Մատթեոս 7։1-29
7 «Մի՛ դատեք*+, որ չդատվեք,
2 որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք+, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն+։
3 Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում+։
4 Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», երբ քո աչքում գերան կա+։
5 Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել։
6 Սուրբ բաները շներին մի՛ տվեք+ և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որ չլինի թե դրանք տրորեն+ ոտքերի տակ և ապա հետ դառնան ու ձեզ պատառոտեն։
7 Շարունակեք խնդրել+, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել+, և կբացվի ձեր առջև,
8 որովհետև ով խնդրում է, կստանա+, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի։
9 Ձեզանից ո՞վ իր որդուն+ քար կտա, եթե նա հաց խնդրի։
10 Կամ մի՞թե օձ կտա նրան, եթե ձուկ խնդրի։
11 Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ+, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ+ կտա իրենից խնդրողներին։
12 Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն+, նույնը դուք արեք նրանց, որովհետև հենց սրանում են ամփոփվում Օրենքն ու Մարգարեները*+։
13 Նեղ դռնով ներս մտեք+, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են դրանով գնացողները,
14 մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները+։
15 Զգուշացեք սուտ մարգարեներից+, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով+, բայց ներսից գիշատիչ գայլեր են+։
16 Իրենց պտուղներից կճանաչեք+ նրանց։ Մի՞թե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ+։
17 Նմանապես, ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս+։
18 Լավ ծառը չի կարող անպետք պտուղ տալ, ոչ էլ փտած ծառը կարող է լավ պտուղ տալ։
19 Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակի մեջ է գցվում+։
20 Ուստի իրենց պտուղներից կճանաչեք նրանց+։
21 Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է+ իմ Հոր կամքը, որ երկնքում է+։
22 Շատերը կասեն ինձ այն օրը. «Տե՛ր, Տե՛ր+, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ զորավոր գործեր արեցինք»+։
23 Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել+։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ»+։
24 Ուստի նա, ով լսում է իմ այս խոսքերը և կատարում է, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց+։
25 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և ուժգին հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ վեմի վրա էր հիմնված։
26 Իսկ նա, ով լսում է իմ այս խոսքերը և չի կատարում+, նման է մի անմիտ մարդու+, որն իր տունը ավազի վրա կառուցեց։
27 Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և հարվածեցին այդ տանը+, և այն փուլ եկավ, ու նրա փլուզումը մեծ էր»+։
28 Երբ Հիսուսը վերջացրեց այս խոսքերը, ժողովուրդը ապշած+ էր նրա սովորեցնելու կերպի վրա,
29 որովհետև հեղինակությամբ էր սովորեցնում+ և ոչ թե իրենց դպիրների նման։