Գործեր 17։1-34
17 Ամփիպոլիսի և Ապոլոնիայի միջով անցնելով՝ նրանք գնացին Թեսաղոնիկե,+ որտեղ հրեաների ժողովարան կար:
2 Իր սովորության համաձայն՝ Պողոսը մտավ ժողովարան:+ Նա երեք Շաբաթ օր սուրբ գրքերի օգնությամբ տրամաբանում էր ներկաների հետ:+
3 Նա բացատրում էր և վկայակոչումներ անելով՝ ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր+ ու հարություն առներ,+ և ասում էր. «Այս Հիսուսը, որի մասին քարոզում եմ, նա է Քրիստոսը»:
4 Արդյունքում նրանցից ոմանք հավատացյալներ դարձան և միացան Պողոսին ու Շիղային:+ Աստծուն երկրպագող հույների մի մեծ բազմություն և բազմաթիվ ազդեցիկ կանայք նույնպես սկսեցին հավատալ:
5 Բայց հրեաները, նախանձով լցված,+ հավաքեցին մի քանի անօրեն մարդկանց, որոնք անգործ թափառում էին հրապարակում, և խառնամբոխ կազմելով՝ քաղաքը իրարանցման մեջ գցեցին: Նրանք ներխուժեցին Հասոնի տուն և սկսեցին փնտրել Պողոսին ու Շիղային, որ ամբոխի առաջ բերեն:
6 Երբ նրանց չգտան, Հասոնին ու մի քանի եղբայրների քարշ տվեցին քաղաքի ղեկավարների մոտ ու բղավեցին. «Այդ մարդիկ, որ տակնուվրա են արել ողջ աշխարհը,* այստեղ էլ են հասել,+
7 և Հասոնը հյուրընկալել է նրանց: Նրանք բոլորը կայսրի հրամաններին հակառակ են վարվում՝ ասելով, թե ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»:+
8 Երբ ամբոխն ու քաղաքի ղեկավարները լսեցին դա, տագնապեցին:
9 Վերջիններս Հասոնից ու մյուսներից գրավ վերցնելուց հետո բաց թողեցին նրանց:
10 Հենց այդ գիշեր եղբայրները Պողոսին ու Շիղային ուղարկեցին Բերիա: Տեղ հասնելուն պես նրանք մտան հրեաների ժողովարան:
11 Այնտեղի մարդիկ թեսաղոնիկեցիներից ավելի ազնվամիտ էին, որովհետև մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը. նրանք ամեն օր խորությամբ քննում էին սուրբ գրքերը՝ տեսնելու համար, թե արդյոք իրենց լսած բաները ճիշտ են,
12 և նրանցից շատերը հավատացյալներ դարձան: Հավատացյալ դարձան նաև բազմաթիվ պատվարժան հույն կանայք, ինչպես նաև որոշ հույն տղամարդիկ:
13 Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Պողոսը Աստծու խոսքը քարոզել է նաև Բերիայում, այնտեղ էլ եկան ժողովրդին սադրելու և խռովություն գցելու համար:+
14 Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին ծովի մոտ,+ իսկ Շիղան ու Տիմոթեոսը այնտեղ մնացին:
15 Պողոսին ուղեկցողները նրա հետ գնացին մինչև Աթենք և ապա վերադարձան, քանի որ Պողոսը նրանց պատվիրեց Շիղային ու Տիմոթեոսին+ ասել, որ հնարավորինս շուտ իր մոտ գան:
16 Պողոսը Աթենքում սպասում էր նրանց: Տեսնելով, որ քաղաքը կուռքերով է լցված՝ նա վրդովվեց:*
17 Ուստի սկսեց ժողովարանում տրամաբանել հրեաների և այլ ասվածապաշտ մարդկանց հետ: Նա նաև ամեն օր զրուցում էր նրանց հետ, ում հանդիպում էր հրապարակում:
18 Բայց որոշ փիլիսոփաներ, որոնք էպիկուրյաններ և ստոյիկյաններ էին, սկսեցին վիճել նրա հետ: Ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն* ի՞նչ է ուզում ասել»: Իսկ մյուսները, թե՝ «Երևում է՝ նա օտար աստվածների քարոզիչ է»: Նրանք այդպես էին ասում, քանի որ Պողոսը քարոզում էր Հիսուսի և հարության մասին բարի լուրը:+
19 Ուստի նրան տարան Արեոպագոս* և ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե այդ ինչ նոր ուսմունքի մասին ես խոսում,
20 քանի որ այնպիսի բաներ ես ասում, որոնք օտար են մեր ականջներին: Դրա համար ուզում ենք իմանալ, թե դրանք ինչ են նշանակում»:
21 (Բոլոր աթենացիները և նրանց քաղաքում մնացող* օտարազգիները իրենց ազատ ժամանակը ծախսում էին միայն որևէ նոր բան լսելու կամ պատմելու վրա):
22 Պողոսն էլ կանգնեց Արեոպագոսի+ մեջտեղում ու ասաց.
«Ո՛վ աթենացիներ, ամեն ինչից երևում է, որ մյուսներից ավելի շատ եք վախենում աստվածներից:*+
23 Օրինակ, երբ քաղաքում շրջելիս ուշադիր զննում էի ձեր պաշտամունքի առարկաները, տեսա, որ նույնիսկ մի զոհասեղան կա՝ վրան գրված. «Անծանոթ Աստծուն»: Եվ ես քարոզում եմ հենց նրա մասին, ում դուք չճանաչելով պաշտում եք:
24 Աստված, ով ստեղծել է աշխարհը և դրանում եղող բոլոր բաները, լինելով երկնքի ու երկրի Տերը,+ ձեռակերտ տաճարներում չի բնակվում+
25 և կարիք չունի, որ մարդիկ որևէ ծառայություն մատուցեն իրեն,+ որովհետև նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ+ և ամեն բան:
26 Նա մեկ մարդուց+ առաջ բերեց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի վրա,+ ժամանակ սահմանեց որոշակի իրադարձությունների համար ու հաստատեց մարդկանց բնակության սահմանները:+
27 Աստված այդպես արեց, որ փնտրեն իրեն, եթե անգամ պետք է խարխափելով անեն դա, ու գտնեն,+ քանի որ իրականում նա յուրաքանչյուրիցս հեռու չէ:
28 Նրա շնորհիվ է, որ մենք ապրում ենք, շարժվում և գոյություն ունենք, ինչպես որ ձեր բանաստեղծներից ոմանք են ասել. «Մենք բոլորս նրա զավակներն ենք»:
29 Ուրեմն քանի որ Աստծու զավակներն ենք,+ չպետք է մտածենք, թե Աստված նման է ոսկուց, արծաթից կամ քարից պատրաստված մի բանի, ինչը մարդիկ քանդակել են իրենց մտահղացմամբ:+
30 Ճիշտ է, անցյալում Աստված հանդուրժել է նման անգիտությունը,+ բայց հիմա նա ամենուր բոլոր մարդկանց կոչ է անում զղջալ,
31 որովհետև նա մի օր է հաստատել, երբ արդարությամբ դատելու է աշխարհը+ մի մարդու միջոցով, ում նա նշանակել է: Նրան հարություն տալով՝ նա բոլոր մարդկանց հավաստիացրել է, որ այդ օրը գալու է»:+
32 Լսելով մահացածների հարության մասին՝ նրանցից ոմանք սկսեցին ծաղրել,+ մինչդեռ մյուսներն ասացին. «Մենք էլի կլսենք քեզ, երբ խոսես այս մասին»:
33 Դրանից հետո Պողոսը հեռացավ այնտեղից:
34 Մի քանի հոգի, սակայն, միացան նրան և հավատացյալներ դարձան: Նրանց թվում էին Դիոնիսիոսը՝ Արեոպագոսի մի դատավոր, Դամարիս անունով մի կին և ուրիշներ:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անկարգություններ են հրահրել ողջ աշխարհում»:
^ Բռց.՝ «նրա ոգին իր ներսում զայրացավ»:
^ Բռց.՝ «սերմնաքաղը»:
^ Բլուր՝ հին Աթենքում, որի վրա նաև գերագույն դատարանն էր հավաքվում:
^ Կամ՝ «նրանց քաղաք այցելող»:
^ Կամ՝ «ավելի կրոնասեր եք»: