2 Կորնթացիներ 8։1-24
8 Այժմ, եղբայրնե՛ր, ուզում ենք, որ դուք իմանաք Աստծու անզուգական բարության մասին, որը տրվեց Մակեդոնիայի ժողովներին+.
2 այն, որ մեծ փորձության ժամանակ նեղությունների ներքո նրանք մեծ ուրախություն և առատաձեռնություն+ դրսևորեցին՝ չնայած ծայրաստիճան աղքատությանը։
3 Նրանք դա արեցին իրենց կարողության չափով+, այո՛, վկայում եմ, որ նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելին արեցին.
4 իրե՛նք խնդրեցին մեզ բազում աղաչանքներով, որ պատիվ ունենան նվերներ տալու սրբերին և այդպիսով մյուսների հետ միասին ծառայեն նրանց+։
5 Եվ նրանք մեր ակնկալածից ավելին արեցին. նախևառաջ իրենց անձերը տվեցին Տիրոջը+ և մեզ՝ Աստծու կամքով։
6 Ահա թե ինչու մենք քաջալերեցինք Տիտոսին+, որ նվերներ հավաքելու գործը, որը նա սկսեց ձեր մեջ, ավարտին հասցնի։
7 Ուրեմն ինչպես որ հարուստ եք ամեն ինչով+՝ հավատով, խոսքը հռչակելու կարողությամբ, գիտելիքներով+, եռանդով և այն սիրով, որ մենք տածում ենք ձեր հանդեպ, այդպես էլ նվերներ տալու մեջ հարստացեք։
8 Հրամայելով չեմ ասում ձեզ+, այլ տեսնելով ուրիշների եռանդը՝ ուզում եմ ստուգել ձեր սիրո անկեղծությունը։
9 Դուք գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարության մասին, որ լինելով հարուստ՝ հանուն ձեզ նա աղքատացավ+, որպեսզի նրա աղքատությամբ դուք հարստանաք+։
10 Այս հարցում իմ կարծիքը սա է+. այս գործն անելը ձեր օգտի համար է+, քանի որ արդեն մեկ տարի առաջ դուք սկսեցիք անել այն։ Եվ ինչ խոսք, դուք շատ էիք ցանկանում անել+։
11 Ուրեմն հիմա ավարտին հասցրեք այդ գործը, որպեսզի ինչպես որ պատրաստակամությամբ ցանկացաք անել, այդպես էլ ավարտեք այն՝ տալով ձեր ունեցածի չափով։
12 Եթե կա տալու պատրաստակամություն, ապա տվածը հաճելի է Աստծուն, եթե այն համապատասխան է մարդու ունեցածին+, ոչ թե չունեցածին։
13 Չեմ ուզում, որ ուրիշների համար այն թեթև լինի+, իսկ ձեզ համար՝ ծանր։
14 Այլ ուզում եմ, որ ձեր ավելցուկը լրացնի նրանց պակասը, և որ նրանց ավելցուկն էլ լրացնի ձեր պակասը, որպեսզի հավասարություն լինի+,
15 ինչպես գրված է. «Շատ ունեցողը չափից շատ չունեցավ, և քիչ ունեցողը չափից քիչ չունեցավ»+։
16 Բայց շնորհակալություն Աստծուն, որ Տիտոսը+ մեզ նման մտահոգված է ձեզանով։
17 Նա իրոք որ արձագանքեց քաջալերանքին, և քանի որ շատ է ուզում անել մեր խնդրանքը, հոժար կամքով ձեզ մոտ է գալիս։
18 Նրա հետ ուղարկում ենք նաև այն եղբորը, որին գովում են բոլոր ժողովներում բարի լուրի քարոզչության մեջ նրա բոլոր գործերի համար։
19 Բացի դրանից, նա նաև ժողովների կողմից նշանակվեց+՝ լինելու մեր ուղեկիցը՝ կապված այն նվերի հետ, որը մեր կողմից տնօրինվելու է Տիրոջ փառքի համար+ և լինելու է մեր պատրաստակամության+ ապացույցը։
20 Ուստի զգուշանում ենք, որ չլինի թե որևէ մեկը պախարակի+ մեզ առատաձեռնությամբ արված այս նվիրաբերության+ առնչությամբ, որը տնօրինվելու է մեր կողմից,
21 քանի որ «ձգտում ենք ամեն ինչ անել ազնվությամբ ոչ միայն Եհովայի առաջ, այլև մարդկանց»+։
22 Նրանց հետ նաև ուղարկում ենք մեր եղբորը, որը շատ անգամ փաստել է մեզ, որ ջանասեր է շատ հարցերում, բայց հիմա է՛լ ավելի ջանասեր է, քանի որ մեծ վստահություն ունի ձեր հանդեպ։
23 Սակայն եթե հարցեր կան Տիտոսի վերաբերյալ, ասեմ ձեզ, որ նա իմ ընկերն է և իմ համագործակիցը+ ձեր շահերի համար. իսկ եթե հարցեր կան մեր այն մյուս եղբայրների վերաբերյալ, ասեմ ձեզ, որ նրանք ժողովների առաքյալներ են և Քրիստոսի փառքը։
24 Ուստի ժողովների առաջ ցույց տվեք նրանց ձեր սիրո ապացույցը+ և փաստեք, որ մեր պարծենալը+ ձեզանով զուր չէր։