Գործեր 15։1-41
-
Անտիոքում թլփատության վերաբերյալ վեճ է ծագում (1, 2)
-
Հարցը ներկայացվում է Երուսաղեմի եղբայրներին (3-5)
-
Երեցներն ու առաքյալները հանդիպում են (6-21)
-
Նամակ՝ կառավարիչ մարմնից (22-29)
-
Հեռու մնալ արյունից (28, 29)
-
-
Ժողովները քաջալերվում են նամակից (30-35)
-
Պողոսը և Բառնաբասը տարբեր ճանապարհներով են գնում (36-41)
15 Հրեաստանից ոմանք եկան ու սկսեցին սովորեցնել եղբայրներին, որ եթե չթլփատվեն՝ համաձայն Մովսեսի օրենքի,+ չեն կարող փրկվել:
2 Պողոսն ու Բառնաբասը լուրջ տարաձայնություն ունեցան նրանց հետ, և նրանք շատ վիճեցին: Այդ պատճառով որոշում կայացվեց, որ Պողոսը, Բառնաբասը և մի քանի այլ եղբայրներ գնան Երուսաղեմ՝+ այս հարցը առաքյալներին ու երեցներին ներկայացնելու համար:
3 Ժողովը ճանապարհի մի մասը ուղեկցեց նրանց, ինչից հետո նրանք շարունակեցին իրենց ճանապարհը՝ անցնելով Փյունիկիայի և Սամարիայի միջով: Նրանք եղբայրներին մանրամասնորեն պատմում էին, որ այլազգի մարդիկ սկսել են պաշտել Աստծուն, և բոլորն անչափ ուրախանում էին:
4 Երբ հասան Երուսաղեմ, ժողովը, առաքյալներն ու երեցները գրկաբաց ընդունեցին նրանց, և նրանք պատմեցին այն բազմաթիվ բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով:
5 Սակայն հավատացյալ դարձածներից ոմանք, ովքեր փարիսեցիների աղանդից էին եղել, վեր կացան ու ասացին. «Հարկավոր է նրանց թլփատել և պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»:+
6 Առաքյալներն ու երեցները հավաքվեցին, որպեսզի քննեն այս հարցը:
7 Երկար ու թեժ քննարկումից հետո Պետրոսը վեր կացավ ու ասաց. «Եղբայրնե՛ր, դուք լավ գիտեք, որ Աստված սկզբում ինձ է ընտրել ձեր միջից, որպեսզի այլազգի մարդիկ իմ միջոցով բարի լուրը լսեն ու հավատան:+
8 Աստված, ով գիտի սրտերը,+ փաստեց, որ ընդունում է նրանց՝ տալով սուրբ ոգին,+ ինչպես որ մեզ է տվել:
9 Եվ նա, ոչ մի խտրականություն չդնելով մեր ու նրանց միջև,+ նրանց սրտերը մաքրեց հավատով:+
10 Ուրեմն հիմա ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վրա բեռ* դնելով,+ որը ո՛չ մեր նախահայրերը կարողացան տանել, ո՛չ էլ մենք:+
11 Չէ՞ որ մենք հավատում ենք, որ Տեր Հիսուսի անզուգական բարության շնորհիվ ենք փրկված,+ ինչպես և այդ մարդիկ»:+
12 Այս խոսքերից հետո բոլորը լռեցին: Նրանք սկսեցին լսել Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին այն բազմաթիվ զորավոր գործերի ու հրաշքների մասին, որ Աստված իրենց միջոցով արել էր այլազգիների մեջ:
13 Երբ նրանք ավարտեցին իրենց խոսքը, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ի՛նձ լսեք:
14 Շմավոնը*+ մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ ուշադրություն դարձրեց այլազգի մարդկանց, որպեսզի նրանց միջից մի ժողովուրդ հավաքի, որը կրելու է իր անունը:+
15 Եվ սա ներդաշնակ է մարգարեների հետևյալ խոսքերին.
16 «Այս ամենից հետո ես կվերադառնամ ու նորից կբարձրացնեմ Դավթի ընկած վրանը,* կվերակառուցեմ դրա ավերակները և կվերականգնեմ այն,
17 որպեսզի նրանք, ովքեր մնացել են, ջանադրաբար ծառայեն* Եհովային* բոլոր ազգերից հավաքված ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,– ասում է Եհովան, ով անում է այս բաները,+
18 որոնք վաղուց ի վեր որոշել էր»:+
19 Հետևաբար, իմ կարծիքով, հարկ չկա նեղություն տալ այլազգի մարդկանց, որոնք ուզում են ծառայել Աստծուն,+
20 այլ հարկ է գրել նրանց, որ հեռու մնան կռապաշտությանն առնչվող ցանկացած բանից,+ անբարոյականությունից,*+ խեղդված կենդանիների* մսից, ինչպես նաև հեռու մնան արյունից:+
21 Չէ՞ որ վաղեմի ժամանակներից յուրաքանչյուր քաղաքում Մովսեսի խոսքերը քարոզվում են՝ ամեն Շաբաթ օր բարձրաձայն ընթերցվելով ժողովարաններում»:+
22 Այդ ժամանակ առաքյալներն ու երեցները ողջ ժողովի հետ որոշեցին իրենց միջից մարդիկ ընտրել և Պողոսի ու Բառնաբասի հետ ուղարկել Անտիոք: Նրանք էին Բարսաբա կոչվող Հուդան և Շիղան,+ որոնք ժողովում առաջնորդելու պատասխանատվություն ունեին:
23 Նրանց միջոցով այս նամակը ուղարկեցին, որում գրված էր.
«Ձեզ՝ Անտիոքում,+ Ասորիքում և Կիլիկիայում բնակվող եղբայրներիդ, ողջույններ են հղում առաքյալներն ու երեցները՝ ձեր եղբայրները:
24 Լսել ենք, որ այստեղի եղբայրներից ոմանք եկել ու իրենց խոսքերով ձեզ շփոթեցրել են՝+ փորձելով մոլորեցնել, թեև մենք ոչ մի հրահանգ չէինք տվել նրանց:
25 Այդ պատճառով միաձայն որոշում կայացրինք ընտրել երկու եղբոր և ձեզ մոտ ուղարկել մեր սիրելի Բառնաբասի ու Պողոսի հետ,
26 որոնք իրենց կյանքը վտանգել են հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան:+
27 Ուղարկում ենք Հուդային ու Շիղային, որ իրենց խոսքով հաստատեն մեր գրածը:+
28 Սուրբ ոգու օգնությամբ+ մենք եկանք այն եզրակացության, որ ավել բեռ չդնենք ձեզ վրա՝ բացի հետևյալ անհրաժեշտ բաներից.
29 հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից,+ արյունից,+ խեղդված կենդանիների* մսից+ և անբարոյականությունից:*+ Եթե այդպես վարվեք, ձեզ համար լավ կլինի: Ո՛ղջ եղեք»:
30 Այս եղբայրները գնացին Անտիոք, աշակերտներին մեկտեղ հավաքեցին և նամակը տվեցին նրանց:
31 Կարդալով այդ քաջալերական նամակը՝ նրանք ուրախացան:
32 Հուդան ու Շիղան շատ ելույթներով քաջալերեցին ու զորացրին եղբայրներին,+ քանի որ նույնպես մարգարեներ էին:
33 Նրանք որոշ ժամանակ մնացին այնտեղ: Հետո եղբայրները նրանց խաղաղություն մաղթեցին ու ճանապարհ դրեցին, և նրանք վերադարձան Երուսաղեմ:
34 ....*
35 Բայց Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում մնացին. նրանք ուսուցանում էին և շատ եղբայրների հետ հռչակում էին բարի լուրը՝ Եհովայի խոսքը:
36 Մի քանի օր անց Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի հիմա* վերադառնանք այն բոլոր քաղաքները, որտեղ Եհովայի խոսքը քարոզեցինք, որպեսզի այցելենք եղբայրներին ու տեսնենք, թե ինչպես են»:+
37 Բառնաբասը որոշել էր իր հետ վերցնել Հովհաննեսին, որին Մարկոս էին կոչում:+
38 Սակայն Պողոսը դեմ էր, որ նա իրենց հետ գա, քանի որ վերջինս Պամփյուլիայում հեռացել էր իրենցից և իրենց հետ չէր գնացել քարոզչական գործին մասնակցելու:+
39 Այդ պատճառով բարկության ուժեղ պոռթկում եղավ, ու նրանք բաժանվեցին իրարից: Բառնաբասը+ իր հետ վերցրեց Մարկոսին ու նավով գնաց Կիպրոս,
40 իսկ Պողոսն ընտրեց Շիղային: Հետո եղբայրները աղոթեցին, որ Եհովան իր անզուգական բարությամբ հոգ տանի Պողոսի համար, և նա ճանապարհ ընկավ:+
41 Պողոսը անցավ Ասորիքի ու Կիլիկիայի միջով՝ զորացնելով ժողովները:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «վզին լուծ»:
^ «Սիմոն» (Պետրոս) անվան մեկ այլ ձևը:
^ Կամ՝ «տաղավարը», «տունը»:
^ Բռց.՝ «փնտրեն»:
^ Տես հավելված Ա5:
^ Այսինքն՝ սպանված կենդանիների, որոնց արյունը չի թափվել:
^ Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
^ Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
^ Այսինքն՝ սպանված կենդանիների, որոնց արյունը չի թափվել:
^ Տես հավելված Ա3:
^ Կամ հնարավոր է՝ «անպայման»: