2 Օրենք 4։1-49
4 «Եվ հիմա, ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու դատավճիռները, որոնք ես սովորեցնում եմ ձեզ. կատարեք դրանք, որպեսզի ապրեք+ և գնաք ու տիրեք այն երկրին, որը ձեր նախահայրերի Աստված Եհովան ձեզ է տալիս։
2 Իմ պատվիրած խոսքին ոչինչ չավելացնեք ու դրանից ոչինչ չպակասեցնեք+։ Պահեք ձեր Աստված Եհովայի պատվիրանները, որ ես պատվիրում եմ ձեզ պահել։
3 Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Եհովան Փեգորի Բահաղի պարագայում+, որ ձեր Աստված Եհովան ձեր միջից ոչնչացրեց յուրաքանչյուր մարդու, որը գնաց Փեգորի Բահաղի հետևից+։
4 Բայց դուք բոլորդ, որ կառչած եք+ ձեր Աստված Եհովային, այսօր ողջ եք։
5 Ահա ինչպես որ Եհովան պատվիրել է ինձ, ես սովորեցրել եմ ձեզ կանոններ+ ու դատավճիռներ+, որ դրանք կատարեք այն երկրում, ուր գնում եք, որպեսզի տիրեք դրան։
6 Պահեք ու կատարեք դրանք, որովհետև դրանում է ձեր իմաստությունն+ ու հասկացողությունը+ այն ժողովուրդների աչքի առաջ, որոնք լսելով այս բոլոր կանոնների մասին՝ կասեն. «Անկասկած, այս մեծ ազգը իմաստություն և հասկացողություն ունեցող ժողովուրդ է»+։
7 Կա՞ մի մեծ ազգ+, որի աստվածները իրեն այնքան մոտ լինեն, որքան մեր Աստված Եհովան է մոտ մեզ, երբ էլ որ նրան կանչելու լինենք+։
8 Եվ կա՞ մի մեծ ազգ, որն ունենա այնպիսի արդար կանոններ ու դատավճիռներ, որոնք նման են այս ամբողջ Օրենքին, որ այսօր դնում եմ ձեր առաջ+։
9 Միայն թե զգույշ եղիր և ուշադիր հետևիր քո հոգուն+, որ չմոռանաս այն ամենը, որ տեսար քո աչքերով+, և որ դրանք չհեռանան քո սրտից կյանքիդ բոլոր օրերում+։ Պատմիր այդ ամենը քո որդիներին ու թոռներին+,
10 նրանց պատմիր այն օրվա մասին, երբ կանգնել էիր քո Աստված Եհովայի առաջ Քորեբում+, երբ Եհովան ասաց ինձ. «Ժողովրդին ինձ մոտ հավաքիր, որ լսեն իմ խոսքերը+ և սովորեն վախենալ+ ինձնից այն բոլոր օրերում, մինչ ապրում են երկրի վրա, և որ սովորեցնեն իրենց որդիներին»+։
11 Դուք էլ մոտեցաք ու կանգնեցիք լեռան ստորոտին, իսկ լեռը այնպես էր վառվում, որ կրակը մինչև երկինք* էր հասնում։ Այնտեղ մթություն էր, ամպ ու թանձր խավար+։
12 Եհովան սկսեց խոսել ձեզ հետ կրակի միջից+։ Դուք խոսքեր էիք լսում, բայց ոչ մի կերպարանք+ չէիք տեսնում. միայն ձայն էր լսվում+։
13 Նա հայտնեց ձեզ իր ուխտը+ ու պատվիրեց կատարել այն, այսինքն՝ Տասը խոսքերը*+, ինչից հետո դրանք գրեց երկու քարե տախտակի վրա+։
14 Այդ ժամանակ Եհովան ինձ պատվիրեց, որ կանոններ ու դատավճիռներ սովորեցնեմ ձեզ, որպեսզի կատարեք դրանք այն երկրում, ուր գնում եք՝ նրան տիրելու+։
15 Այն օրը, երբ Եհովան Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք+ չտեսաք, ուստի ուշադիր հետևեք ձեր հոգիներին+,
16 որ չլինի թե կործանարար գործեր անեք+ ու կուռք շինեք՝ որևէ խորհրդանիշի կերպարանք, տղամարդու կամ կնոջ պատկեր+,
17 երկրի վրա եղող որևէ անասունի պատկեր+, երկնքում թռչող որևէ թռչունի պատկեր+,
18 երկրի վրա շարժվող որևէ արարածի պատկեր, երկրի տակ՝ ջրերի մեջ եղող որևէ ձկան պատկեր+,
19 և որ չլինի թե աչքերդ դեպի երկինք բարձրացնելով ու տեսնելով արևը, լուսինը, աստղերը՝ երկնքի ամբողջ զորքը՝ հրապուրվես, խոնարհվես դրանց առաջ ու ծառայես այն բաներին+, որոնք քո Աստված Եհովան տվել է ամբողջ երկնքի տակ եղող բոլոր ժողովուրդներին+։
20 Եհովան ձեզ է վերցրել ու հանել երկաթի հնոցից+՝ Եգիպտոսից, որպեսզի իր սեփական ժողովուրդը դառնաք+, ինչը և այսօր ակնհայտ է։
21 Ձեր պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվեց իմ դեմ+, այնպես որ նա երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը ու չեմ մտնի այն լավ երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն+։
22 Ես կմահանամ այս երկրում+։ Ես չեմ անցնի Հորդանանը, իսկ դուք կանցնեք ու կտիրեք այդ լավ երկրին։
23 Զգույշ եղեք, որ չմոռանաք ձեր Աստված Եհովայի ուխտը, որը նա կապեց ձեզ հետ+, ու ձեզ համար չշինեք կուռք՝ որևէ բանի կերպարանք՝ հակառակ այն պատվերի, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ+,
24 քանի որ ձեր Աստվածը՝ Եհովան, սպառող կրակ է+՝ բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված*+։
25 Եթե որդիներ ու թոռներ ունենալուց և այդ երկրում երկար ժամանակ ապրելուց հետո կործանարար գործեր անեք+ ու կուռք+՝ որևէ բանի կերպարանք շինեք և ձեր Աստված Եհովայի աչքին չարիք անեք+ ու վիրավորեք նրան,
26 ապա ես այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ+, որ դուք անպատճառ շատ արագ կկորչեք այն երկրից, որին տիրելու համար անցնում եք Հորդանանը։ Երկար օրեր չեք ապրի այնտեղ, որովհետև անպատճառ կոչնչանաք+։
27 Եվ Եհովան կցրի ձեզ ժողովուրդների մեջ+ ու ձեզնից քիչ թվով մարդիկ կմնան+ այն ազգերի մեջ, ուր Եհովան կքշի ձեզ։
28 Այնտեղ դուք կծառայեք աստվածների+՝ մարդկանց ձեռքի գործերի՝ փայտի ու քարի+, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են և ո՛չ էլ հոտ են քաշում+։
29 Եթե այնտեղ փնտրես քո Աստված Եհովային, ապա անշուշտ կգտնես նրան+, քանի որ նրան կորոնես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով+։
30 Երբ սաստիկ նեղության մեջ լինես, և այս բոլոր խոսքերը կատարվեն քեզ վրա այս օրերի վերջում, դու կվերադառնաս դեպի քո Աստված Եհովան+ ու կլսես նրա ձայնին+։
31 Չէ՞ որ քո Աստված Եհովան ողորմած Աստված է+։ Նա չի լքի քեզ, չի թողնի, որ կործանվես, նա չի մոռանա քո նախահայրերի հետ հաստատած ուխտը+, որը երդվել է կատարել։
32 Հարցրու, խնդրեմ, այն օրերի մասին+, որ քեզնից առաջ են եղել՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն երկրի վրա+, հարցրու երկնքի մի ծայրից մյուսը. «Մի՞թե պատահել է այսպիսի մեծ բան կամ մի՞թե լսվել է այսպիսի բան+.
33 որևէ ժողովուրդ քեզ պես լսե՞լ է արդյոք կրակի միջից խոսող Աստծու ձայնը և ողջ մնացել+։
34 Կամ փորձե՞լ է Աստված գալ և ուրիշ ազգից իր համար մի ազգ հանել ապացույցներով+, նշաններով+, հրաշքներով+, պատերազմով+, զորավոր ձեռքով+, մեկնած բազկով+ ու մեծ սարսափ տարածելով+, ինչպես որ ձեր Աստված Եհովան ձեզ համար արեց Եգիպտոսում քո աչքի առաջ»։
35 Քեզ ցույց տրվեց, որպեսզի իմանաս, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը+, նրանից բացի, ուրիշը չկա+։
36 Երկնքից նա լսել տվեց քեզ իր ձայնը, որպեսզի ուղղի քեզ, և երկրի վրա տեսնել տվեց քեզ իր մեծ կրակը, ու նրա խոսքերը դու լսեցիր կրակի միջից+։
37 Այնուամենայնիվ, դու շարունակեցիր ապրել, քանի որ նա սիրեց քո նախահայրերին ու ընտրեց նրանցից հետո եկող սերունդը+ և իր աչքը քեզ վրա պահած՝ մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից+,
38 որպեսզի քո առաջից քշի քեզնից ավելի մեծ ու ավելի հզոր ազգերի և քեզ տանի ու նրանց երկիրը տա որպես ժառանգություն, ինչպես և այսօր է+։
39 Դու լավ գիտես այսօր ու սրտիդ մեջ պետք է դնես, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա+. ուրիշը չկա+։
40 Պահիր նրա կանոններն+ ու պատվիրանները, որ այսօր պատվիրում եմ քեզ պահել, որպեսզի քեզ+ ու քեզնից հետո քո որդիներին միշտ լավ լինի և որպեսզի երկար օրեր ապրես այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ»+։
41 Այդ ժամանակ Մովսեսը երեք քաղաք առանձնացրեց Հորդանանի այն կողմում՝ արևածագի կողմը+,
42 որպեսզի մարդասպանը, որը անգիտակցաբար սպանել է իր դրացուն+ և մինչ այդ ատելություն չի ունեցել նրա հանդեպ+, փախչի այնտեղ։ Նա պետք է փախչի այս քաղաքներից մեկը և ապրի+։
43 Դրանք են անապատում՝ բարձրավանդակի վրա գտնվող Բոսորը+՝ Ռուբենյանների համար, Գաղաադում գտնվող Ռամոթը+՝ Գադյանների համար, ու Բասանում գտնվող Գոլանը+՝ Մանասեյանների համար+։
44 Սա է այն օրենքը+, որ Մովսեսը տվեց Իսրայելի որդիներին։
45 Սրանք են այն վկայությունները*+, կանոններն+ ու դատավճիռները+, որ Եգիպտոսից դուրս գալուց հետո Մովսեսը Իսրայելի որդիներին հայտնեց
46 Հորդանանի շրջանում՝ Բեթ-Փեգորի դիմաց գտնվող հովտում+՝ ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որն ապրում էր Եսեբոնում+, և որին Մովսեսն ու Իսրայելի որդիները պարտության մատնեցին, երբ դուրս եկան Եգիպտոսից+։
47 Նրանք տիրեցին նրա երկրին, ինչպես նաև Բասանի Օգ+ թագավորի երկրին՝ ամորհացիների երկու թագավորներին, որոնք Հորդանանի շրջանում էին՝ արևածագի կողմը՝
48 Առնոնի գետահովտի եզերքին գտնվող Արոերից+ մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոն+,
49 և ամբողջ Արաբան+, որը Հորդանանի շրջանում է՝ դեպի արևելք, ու մինչև Արաբա ծովը+, որը Փասգայի+ զառիթափի հիմքի մոտ է։