Մատթեոս 6։1-34
6 «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր արդարությունը+ մարդկանց առաջ ցույց չտաք նրանց կողմից նկատվելու համար, այլապես վարձատրություն չեք ստանա ձեր Հորից, որ երկնքում է։
2 Ուստի երբ ողորմության նվերներ ես տալիս+, քո առջևից փող մի՛ հնչեցրու+, ինչպես որ կեղծավորներն են անում ժողովարաններում և փողոցներում, որպեսզի մարդկանց կողմից փառավորվեն։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ արդեն ստացել են։
3 Բայց դու, երբ ողորմության նվերներ ես տալիս, թույլ մի՛ տուր, որ քո ձախ ձեռքը իմանա, թե ինչ է անում աջը,
4 որպեսզի քո տված նվերները ծածուկ մնան։ Այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ+։
5 Նաև երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների* անկյուններում կանգնած+ աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն+։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ արդեն ստացել են։
6 Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը+, փակիր դուռը և աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է+, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ։
7 Եվ երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր+, ինչպես որ այլազգի մարդիկ են անում, քանի որ նրանց թվում է, թե իրենց շատ խոսքերի պատճառով պիտի լսվեն։
8 Ուրեմն մի՛ նմանվեք նրանց, որովհետև Աստված՝ ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք+։
9 Ուստի այսպես աղոթեք+.
«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի+ քո անունը+։
10 Թող գա քո թագավորությունը+։ Թող կատարվի քո կամքը+ ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա+։
11 Տուր մեզ այսօր մեր օրվա հացը+
12 և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին+։
13 Եվ մի՛ տար մեզ փորձության+, այլ ազատիր Չարից»+։
14 Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների+,
15 բայց եթե չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների+։
16 Երբ ծոմ եք պահում+, մի՛ եղեք տրտմերես, ինչպես կեղծավորները, որովհետև նրանք այլակերպում են իրենց դեմքը, որպեսզի մարդիկ տեսնեն, թե իրենք ծոմ են պահում+։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ արդեն ստացել են։
17 Բայց դու, երբ ծոմ ես պահում, օծիր գլուխդ և լվա երեսդ+,
18 որպեսզի ոչ թե մարդիկ տեսնեն, որ ծոմ ես պահում, այլ քո Հայրը, որ ծածուկ տեղում է+։ Եվ այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ։
19 Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք+ երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են և որտեղ գողերը ներխուժում ու գողանում են։
20 Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում+, որտեղ ո՛չ ցեցն ու ժանգն են ոչնչացնում+ և ո՛չ էլ գողերն են ներխուժում ու գողանում։
21 Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի։
22 Մարմնի ճրագը աչքն է+։ Ուստի եթե աչքդ պարզ է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի,
23 բայց եթե աչքդ չար է+, ամբողջ մարմինդ խավար կլինի։ Եվ եթե քո մեջ եղող լույսը իրականում խավար է, ուրեմն որքա՜ն մեծ է այդ խավարը+։
24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի+, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը+։
25 Այդ պատճառով էլ ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք+ ձեր հոգիների համար, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, կամ ձեր մարմինների համար, թե ինչ պիտի հագնեք+։ Չէ՞ որ հոգին ուտելիքից ավելին է, և մարմինը՝ հագուստից+։
26 Ուշադիր նայեք երկնքի թռչուններին+, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք+։
27 Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով* երկարացնել+։
28 Կամ ինչո՞ւ եք մտահոգվում հագուստի համար։ Սովորեք դաշտի շուշաններից+, թե ինչպես են նրանք աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում։
29 Բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը+ իր ողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց։
30 Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ+։
31 Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք+՝ ասելով, թե՝ «ի՞նչ պիտի ուտենք», «ի՞նչ պիտի խմենք» կամ «ի՞նչ պիտի հագնենք»,
32 որովհետև ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ+։
33 Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը+ փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ+։
34 Հետևաբար, երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին+, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը»։