Գործեր 13։1-52

  • Բառնաբասն ու Սողոսը ուղարկվում են միսիոներական շրջագայության (1-3)

  • Քարոզչական գործը՝ Կիպրոսում (4-12)

  • Պողոսի ելույթը՝ Պիսիդիայի Անտիոքում (13-41)

  • Ուրիշ ազգերին քարոզելու մասին մարգարեություն (42-52)

13  Անտիոքի ժողովում մարգարեներ և ուսուցիչներ կային՝+ Բառնաբասը, Շմավոնը, որը Նիգեր էր կոչվում, կյուրենացի Ղուկիոսը, Մանայենը, որը կրթություն էր ստացել շրջանի կառավարիչ Հերովդեսի* հետ, նաև Սողոսը:  Երբ նրանք ծառայություն էին մատուցում Եհովային* և ծոմ էին պահում, սուրբ ոգին ասաց. «Նշանակեք* Բառնաբասին ու Սողոսին,+ որպեսզի կատարեն այն գործը, որի համար նրանց ընտրել եմ»:+  Ուստի ծոմ պահելուց և աղոթելուց հետո նրանք իրենց ձեռքերը դրեցին Բառնաբասի ու Սողոսի վրա և ուղարկեցին:  Սուրբ ոգուց ուղարկված այս տղամարդիկ գնացին Սելևկիա, իսկ այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս:  Երբ հասան Սալամիս, սկսեցին Աստծու խոսքը քարոզել հրեաների ժողովարաններում: Նրանց հետ գնացել էր նաև Հովհաննեսը՝ որպես օգնական:+  Ամբողջ կղզին շրջելով՝ նրանք հասան Պափոս: Այնտեղ հանդիպեցին Բարեհեսու անունով մի հրեայի, որը կախարդ էր և կեղծ մարգարե:  Նա ծառայում էր պրոկոնսուլ* Սերգիոս Պողոսին, որը խելացի մարդ էր: Սերգիոս Պողոսն իր մոտ կանչեց Բառնաբասին ու Սողոսին, քանի որ շատ էր ուզում լսել Աստծու խոսքը:  Բայց Ելիմասը* (այս անունը նշանակում է կախարդ) սկսեց հակառակվել նրանց, որպեսզի պրոկոնսուլին խանգարի հավատալ Տիրոջը:  Սողոսը, որին նաև Պողոս էին կոչում, սուրբ ոգով լցվելով, սևեռուն հայացքով նայեց նրան 10  ու ասաց. «Ո՛վ խաբեությամբ ու չարությամբ լցված մարդ, դո՛ւ, Բանսարկուի՛ որդի,+ արդարությա՛ն թշնամի, դեռ ինչքա՞ն պիտի խեղաթյուրես Եհովայի ուղիղ ճանապարհները: 11  Եհովան կպատժի քեզ, և դու կկուրանաս ու մի որոշ ժամանակ արևի լույսը չես տեսնի»: Այդ պահին նրա աչքերի առաջ մթնեց, և թանձր մշուշ պատեց նրան. նա սկսեց խարխափելով փնտրել ինչ-որ մեկի, ով, ձեռքից բռնած, կուղեկցեր իրեն: 12  Տեսնելով պատահածը՝ պրոկոնսուլը հավատաց Տիրոջը, քանի որ անչափ տպավորված էր այն ամենով, ինչ իմացել էր Եհովայի խոսքից: 13  Պողոսն ու նրա ուղեկիցները Պափոսից ծով դուրս ելան ու գնացին Պերգե, որը Պամփյուլիայում է: Բայց Հովհաննեսը+ նրանցից հեռացավ ու վերադարձավ Երուսաղեմ:+ 14  Իսկ նրանք Պերգեից շարունակեցին ճանապարհը և հասան Անտիոք, որը Պիսիդիայում է: Շաբաթ օրը նրանք մտան ժողովարան+ ու նստեցին: 15  Երբ ներկաների առջև ընթերցվեցին Օրենքն+ ու մարգարեների գրվածքները, ժողովարանի պետերը նրանց հաղորդեցին այս խոսքերը. «Եղբայրնե՛ր, եթե քաջալերանքի որևէ խոսք ունեք, ասեք»: 16  Ուստի Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց ու ասաց. «Իսրայելացինե՛ր և դո՛ւք, որ վախենում եք Աստծուց, լսեք: 17  Իսրայելի ժողովրդի Աստվածը ընտրեց մեր նախահայրերին ու Եգիպտոսում եղած ժամանակ, որտեղ նրանք ապրում էին որպես օտարականներ, հզոր ժողովուրդ դարձրեց և զորեղ* բազկով հանեց այնտեղից:+ 18  Նա շուրջ 40 տարի հանդուրժեց նրանց անապատում:+ 19  Քանանում յոթ ազգեր կործանելուց հետո նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց մեր նախահայրերին:+ 20  Այս ամենը եղավ մոտ 450 տարիների ընթացքում: Դրանից հետո նրանց համար դատավորներ նշանակեց մինչև Սամուել մարգարեի օրերը:+ 21  Բայց հետո նրանք թագավոր պահանջեցին,+ և Աստված նրանց 40 տարով Կիսի որդուն՝ Սավուղին տվեց, որը Բենիամինի ցեղից էր:+ 22  Նրան հեռացնելուց հետո նրանց համար Դավթին թագավոր նշանակեց,+ որի մասին վկայեց՝ ասելով. «Ես ընտրել եմ Հեսսեի որդի Դավթին,+ որն իմ սրտին հաճելի մարդ է:+ Նա կկատարի այն ամենը, ինչ ես կամենում եմ»: 23  Աստված, իր խոստման համաձայն, նրա սերնդից Իսրայելին փրկիչ տվեց՝ Հիսուսին:+ 24  Նախքան նրա գալը Հովհաննեսը Իսրայելի ողջ ժողովրդին հանրորեն քարոզում էր մկրտվել՝ որպես զղջման խորհրդանիշ:+ 25  Հովհաննեսն իր ծառայության վերջին շրջանում ասում էր. «Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ եմ ես: Ես նա չեմ, ում դուք սպասում եք: Սակայն ինձնից հետո գալիս է մեկը, որի սանդալների կապերն անգամ արժանի չեմ արձակելու»:+ 26  Եղբայրնե՛ր, Աբրահամի սերունդնե՛ր և դո՛ւք, աստվածավա՛խ մարդիկ, փրկության մասին այս խոսքը մեզ է ուղարկվել:+ 27  Սակայն Երուսաղեմի բնակիչներն ու նրանց առաջնորդները չընդունեցին նրան:* Եվ երբ դատեցին նրան, այդպիսով իրագործեցին մարգարեների խոսքերը,+ որոնք ամեն Շաբաթ օր բարձրաձայն ընթերցվում են: 28  Թեև նրան մահվան դատապարտելու համար ոչ մի հիմք չգտան,+ սակայն Պիղատոսից պահանջեցին մահապատժի ենթարկել նրան:+ 29  Իսկ երբ նրա մասին գրված բոլոր բաները իրագործեցին, նրան սյունից* իջեցրին և դրեցին գերեզմանի մեջ:+ 30  Բայց Աստված հարություն տվեց նրան,+ 31  և նա շատ օրեր երևաց նրանց, ովքեր իր հետ Գալիլեայից գնացել էին Երուսաղեմ: Նրանք հիմա նրա մասին վկայություն են տալիս ժողովրդին:+ 32  Մենք հայտնում ենք ձեզ բարի լուրն այն խոստման մասին, որը մեր նախահայրերին էր տրվել: 33  Աստված նրանց զավակների, այսինքն՝ մեզ համար ամբողջությամբ կատարեց այդ խոստումը՝ հարություն տալով Հիսուսին,+ ինչպես և գրված է երկրորդ սաղմոսում. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»:+ 34  Աստված հարություն տվեց նրան, և նա այլևս ապականություն չէր տեսնելու: Աստված այդ մասին ասել էր. «Ձեր հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորելու, ինչը խոստացել եմ Դավթին, և այս խոստումը վստահարժան է»:+ 35  Իսկ մեկ այլ սաղմոսում ասվում է. «Դու թույլ չես տա, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի»:+ 36  Դավիթը իր ողջ կյանքի ընթացքում ծառայեց Աստծուն, մահացավ,* թաղվեց իր նախահայրերի