2 Թագավորներ 13։1-25
13 Հուդայի թագավոր Օքոզիայի+ որդի Հովասի+ թագավորության քսաներեքերորդ տարում Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հեուի+ որդի Հովաքազը+ և թագավորեց տասնյոթ տարի։
2 Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և հետևեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքին+, որով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+, ու հետ չկանգնեց դրանից։
3 Եհովայի բարկությունը+ բորբոքվեց Իսրայելի դեմ, և նա նրանց շարունակ Ասորիքի Ազայել+ թագավորի ու Ազայելի որդի Բենադադի+ ձեռքն էր մատնում։
4 Ժամանակի ընթացքում Հովաքազը Եհովայի հավանությունը փնտրեց*+, և Եհովան լսեց+ նրան, քանի որ տեսավ Իսրայելի նեղությունը+, տեսավ, թե ինչպես էր Ասորիքի թագավորը նեղում նրանց+։
5 Ուստի Եհովան Իսրայելին մի փրկիչ տվեց+, և նրանք դուրս եկան Ասորիքի ձեռքի տակից։ Իսրայելի որդիները առաջվա պես շարունակեցին ապրել իրենց տներում+։
6 (Սակայն նրանք չհեռացան Հերոբովամի տան մեղքից, որով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+, և այդ մեղքի մեջ քայլեցին+. Սամարիայում նաև սուրբ ձողն+ էր կանգնեցված)։
7 Հովաքազի համար զորք չմնաց, մնացին միայն հիսուն ձիավոր, տասը կառք, տասը հազար հետևակ+, քանի որ Ասորիքի թագավորը կոտորել էր նրանց+ և կալի+ փոշու պես էր դարձրել։
8 Հովաքազի մնացած գործերի, նրա բոլոր արածների և զորության մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։
9 Ի վերջո, Հովաքազը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովասը+։
10 Հովաքազի որդի Հովասը+ Սամարիայում Իսրայելի վրա սկսեց թագավորել Հուդայի Հովաս թագավորի երեսունյոթերորդ տարում և թագավորեց տասնվեց տարի։
11 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքին+, և չհեռացավ Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից, որոնցով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+, այլ այդ մեղքերի մեջ քայլեց։
12 Հովասի մնացած գործերի մասին, նրա բոլոր արածների, զորության և այն մասին, թե ինչպես կռվեց+ Հուդայի Ամասիա թագավորի դեմ, գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։
13 Ի վերջո, Հովասը ննջեց իր նախահայրերի հետ, իսկ նրա գահին նստեց Հերոբովամը*+։ Հովասին թաղեցին Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ+։
14 Երբ Եղիսեն+ մահացու հիվանդությամբ հիվանդ էր+, Իսրայելի Հովաս թագավորը նրա մոտ գնաց, նրա վրա լաց եղավ ու ասաց. «Հա՛յր իմ+, հա՛յր իմ, Իսրայելի մարտակառքն ու նրա ձիավորները»+։
15 Եղիսեն ասաց նրան. «Աղեղ ու նետեր վերցրու»։ Եվ նա վերցրեց աղեղն ու նետերը։
16 Ապա Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ձե՛ռքդ վերցրու աղեղը»։ Երբ նա ձեռքը վերցրեց աղեղը, Եղիսեն իր ձեռքերը թագավորի ձեռքերի+ վրա դրեց
17 ու ասաց. «Բա՛ց արա արևելյան կողմի պատուհանը»։ Եվ նա բացեց։ Եղիսեն ասաց՝ արձակի՛ր։ Նա էլ նետը արձակեց։ Ապա Եղիսեն ասաց. «Եհովայի փրկության նե՛տը, Ասորիքի դեմ ուղղված փրկության նե՛տը+։ Ափեկում+ դու վերջնականապես կկործանես ասորիներին»։
18 Հետո նա ասաց. «Վերցրո՛ւ նետերը»։ Եվ նա վերցրեց։ Ապա Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Գետնի՛ն հարվածիր»։ Եվ նա երեք անգամ հարվածեց ու կանգնեց+։
19 Ճշմարիտ Աստծու+ մարդը բարկացավ նրա վրա ու ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է հարվածեիր։ Այդ ժամանակ Ասորիքին վերջնականապես կկործանեիր, բայց հիմա Ասորիքին միայն երեք անգամ կհարվածես»+։
20 Դրանից հետո Եղիսեն մահացավ, և նրան թաղեցին+։ Ամեն տարվա սկզբին մովաբացիների+ հրոսակախմբերը+ արշավում էին երկրի վրա։
21 Մի անգամ, երբ մարդ էին թաղում, մի հրոսակախմբի տեսան և այդ մարդուն Եղիսեի գերեզմանի մեջ գցեցին ու փախան։ Երբ այդ մարդու մարմինը Եղիսեի ոսկորներին դիպավ, նա կենդանացավ+ ու իր ոտքերի վրա կանգնեց+։
22 Ասորիքի Ազայել+ թագավորը Հովաքազի բոլոր օրերում նեղում էր Իսրայելին+։
23 Սակայն Եհովան նրանց հանդեպ բարեհաճ+ ու ողորմած+ եղավ և նրանց կողմը շրջվեց հանուն Աբրահամի+, Իսահակի+ ու Հակոբի+ հետ հաստատած ուխտի+։ Նա չկործանեց նրանց+ ու չձգեց իր երեսից մինչև հիմա։
24 Ի վերջո, Ասորիքի Ազայել թագավորը մեռավ, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Բենադադը։
25 Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից հետ վերցրեց այն քաղաքները, որոնք նա պատերազմում խլել էր իր հայր Հովաքազից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և Իսրայելի քաղաքները հետ վերցրեց+։