Գործեր 23։1-35

  • Պողոսը խոսում է Սինեդրիոնի առաջ (1-10)

  • Տերը զորացնում է Պողոսին (11)

  • Պողոսին սպանելու համար դավ են նյութում (12-22)

  • Պողոսին տանում են Կեսարիա (23-35)

23  Պողոսը ուշադիր նայեց Սինեդրիոնին ու ասաց. «Եղբայրնե՛ր, մինչ օրս ես այնպես եմ ապրել, որ խիղճս բացարձակապես մաքուր է Աստծու առաջ»:+  Սա լսելով՝ Անանիա քահանայապետը նրա կողքը կանգնածներին կարգադրեց, որ նրա բերանին հարվածեն:  Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված կհարվածի քեզ, ա՛յ սպիտակեցրած պատ:* Դու այստեղ նստած ես, որ Օրենքի համաձայն ինձ դատես, բայց Օրենքը ոտնահարո՞ւմ ես՝ հրամայելով, որ ինձ խփեն»:  Պողոսի կողքին կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես վիրավորում»:  Պողոսն էլ ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ նա քահանայապետն է. չէ՞ որ գրված է. «Մի՛ վիրավորիր քո ժողովրդի առաջնորդին»»:+  Պողոսը, իմանալով, որ Սինեդրիոնի մի մասը սադուկեցիներ են, իսկ մյուս մասը՝ փարիսեցիներ, բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ՝+ փարիսեցու որդի: Ինձ դատում են մահացածների հարությանը հավատալու համար»:  Այդ խոսքերի պատճառով փարիսեցիների ու սադուկեցիների միջև վեճ ծագեց, և հավաքվածները պառակտվեցին:  (Բանն այն է, որ սադուկեցիները պնդում են, որ ո՛չ հարություն կա, ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ ոգի, իսկ փարիսեցիները, հակառակը, հավատում են այդ ամենին):+  Մեծ իրարանցում սկսվեց: Փարիսեցիների միջից Օրենքի որոշ ուսուցիչներ* վեր կացան ու խիստ վրդովված ասացին. «Մենք կարծում ենք, որ այս մարդը ոչ մի սխալ բան չի արել, բայց եթե ոգի կամ հրեշտակ է խոսել նրա հետ...»:+ 10  Երբ վեճը սաստկացավ, զորապետը, վախենալով, որ Պողոսին կտոր-կտոր կանեն, զինվորներին հրամայեց, որ գնան, նրանց միջից դուրս բերեն նրան և տանեն զորանոց: 11  Բայց այդ գիշեր Տերը հայտնվեց Պողոսի կողքին ու ասաց. «Քա՛ջ եղիր,+ որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»:+ 12  Երբ օրը բացվեց, հրեաները դավադրություն կազմակերպեցին ու երդվեցին,* որ չեն ուտի ու չեն խմի, մինչև Պողոսին չսպանեն: 13  Ավելի քան 40 հոգի երդում արեց: 14  Նրանք գնացին ավագ քահանաների ու երեցների մոտ և ասացին. «Մենք երդվել ենք, որ ոչ մի բան չենք ուտելու, մինչև որ չսպանենք Պողոսին: 15  Ուստի հիմա Սինեդրիոնի հետ զորապետին ասեք, որ նրան ձեզ մոտ բերի, իբր մտադիր եք նրա գործն ավելի հանգամանորեն քննել: Իսկ մենք պատրաստ կլինենք ու ճանապարհին կսպանենք նրան»: 16  Սակայն Պողոսի քրոջ որդին, լսելով, որ նրանք մտադիր են դարանամուտ լինել, եկավ զորանոց ու այդ մասին տեղեկացրեց Պողոսին: 17  Պողոսը հարյուրապետներից մեկին կանչեց ու ասաց. «Այս երիտասարդին զորապետի մոտ տար, որովհետև նրան ասելու բան ունի»: 18  Հարյուրապետն էլ նրան տարավ զորապետի մոտ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսը կանչեց ինձ և խնդրեց, որ այս երիտասարդին քեզ մոտ բերեմ, քանի որ նա ինչ-որ բան ունի քեզ ասելու»: 19  Զորապետը, բռնելով նրա ձեռքից, մի կողմ տարավ ու հարցրեց. «Ի՞նչ ունես ինձ ասելու»: 20  Նա պատասխանեց. «Հրեաները համաձայնության են եկել, որ քեզ խնդրեն՝ վաղը Պողոսին Սինեդրիոն բերես, իբր մտադիր են ավելի շատ մանրամասնություններ իմանալ նրա գործի վերաբերյալ:+ 21  Բայց դու թույլ մի՛ տուր, որ քեզ համոզեն, որովհետև նրանցից ավելի քան 40 մարդ պատրաստվում են դարանամուտ լինելու և երդվել են, որ չեն ուտի ու չեն խմի, մինչև Պողոսին չսպանեն:+ Եվ հիմա նրանք քո թույլտվությանն են սպասում»: 22  Զորապետն ասաց, որ երիտասարդը գնա, և զգուշացրեց նրան. «Ոչ մեկին չասես, որ տեղեկացրել ես ինձ այդ մասին»: 23  Ապա կանչեց հարյուրապետներից երկուսին ու ասաց. «200 զինվոր, 70 հեծյալ և 200 նիզակակիր պատրաստեք, որ երեկոյան ժամը մոտավորապես իննին* մեկնեն Կեսարիա: 24  Նաև ձիեր պատրաստեք Պողոսի համար, որ նրան ապահով հասցնեք կառավարիչ Ֆելիքսի մոտ»: 25  Զորապետը մի նամակ գրեց հետևյալ բովանդակությամբ. 26  «Կլավդիոս Լիսիասը՝ Նորին գերազանցություն կառավարիչ Ֆելիքսին. ողջո՛ւյն: 27  Այս մարդուն հրեաները բռնել էին և պատրաստվում էին սպանել, բայց ես զինվորներիս հետ շտապ հասա ու ազատեցի նրան,+ որովհետև իմացա, որ հռոմեացի է:+ 28  Ցանկանալով պարզել, թե այդ մարդուն ինչի համար էին մեղադրում՝ նրան տարա նրանց Սինեդրիոն:+ 29  Պարզեցի, որ նա մեղադրվում էր իրենց Օրենքի հետ կապված հարցերում,+ բայց մահվան կամ բանտի կապանքներին արժանի ոչինչ չէր արել: 30  Սակայն քանի որ ինձ տեղեկացվեց, որ նրա դեմ դավադրություն է կազմակերպվել,+ անմիջապես որոշեցի նրան ուղարկել քեզ մոտ՝ մեղադրողներին կարգադրելով, որ իրենց մեղադրանքները քո առաջ ներկայացնեն»: 31  Զինվորները, ինչպես որ իրենց կարգադրվել էր,+ Պողոսին գիշերով տարան Անտիպատրիս: 32  Հաջորդ օրը նրանք հեծյալներին պատվիրեցին Պողոսի հետ շարունակել ճանապարհը, իսկ իրենք վերադարձան զորանոց: 33  Հասնելով Կեսարիա՝ հեծյալները նամակը կառավարչին փոխանցեցին ու Պողոսին ներկայացրին նրան: 34  Նա էլ կարդաց այն և հարցրեց, թե Պողոսը որ պրովինցիայից է, և իմացավ, որ Կիլիկիայից է:+ 35  Հետո ասաց. «Ես կլսեմ քո գործը, երբ քեզ մեղադրողները գան»:+ Եվ հրամայեց, որ նրան հսկողության տակ պահեն Հերովդեսի պալատում:*

Ծանոթագրություններ

Կամ՝ «կեղծավոր»:
Բռց.՝ «դպիրներ»:
Սա անեծք ներառող երդում էր: Այդ անեծքը որպես պատիժ կգար սուտ երդում տվողի կամ երդումը խախտողի վրա:
Բռց.՝ «գիշերվա երրորդ ժամին [արևամուտից հաշված]»:
Կամ՝ «պրետորական պալատում»: