1 Թագավորներ 10։1-29
10 Սաբայի+ թագուհին լսեց Սողոմոնի համբավի մասին, որը նա ձեռք էր բերել Եհովայի անվան շնորհիվ+, և եկավ, որ դժվար հարցերով* փորձի նրան+։
2 Թագուհին Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով+, նաև բալասանի յուղով+, մեծ քանակությամբ ոսկով ու թանկարժեք քարերով բեռնավորված ուղտերով+։ Գալով Սողոմոնի մոտ՝ նա սկսեց խոսել նրա հետ այն ամենի մասին, ինչ կար իր սրտում+։
3 Սողոմոնն էլ պատասխանում էր թագուհու բոլոր հարցերին+։ Չկար մի հարց, որին թագավորը չկարողանար պատասխանել+։
4 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ամբողջ իմաստությունը+, նրա կառուցած տունը+,
5 նրա սեղանի վրա դրված կերակուրները+, նրա ծառաների նստելը, սպասավորների սեղան սպասարկելն ու նրանց հագուկապը, նրա ունեցած խմիչքները+ և այն ողջակեզները, որ Սողոմոնը մատուցում էր Եհովայի տանը, նրա մեջ շունչ չմնաց+։
6 Ուստի ասաց թագավորին. «Ինչ որ լսել էի իմ երկրում քո գործերի և քո իմաստության մասին, ամեն բան ճիշտ է+։
7 Ես չէի հավատում այդ խոսքերին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքերով չտեսա։ Եվ ահա կեսն էլ ինձ չեն պատմել+։ Իմաստությամբ ու բարեկեցությամբ դու գերազանցեցիր այն ամենը, ինչ որ քո մասին լսել էի+։
8 Ի՜նչ երջանիկ են քո մարդիկ+, և ի՜նչ երջանիկ+ են քո ծառաները, որ միշտ կանգնում են քո առաջ ու քո իմաստությունն են լսում+։
9 Թող օրհնյալ լինի քո Աստված Եհովան+, որ հավանել է+ քեզ և Իսրայելի գահի վրա է դրել+։ Քանի որ Եհովան հավիտյան սիրում է Իսրայելին+, այդ պատճառով էլ քեզ թագավոր+ է նշանակել, որպեսզի արդարությամբ+ դատես»+։
10 Ապա նա թագավորին նվիրեց+ հարյուր քսան տաղանդ ոսկի+, խիստ շատ բալասանի յուղ+ և թանկարժեք քարեր։ Դրանից հետո այլևս այդքան շատ բալասանի յուղ չբերեցին, որքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն թագավորին։
11 Քիրամի նավերը+, որոնք Օֆիրից+ ոսկի էին բերում, Օֆիրից նաև մեծ քանակությամբ սանտալի*+ գերաններ ու թանկարժեք քարեր+ բերեցին։
12 Եվ թագավորը Եհովայի տան ու թագավորի տան համար սանտալի գերաններից հենարաններ սարքեց+, իսկ երգիչների համար՝ քնարներ+ ու տավիղներ+։ Այդ քանակությամբ սանտալի գերաններ այլևս չբերեցին, և ոչ էլ տեսան մինչև այսօր։
13 Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա ցանկացավ ու խնդրեց՝ չհաշված այն բաները, որ Սողոմոն թագավորն իր առատաձեռնությամբ+ տվեց նրան։ Դրանից հետո թագուհին իր ծառաների հետ վերադարձավ իր երկիրը+։
14 Ամբողջ ոսկին+, որ Սողոմոնը տարեկան ստանում էր, կշռում էր վեց հարյուր վաթսունվեց տաղանդ*+,
15 բացի այն եկամուտից, որ գալիս էր շրջիկ առևտրականներից, վաճառականներից, Արաբիայի+ բոլոր թագավորներից+ և այդ երկրի կառավարիչներից։
16 Սողոմոն թագավորը ոսկու համաձուլվածքից երկու հարյուր մեծ վահան պատրաստեց+ (յուրաքանչյուր վահանի համար վեց հարյուր սիկղ* ոսկի ծախսվեց+)
17 և երեք հարյուր ասպար (յուրաքանչյուր ասպարի համար երեք մնաս* ոսկի ծախսվեց)+։ Ապա թագավորը դրանք տեղադրեց Լիբանանի անտառ կոչվող տանը+։
18 Դրանցից բացի, թագավորը փղոսկրե+ մի մեծ գահ+ պատրաստեց ու այն զտված ոսկով պատեց+։
19 Դեպի գահը տանող վեց աստիճաններ կային, և գահն իր հետևում շրջանաձև ամպհովանի ուներ։ Նստատեղի երկու կողմերում արմնկակալներ+ կային, որոնց կողքերին երկու առյուծներ+ էին կանգնած։
20 Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առյուծներ կային։ Ոչ մի թագավորության մեջ նման գահ երբևէ չէր պատրաստվել+։
21 Սողոմոն թագավորի խմելիքի բոլոր անոթները ոսկուց էին, մաքուր ոսկուց+ էին նաև Լիբանանի անտառի տան+ բոլոր անոթները։ Արծաթից ոչինչ չկար, քանի որ Սողոմոնի օրերում արծաթը ոչ մի արժեք չուներ։
22 Ծովում թագավորը Քիրամի նավերի հետ նաև Թարսիսի+ նավեր ուներ։ Երեք տարին մեկ անգամ գալիս էին Թարսիսի նավերը և իրենց հետ բերում էին ոսկի+, արծաթ, փղոսկր+, կապիկներ ու սիրամարգեր։
23 Սողոմոն թագավորն իր հարստությամբ+ ու իմաստությամբ+ գերազանցում էր աշխարհի բոլոր թագավորներին։
24 Երկրի բոլոր մարդիկ փափագում էին տեսնել Սողոմոնի երեսը, որպեսզի լսեն նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում+։
25 Նրանցից ամեն մեկը բերում էր իր նվերը+՝ արծաթյա+ և ոսկյա իրեր, հանդերձներ, զենքեր+, բալասանի յուղ, ձիեր, ջորիներ+. և այդպես ամեն տարի+։
26 Սողոմոնը ավելի ու ավելի շատ կառքեր ու նժույգներ* հավաքեց. նա ունեցավ հազար չորս հարյուր կառք ու տասներկու հազար նժույգ+, որոնց պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում և իր մոտ՝ Երուսաղեմում+։
27 Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց+, իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի* ժանտաթզենիների պես առատ+։
28 Սողոմոնի համար ձիերը Եգիպտոսից էին բերում, և թագավորի վաճառականները ձիերի ամբողջ երամակի համար մի որոշված գին էին վճարում+։
29 Կառքերն էլ էին ձեռք բերում Եգիպտոսից՝ մեկ կառքը վեց հարյուր կտոր արծաթով, իսկ մեկ ձին՝ հարյուր հիսուն կտոր արծաթով։ Թագավորի վաճառականները դրանք բերում էին նաև քետացիների+ ու Ասորիքի բոլոր թագավորների համար։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «հանելուկներով»։
^ Եբր.՝ ալմուգգիմ՝ ծառի տեսակ։
^ Մոտ 23 տ։
^ Տե՛ս հավելված 17։
^ Տե՛ս հավելված 17։
^ LXX-ում՝ «ձիավորներ»։
^ Կամ՝ «դաշտավայրի»։