2 Սամուել 18։1-33
18 Դավիթը հաշվեց իր հետ եղող ժողովրդին և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ կարգեց+։
2 Այնուհետև Դավիթը մարդկանց մեկ երրորդին+ Հովաբի+ ձեռքը հանձնեց, մեկ երրորդին՝ Հովաբի եղբոր+՝ Շարուհեայի որդի Աբեսսայի+ և մեկ երրորդին էլ գեթացի Եթթայիի+ ձեռքը հանձնեց։ Ապա թագավորն ասաց ժողովրդին. «Անպատճառ ես էլ ձեզ հետ պիտի գամ»։
3 Բայց ժողովուրդն ասաց. «Դու մի՛ արի+, որովհետև եթե մենք փախչելու լինենք, մեզ ուշադրություն չեն դարձնի+։ Եթե նույնիսկ մեր կեսն էլ մեռնի, նրանց համար միևնույնն է, որովհետև դու մեր տասը հազարի չափ արժես+։ Ավելի լավ կլինի դու մեզ քաղաքից օգնես»+։
4 Թագավորն ասաց նրանց. «Ինչը որ հաճելի է ձեր աչքին, կանեմ»+։ Եվ թագավորը կանգնեց քաղաքի դարպասի մոտ+, իսկ ամբողջ ժողովուրդը հարյուրներով ու հազարներով+ դուրս եկավ։
5 Թագավորը հրամայեց Հովաբին, Աբեսսային ու Եթթայիին՝ ասելով. «Հանուն ինձ մեղմորե՛ն վարվեք+ երիտասարդ Աբիսողոմի հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը լսեց, որ թագավորը հրամայեց զորագլուխներին Աբիսողոմի համար։
6 Ժողովուրդը դուրս եկավ դաշտ՝ Իսրայելին ընդառաջ, և պատերազմեցին Եփրեմի անտառում+։
7 Դավթի ծառաները պարտության մատնեցին+ իսրայելացիներին+, և այդ օրը այնտեղ մեծ կոտորած եղավ. քսան հազար մարդ ընկավ։
8 Պատերազմը տարածվեց ամբողջ երկրի երեսին, որքան որ աչքը կարող էր տեսնել։ Այդ օրը անտառը ավելի շատ մարդ սպանեց, քան սուրը։
9 Աբիսողոմը, ջորի հեծած, դուրս եկավ Դավթի ծառաներին դեմ հանդիման։ Նրա ջորին մտավ սաղարթախիտ մի մեծ ծառի տակ, և Աբիսողոմի գլուխը խճճվեց ծառի ճյուղերի մեջ։ Նա կախվեց երկնքի ու երկրի միջև+, իսկ նրա տակի ջորին գնաց։
10 Մի մարդ տեսավ դա և Հովաբին+ պատմեց. «Ես տեսա Աբիսողոմին՝ ծառից կախված»։
11 Հովաբն էլ իրեն պատմող մարդուն ասաց. «Որ տեսար, ինչո՞ւ նրան չսպանեցիր ու գետին չգցեցիր։ Այդ ժամանակ ես քեզ տասը կտոր արծաթ ու մի գոտի կտայի»+։
12 Բայց այդ մարդն ասաց Հովաբին. «Նույնիսկ եթե ձեռքերիս մեջ հազար կտոր արծաթ կշռեին, ձեռքս չէի բարձրացնի թագավորի որդու վրա, որովհետև ինքներս լսեցինք, թե թագավորը քեզ, Աբեսսային ու Եթթայիին ինչ հրամայեց. «Ամեն մեկդ խնայե՛ք երիտասարդ Աբիսողոմին»+։
13 Եթե ես դավաճանություն անեի նրա հոգու դեմ, թագավորից ոչինչ ծածուկ չէր մնա+, իսկ դու մի կողմ կքաշվեիր»։
14 Հովաբն էլ ասաց. «Չեմ ուզում ժամանակ վատնել քեզ վրա»։ Նա իր ձեռքը երեք գեղարդ առավ ու դրանք Աբիսողոմի սիրտը խոցեց+, երբ նա ծառի ճյուղերի մեջ դեռ կենդանի էր+։
15 Այնուհետև Հովաբի տասը զինակիրները շրջապատեցին Աբիսողոմին, զարկեցին ու մեռցրին նրան+։
16 Հովաբը եղջերափողը հնչեցրեց+, որպեսզի ժողովուրդը Իսրայելին հետապնդելուց հետ դառնա։ Եվ Հովաբը կանգնեցրեց ժողովրդին։
17 Աբիսողոմին վերցրին, անտառում մի մեծ փոսի մեջ գցեցին ու վրան շատ մեծ քարակույտ դիզեցին+։ Իսկ ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր տուն։
18 Աբիսողոմն իր կենդանության օրոք մի սյուն+ էր վերցրել ու իր համար Թագավորի հովտում+ կանգնեցրել՝ ասելով. «Որդի չունեմ, որ իմ անվան հիշատակը պահի»+։ Ուստի սյունը իր անվամբ էր կոչել+, և այն մինչև այսօր «Աբիսողոմի հուշարձան» է կոչվում։
19 Սադոկի որդի Աքիմաասն+ ասաց. «Թույլ տուր վազեմ ու թագավորին լուր տանեմ, որովհետև Եհովան ազատեց նրան իր թշնամիների ձեռքից»+։
20 Բայց Հովաբը նրան պատասխանեց. «Այսօր դու լուր տանող մարդ չես, մեկ ուրիշ օր կտանես, բայց ոչ այսօր, քանի որ թագավորի որդին է մեռել»+։
21 Հետո Հովաբն ասաց քուշեցուն+. «Գնա՛, պատմի՛ր թագավորին՝ ինչ որ տեսար»։ Քուշեցին խոնարհվեց Հովաբի առաջ ու վազելով գնաց։
22 Սադոկի որդի Աքիմաասը նորից ասաց Հովաբին. «Ինչ լինելու է, թող լինի։ Թույլ տուր վազեմ քուշեցու հետևից»։ Սակայն Հովաբն ասաց. «Ինչո՞ւ վազես, որդի՛ս, երբ քեզ համար լուր չկա տանելու»։
23 Բայց նա դարձյալ ասաց. «Ինչ լինելու է, թող լինի։ Թույլ տուր վազեմ»։ Նա էլ ասաց՝ վազի՛ր։ Աքիմաասը վազեց դեպի Շրջան*+ տանող ճանապարհով և քուշեցուց առաջ անցավ։
24 Դավիթը նստել էր երկու դարպասների միջև+։ Դետը+ բարձրացավ պարսպի՝ դարպասի տանիքի վրա, և հայացքը բարձրացնելով տեսավ, որ մի մարդ է վազում։
25 Դետը ձայն տվեց ու իմացրեց թագավորին։ Թագավորն էլ ասաց. «Եթե նա մենակ է, ուրեմն լուր բերող է»։ Իսկ նա գալիս էր ու ավելի էր մոտենում։
26 Դետը տեսավ, որ մի մարդ էլ է վազում։ Նա ձայն տվեց դռնապանին ու ասաց. «Ահա մեկ ուրիշ մարդ էլ է վազում»։ Թագավորն ասաց. «Սա էլ է լուր բերող»։
27 Դետը շարունակեց. «Տեսնում եմ, որ առաջինի վազելը Սադոկի որդի Աքիմաասի+ վազելուն է նման»+։ Թագավորն ասաց. «Նա լավ մարդ է+, պետք է որ բարի լուրով+ գա»։
28 Աքիմաասը բացականչելով ասաց թագավորին. «Ամեն ինչ լա՛վ է»։ Ապա երեսը մինչև գետին խոնարհեց ու ասաց. «Օրհնյալ+ լինի քո Աստված Եհովան, որ քեզ հանձնեց+ այն մարդկանց, որոնք իրենց ձեռքը իմ տեր թագավորի վրա էին բարձրացրել»։
29 Թագավորը հարցրեց. «Ո՞ղջ է երիտասարդ Աբիսողոմը»։ Աքիմաասը պատասխանեց. «Երբ Հովաբը թագավորի ծառային ու քո ծառային ուղարկեց, ես մեծ իրարանցում տեսա, բայց չիմացա, թե դա ինչ էր»+։
30 Թագավորն ասաց. «Մի կողմ անցիր ու այստեղ կանգնիր»։ Նա էլ մի կողմ անցավ ու կանգնեց։
31 Այդ ժամանակ քուշեցին+ մտավ ու ասաց. «Լուր ունեմ իմ տեր թագավորի համար։ Այսօր Եհովան ազատեց քեզ նրանց ձեռքից, ովքեր քո դեմ էին դուրս եկել»+։
32 Բայց թագավորը հարցրեց քուշեցուն. «Ո՞ղջ է երիտասարդ Աբիսողոմը»։ Քուշեցին պատասխանեց. «Ինչ որ այդ երիտասարդին եղավ, թող նույնը պատահի իմ տեր թագավորի թշնամիներին և չար նպատակով քո դեմ բոլոր ելնողներին»+։
33 Այդ ժամանակ թագավորը խռովվեց, բարձրացավ դարպասի վրայի վերնատունը+ ու լաց եղավ։ Նա քայլում էր ու ասում. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս+, Աբիսողո՜մ։ Երանի թե ես մեռնեի քո փոխարեն, որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս»+։