հետ և ապականություն տեսավ:+ 37  Բայց նա, ում Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ:+ 38  Ուրեմն իմացեք, եղբայրնե՛ր, որ նրա միջոցով է հնարավոր մեղքերի ներում ստանալ, ինչի մասին էլ ձեզ քարոզվում է:+ 39  Մովսեսի օրենքի միջոցով դուք ոչ մի բանում չէիք կարող անմեղ հայտարարվել,+ սակայն ամեն ոք, ով հավատում է Հիսուսին, նրա միջոցով անմեղ է հայտարարվում:+ 40  Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ ձեզ չպատահի այն, ինչ գրել են մարգարեները. 41  «Արհամարհողնե՛ր, նայե՛ք, զարմացե՛ք ու ոչնչացե՛ք, որովհետև ձեր օրերում ես մի գործ եմ անում, որի մասին նույնիսկ եթե մանրամասնորեն պատմեն ձեզ, երբեք չեք հավատա»»:+ 42  Երբ նրանք այնտեղից դուրս էին գալիս, մարդիկ սկսեցին խնդրել, որ հաջորդ Շաբաթ օրն էլ այդ մասին խոսեն իրենց հետ: 43  Եվ երբ ժողովարանում հավաքվածները ցրվեցին, հրեաներից ու Աստծուն երկրպագող պրոզելիտներից* շատերը գնացին Պողոսի ու Բառնաբասի հետևից, որոնք զրույցի ընթացքում հորդորեցին նրանց շարունակել այնպես ապրել, որ Աստված իր անզուգական բարությունը դրսևորի նրանց հանդեպ:+ 44  Հաջորդ Շաբաթ օրը գրեթե ողջ քաղաքը հավաքվեց՝ Եհովայի խոսքը լսելու: 45  Երբ հրեաները տեսան այդ բազմությունը, նախանձով լցվեցին ու սկսեցին աստվածանարգ խոսքերով հակառակվել Պողոսի ասածներին:+ 46  Պողոսն ու Բառնաբասն էլ համարձակորեն ասացին. «Աստծու խոսքը նախևառաջ ձեզ պիտի ասվեր:+ Բայց քանի որ դուք մերժում եք այն և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, մենք ուրիշ ազգերի կքարոզենք,+ 47  որովհետև Եհովան է մեզ պատվիրել դա անել՝ ասելով. «Ես քեզ ազգերի համար լույս դարձրի, որ փրկություն տանես մինչև երկրի ծայրերը»»:+ 48  Երբ այլազգի մարդիկ սա լսեցին, սկսեցին ուրախանալ ու փառաբանել Եհովայի խոսքը, և բոլոր նրանք, ովքեր տրամադրված էին ընդունելու հավիտենական կյանքի առաջնորդող ճշմարտությունը, հավատացյալ դարձան: 49  Եհովայի խոսքը շարունակում էր տարածվել այդ ողջ շրջանում: 50  Բայց հրեաները կրոնասեր ու պատվավոր կանանց, նաև քաղաքի նշանավոր մարդկանց Պողոսի ու Բառնաբասի դեմ տրամադրեցին: Նրանք հալածանք բարձրացրին+ նրանց դեմ ու վռնդեցին իրենց տարածքից: 51  Պողոսն ու Բառնաբասն էլ իրենց ոտքերից թափ տվեցին փոշին* ու գնացին Իկոնիոն:+ 52  Իսկ աշակերտները լցված էին սուրբ ոգով և ցնծում էին ուրախությունից:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Հերովդես Անտիպասի: Բառարանում տես «Հերովդես»:
Բռց.՝ «Ինձ համար առանձնացրեք»:
Հռոմեական պրովինցիայի կառավարիչ:
Սա նույն Բարեհեսուն է, որի մասին նշված է 6-րդ համարում:
Բռց.՝ «բարձրացրած»:
Այսինքն՝ Հիսուսին:
Կամ՝ «ծառից»:
Բռց.՝ «ննջեց»:
Այսինքն՝ հուդայականություն ընդունած մարդիկ: Բառարանում տես «Պրոզելիտ»:
Այս ժեստը ցույց էր տալիս, որ անհատը այլևս պատասխանատվություն չի կրում: