Գաղատացիներ 4։1-31
4 Թեև ժառանգը ամեն ինչի տերն է, բայց քանի դեռ երեխա է, ոչնչով չի տարբերվում ծառայից:*
2 Նա մնում է խնամակալների և տնտեսների հոգածության տակ, մինչև որ գա հոր կողմից նշանակված օրը:
3 Նմանապես և մենք, երբ դեռ երեխա էինք, աշխարհի գաղափարների* ստրկության մեջ էինք:+
4 Սակայն երբ ժամանակը եկավ,* Աստված ուղարկեց իր Որդուն, որ վերջինս, ով ծնվեց կնոջից+ և ապրեց՝ լինելով Օրենքի տակ,+
5 փրկագնով ազատի Օրենքի տակ լինողներին,+ որպեսզի մենք կարողանանք որդեգրվել:+
6 Հիմա քանի որ դուք որդիներ եք, Աստված ձեր* սրտերի մեջ+ դրել է իր սուրբ ոգին,+ որը տրվել էր իր Որդուն. այդ ոգին մղում է ձեզ բացականչել՝ «Աբբա՜,* Հա՜յր»:+
7 Ուրեմն դուք այլևս ծառաներ չեք, այլ որդիներ եք, իսկ եթե Աստծու որդիներ եք, ապա նա ձեզ նաև ժառանգներ է դարձրել:+
8 Սակայն երբ չէիք ճանաչում Աստծուն, ծառայում էիք նրանց, որոնք իրականում աստվածներ չեն:
9 Բայց հիմա, երբ ճանաչել եք Աստծուն, կամ, ավելի շուտ, երբ Աստված ճանաչել է ձեզ, ինչպե՞ս եք նորից վերադառնում այս աշխարհի փուչ+ և ողորմելի գաղափարներին* և ուզում եք կրկին դրանց ստրուկը դառնալ:+
10 Բծախնդրորեն օրեր, ամիսներ,+ ժամանակներ ու տարիներ եք տոնում:
11 Վախենամ, որ ձեզ օգնելու իմ ջանքերը իզուր են եղել:
12 Եղբայրնե՛ր, մի ժամանակ ես էլ էի ձեզ նման, դրա համար, աղաչում եմ, փոխվեք, ինչպես ես եմ փոխվել:+ Դուք ինձ վատ չեք վերաբերվել:
13 Գիտեք, որ իմ հիվանդությո՛ւնն առիթ եղավ, որ առաջին անգամ քարոզեմ ձեզ բարի լուրը:
14 Ու թեև հիվանդությունս նեղություն էր ձեզ համար, դուք արհամարհանքով չվերաբերվեցիք ինձ ու չզզվեցիք ինձնից,* այլ ընդունեցիք այնպես, ինչպես կընդունեիք Աստծու հրեշտակին կամ Քրիստոս Հիսուսին:
15 Այդ ժամանակ դուք ուրախ էիք, իսկ հիմա ո՞ւր է այդ ուրախությունը: Վստահ եմ, որ եթե հնարավոր լիներ, դուք ձեր աչքերն էլ կհանեիք ու ինձ կտայիք:+
16 Հիմա ի՞նչ եղավ, ճիշտն ասելու համար ձեր թշնամի՞ն դարձա:
17 Ոմանք ջանադրաբար ձգտում են ձեզ իրենց կողմը քաշել, բայց ոչ բարի նպատակով: Նրանք ցանկանում են հեռացնել ձեզ ինձնից, որ դուք պատրաստակամորեն իրենց հետևեք:
18 Սակայն եթե ինչ-որ մեկը բարի նպատակով է եռանդագին հետաքրքրվում ձեզնով, դա լավ է ձեզ համար, և կուզեմ, որ այդպես լինի ամեն ժամանակ, ոչ թե միայն երբ ձեզ հետ եմ:
19 Իմ սիրելի՛ զավակներ,+ ես կրկին երկունքի ցավեր եմ քաշում ձեզ համար, մինչև որ Քրիստոսի էությունը լիովին ձևավորվի ձեր մեջ:
20 Կուզենայի այս պահին ձեզ մոտ լինել և այլ կերպ խոսել* ձեզ հետ: Ձեր վիճակը մտահոգում է ինձ:
21 Ասեք՝ տեսնեմ, դուք, որ ուզում եք Օրենքի տակ լինել, չգիտե՞ք, թե ինչ է ասում Օրենքը:
22 Օրինակ՝ գրված է, որ Աբրահամը երկու որդի ունեցավ. մեկը՝ աղախնից,+ իսկ մյուսը՝ ազատ կնոջից:+
23 Նա, ով աղախնից էր, սովորական ծնունդ էր,+ իսկ մյուսը, որ ազատ կնոջից էր, ծնվել էր խոստման համաձայն:+
24 Այս ամենը խորհրդանշական իմաստ ունի: Այդ երկու կանայք խորհրդանշում են երկու ուխտեր: Հագարին կարելի է համեմատել Սինա լեռան վրա կապված ուխտի հետ,+ որի մեջ գտնվողները ստրուկներ են:*
25 Այսպիսով՝ Հագարը ներկայացնում է Արաբիայում գտնվող Սինա լեռը+ և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որն իր զավակներով հանդերձ ստրկության մեջ է:
26 Իսկ վերին Երուսաղեմը ազատ է, և նա է մեր մայրը:
27 Գրված է. «Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, անզավակ կին: Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ կին, որ ծննդաբերության ցավ չես քաշել, որովհետև դու, որ լքված ես, ավելի շատ զավակներ կունենաս, քան ամուսին ունեցողը»:+
28 Դուք, եղբայրնե՛ր, Իսահակի պես՝ խոստման համաձայն ծնված զավակներ եք:+
29 Եվ ինչպես այն ժամանակ սովորական ծնվածը սկսեց հալածել ոգու միջոցով ծնվածին,+ այնպես էլ հիմա է:+
30 Բայց ի՞նչ է ասում գրվածքը. «Դո՛ւրս արա աղախնին ու նրա որդուն, որովհետև աղախնի որդին ոչ մի դեպքում ժառանգ չի լինի ազատ կնոջ որդու հետ»:+
31 Այսպիսով, եղբայրնե՛ր, մենք ոչ թե աղախնի, այլ ազատ կնոջ զավակներ ենք:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ստրուկից»:
^ Բռց.՝ «հիմունքների»:
^ Կամ՝ «լրացավ»:
^ Եբր. կամ արամ. բառ, որով երեխաները ջերմ, բայց և հարգալից ձևով դիմում են իրենց հորը: Համարժեք է «հայրիկ» բառին:
^ Բռց.՝ «մեր»:
^ Բռց.՝ «հիմունքներին»:
^ Կամ՝ «չթքեցիք ինձ վրա»:
^ Կամ՝ «ավելի մեղմ խոսել»: Կամ հնարավոր է՝ «փոխել ձայնիս տոնը»: Բռց.՝ «փոխել ձայնս»:
^ Կամ՝ «որի զավակները ծնվում են ստրկության մեջ»: