Մատթեոս 25։1-46
25 «Երկնքի թագավորությունը նման է տասը կույսերի, որոնք վերցրին իրենց ճրագները+ և դուրս եկան փեսային+ դիմավորելու։
2 Նրանցից հինգը հիմար էին+, իսկ հինգը՝ խոհեմ+։
3 Հիմարները վերցրին իրենց ճրագները, բայց իրենց հետ ձեթ չվերցրին,
4 մինչդեռ խոհեմները սրվակներով ձեթ վերցրին իրենց ճրագների հետ։
5 Քանի որ փեսան ուշանում էր, բոլորը սկսեցին նիրհել և քուն մտան+։
6 Ուղիղ կեսգիշերին աղաղակ լսվեց+. «Ահա՛ փեսան։ Դո՛ւրս եկեք դիմավորելու նրան»։
7 Բոլոր կույսերը վեր կացան ու պատրաստեցին իրենց ճրագները+։
8 Հիմարներն ասացին խոհեմներին. «Ձեր ձեթից+ մի քիչ տվեք մեզ, որովհետև մեր ճրագները հանգչելու վրա են»։
9 Խոհեմներն+ էլ ասացին. «Գուցե չբավականացնի թե՛ մեզ և թե՛ ձեզ։ Գնացեք վաճառողների մոտ ու ձեզ համար գնեք»։
10 Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ հարսանեկան խնջույքին+ մտան, և դուռը փակվեց։
11 Ապա մյուս կույսերը եկան և ասացին. «Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա»+։
12 Նա էլ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում»+։
13 Ուստի արթո՛ւն եղեք+, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը+։
14 Թագավորությունը նաև կարելի է նմանեցնել մի մարդու+, որը երբ պատրաստվում էր գնալ օտար երկիր+, հավաքեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց+։
15 Մեկին հինգ տաղանդ* տվեց, մյուսին՝ երկու, մյուսին էլ մեկ տաղանդ՝ յուրաքանչյուրին իր կարողության համեմատ+, և գնաց օտար երկիր։
16 Հինգ տաղանդ ստացողը իսկույն գնաց, գործի մեջ դրեց դրանք և հինգ տաղանդ ևս շահեց+։
17 Նույն ձևով էլ երկու տաղանդ ստացողը. նա ևս երկուսը շահեց։
18 Իսկ նա, ով միայն մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց և իր տիրոջ արծաթե դրամը թաքցրեց։
19 Երկար ժամանակ անց+ այդ ծառաների տերը եկավ և սկսեց նրանցից հաշիվ պահանջել+։
20 Հինգ տաղանդ ստացողը մոտ գալով՝ հինգ տաղանդ ևս տվեց ու ասաց. «Տե՛ր, դու ինձ հինգ տաղանդ տվեցիր, ահա ես հինգ տաղանդ ևս շահեցի»+։
21 Տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա+։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ+ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ+։ Մասնակից եղիր քո տիրոջ ուրախությանը»+։
22 Ապա մոտեցավ երկու տաղանդ ստացողը ու ասաց. «Տե՛ր, դու ինձ երկու տաղանդ տվեցիր, ահա ես երկու տաղանդ ևս շահեցի»+։
23 Տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ+։ Մասնակից եղիր քո տիրոջ ուրախությանը»+։
24 Վերջապես մեկ տաղանդ ստացողը մոտեցավ+ ու ասաց. «Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես քամհարել*։
25 Ուստի ես վախեցա+ ու գնացի և քո տաղանդը թաքցրի հողի մեջ։ Ահա քոնը քեզ»։
26 Տերն էլ ասաց. «Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, չէ՞ որ գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ քամհարել։
27 Ուրեմն պետք է որ իմ արծաթե դրամները վաշխառուներին տված լինեիր, որ երբ ես գայի, իմը տոկոսով հետ ստանայի»+։
28 Ապա ասաց իր ծառաներին. «Վերցրե՛ք նրանից այդ տաղանդը և տվեք տասը տաղանդ ունեցողին+։
29 Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով չունի, նրա ունեցածն էլ կվերցվի նրանից+։
30 Այդ անպիտան ծառային դրսի խավարը նետեք։ Այնտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները»+։
31 Երբ մարդու Որդին+ գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները+, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին+։
32 Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ+, և նա մարդկանց կզատի+ իրարից+, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից։
33 Ոչխարներին կդնի իր աջ+ կողմը, իսկ այծերին՝ իր ձախ+ կողմը։
34 Այդ ժամանակ թագավորը կասի իր աջ կողմում եղողներին. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր կողմից օրհնվածներ+, և ժառանգե՛ք+ աշխարհը հիմնվելուց ի վեր+ ձեզ համար պատրաստված թագավորությունը+,
35 որովհետև ես սոված էի, և ինձ ուտելու բան տվեցիք+, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ հյուրասիրությամբ ընդունեցիք+,
36 մերկ էի+, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի+, և ինձ այցելեցիք»։
37 Այդ ժամանակ արդարները կասեն նրան. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված և կերակրեցինք, կամ ծարավ+ և խմելու բան տվեցինք+։
38 Ե՞րբ տեսանք քեզ օտար և հյուրասիրությամբ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։
39 Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտում և այցելեցինք»։
40 Եվ թագավորը+ կպատասխանի նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. քանի որ իմ այս եղբայրների+ միջից փոքրագույններից մեկին արեցիք+, ի՛նձ արեցիք»+։
41 Իսկ իր ձախ կողմում եղողներին նա այդ ժամանակ կասի. «Հեռացե՛ք ինձանից+, ո՛վ անիծվածներ, գնացե՛ք հավիտենական կրակի+ մեջ, որ պատրաստված է Բանսարկուի և նրա հրեշտակների+ համար,
42 որովհետև ես սոված էի, բայց ինձ ուտելու ոչինչ չտվեցիք+, ծարավ էի+, բայց ինձ խմելու ոչինչ չտվեցիք,
43 օտար էի, բայց ինձ հյուրասիրությամբ չընդունեցիք, մերկ էի, բայց ինձ չհագցրիք+, հիվանդ էի և բանտում էի+, բայց ինձ չխնամեցիք»։
44 Այդ ժամանակ նրանք կասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված կամ ծարավ, օտար կամ մերկ, հիվանդ կամ բանտում և չծառայեցինք քեզ»։
45 Նա էլ կպատասխանի նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. քանի որ այս փոքրագույններից մեկին չարեցիք+, ի՛նձ+ չարեցիք»+։
46 Եվ սրանք կգնան դեպի հավիտենական մահ+, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»+։
Ծանոթագրություններ
^ Սա դրամ. միավոր է։ Հուն. մեկ տաղանդը կշռ. էր 20,4 կգ։ Տե՛ս հավելված 17։
^ Հմմտ. 3։12-ի ծնթ։