում ինչ-​որ ձևով չստանա բազմապատիկը և գալիք աշխարհում*՝ հավիտենական կյանքը»+։ 31  Հետո նա մի կողմ տարավ տասներկու առաքյալներին ու ասաց. «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդու մասին մարգարեների գրած բոլոր բաները+ պիտի կատարվեն+։ 32  Նա պիտի մատնվի ուրիշ ազգերի մարդկանց ձեռքը, և նրան կծաղրեն+, կանարգեն+ ու կթքեն+ նրա վրա. 33  և խարազանելուց+ հետո կսպանեն+, բայց երրորդ օրը նա հարություն կառնի»+։ 34  Սակայն նրանք այս ամենից և ոչ մի բան չէին հասկանում, որովհետև այս խոսքերի իմաստը ծածկված էր նրանցից, և նրանք չգիտեին, թե ինչի մասին է նա խոսում+։ 35  Հիսուսը մոտենում էր Երիքովին։ Ճանապարհի եզրին մի կույր մուրացկան էր նստած+։ 36  Լսելով, որ մարդկանց բազմություն է անցնում՝ նա հարցրեց, թե ինչ է կատարվում։ 37  Նրան ասացին. «Հիսուս նազովրեցին է անցնում»+։ 38  Նա էլ աղաղակեց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»+։ 39  Առջևից գնացողները խստորեն պատվիրեցին նրան, որ լուռ մնա, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»+։ 40  Հիսուսն էլ կանգնեց ու պատվիրեց, որ այդ մարդուն իր մոտ բերեն+։ Երբ նա մոտեցավ, Հիսուսը հարցրեց նրան. 41  «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»+։ Նա ասաց. «Տե՛ր, այնպես արա, որ աչքերս նորից տեսնեն»+։ 42  Եվ Հիսուսն ասաց նրան. «Թող տեսնեն։ Քո հավատը բուժեց քեզ»+։ 43  Նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց+, և նա գնաց Հիսուսի հետևից՝ փառաբանելով Աստծուն+։ Ամբողջ ժողովուրդը, դա տեսնելով, գովաբանում էր Աստծուն։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։