Մատթեոս 24։1-51
24 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան նրան, որպեսզի ցույց տան տաճարի շինությունները+։
2 Նա ասաց նրանց. «Տեսնո՞ւմ եք այս ամենը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. քարը քարի վրա չի մնա այստեղ, բոլորն էլ կքանդվեն»+։
3 Երբ նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտները առանձին նրա մոտ եկան ու հարցրին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության+ և աշխարհի* վախճանի նշանը»+։
4 Հիսուսն էլ ասաց նրանց. «Զգույշ եղեք, որ ոչ մեկը չմոլորեցնի ձեզ+,
5 որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն՝ «ես եմ Քրիստոսը» և շատերին կմոլորեցնեն+։
6 Պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր կլսեք. տեսեք, որ չսարսափեք, որովհետև այս բաները պետք է լինեն, բայց դեռ վերջը չէ+։
7 Ազգ ազգի դեմ+ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ+, և տեղ-տեղ սովեր+ ու երկրաշարժեր+ կլինեն։
8 Սակայն այս ամենը ցավերի սկիզբն է։
9 Այդ ժամանակ ձեզ նեղության կմատնեն+ ու կսպանեն+, և իմ անվան պատճառով+ բոլոր ազգերի կողմից ատված կլինեք+։
10 Շատերը կգայթակղվեն+, իրար կմատնեն ու իրար կատեն+։
11 Բազում սուտ մարգարեներ+ կհայտնվեն ու շատերին կմոլորեցնեն+,
12 և անօրենության+ շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի+։
13 Բայց ով որ մինչև վերջ համբերի*+, նա՛ կփրկվի+։
14 Թագավորության+ այս բարի լուրը+ կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին+ վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը+։
15 Ուստի երբ տեսնեք ամայացում բերող պղծությունը+ (որի մասին Դանիել մարգարեն խոսեց)՝ կանգնած սուրբ վայրում+ (կարդացողը թող խորաթափանց լինի),
16 այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն+։
17 Ով տանիքի վրա է, թող ցած չիջնի՝ տնից որևէ բան վերցնելու,
18 և ով դաշտում է, թող հետ չդառնա տուն՝ իր վերնահագուստը վերցնելու։
19 Վա՜յ այդ օրերին հղի կանանց և կուրծք տվողներին+։
20 Աղոթեք, որ ձեր փախուստը ձմռանը կամ շաբաթ օրը չլինի,
21 որովհետև այդ ժամանակ մեծ նեղություն+ է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա+ և ոչ էլ երբևէ կլինի։
22 Իրականում, եթե այդ օրերը չկարճացվեն, ոչ մի մարմին չի փրկվի։ Բայց հանուն ընտրյալների+ այդ օրերը կկարճացվեն+։
23 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է»+ կամ «այնտեղ է», մի՛ հավատացեք+,
24 որովհետև սուտ քրիստոսներ+ և սուտ մարգարեներ+ կհայտնվեն և մեծ նշաններ+ ու հրաշքներ կանեն, որպեսզի, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին մոլորեցնեն+։
25 Ես նախապես զգուշացնում եմ ձեզ+։
26 Եթե ձեզ ասեն՝ «նա անապատում է», դուրս մի՛ գնացեք, կամ՝ «ներսի սենյակներում է», մի՛ հավատացեք+,
27 որովհետև ինչպես որ կայծակն+ է դուրս գալիս արևելքից և փայլատակում մինչև արևմուտք, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայությունը+։
28 Ուր որ դիակը լինի, այնտեղ էլ կհավաքվեն+ արծիվները+։
29 Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արևը կխավարի+, լուսինը+ իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի զորությունները կշարժվեն+։
30 Այդ ժամանակ մարդու Որդու+ նշանը կերևա երկնքում, և երկրի բոլոր ցեղերը կողբան և կուրծք կծեծեն+ ու մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս+։
31 Նա կուղարկի իր հրեշտակներին փողի մեծ ձայնով+, և նրանք կհավաքեն նրա ընտրյալներին+ չորս կողմերից+՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը։
32 Թզենին թող օրինակ լինի ձեզ. հենց որ դրա ճյուղերը փափկում են, և դրանց վրա տերևներ են դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է+։
33 Նմանապես, երբ տեսնեք այս բոլոր բաները, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին+։
34 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը+ չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն։
35 Երկինքն ու երկիրը կանցնեն+, բայց իմ խոսքերը չեն անցնի+։
36 Այդ օրվա և ժամի+ մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը+։
37 Ինչպես որ Նոյի օրերում էր+, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ+։
38 Ինչպես որ այն օրերում ՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը+ տապանը մտավ+,
39 և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին+, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ։
40 Այդ ժամանակ եթե երկու հոգի դաշտում լինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։
41 Եթե երկու կին երկանքով+ աղալիս լինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի+։
42 Ուրեմն արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու+։
43 Բայց մի բան իմացեք. եթե տանտերը իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու+, արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն։
44 Դրա համար դուք էլ պատրաստ եղեք+, որովհետև այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա։
45 Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն* ծառան+, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին+։
46 Երջանիկ է+ այն ծառան, որին, երբ նրա տերը գա, այդպես անելիս կգտնի։
47 Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքի վրա կնշանակի նրան+։
48 Բայց եթե հանկարծ այդ չար ծառան իր սրտում+ ասի՝ «իմ տերը ուշանում է»+,
49 ու սկսի ծեծել իր ծառայակիցներին և ուտի ու խմի հարբեցողների հետ,
50 այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասում, և այն ժամին+, որ նա չգիտի,
51 և խստությամբ կպատժի+ նրան ու նրա բաժինը կդնի կեղծավորների հետ։ Այնտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները»+։