Գործեր 25։1-27
25 Ֆեստոսը+ պրովինցիա* գալուց և իր պաշտոնավարմանն անցնելուց երեք օր հետո Կեսարիայից գնաց Երուսաղեմ:
2 Ավագ քահանաներն ու այլ ազդեցիկ հրեաներ Պողոսի դեմ մեղադրանքներ ներկայացրին Ֆեստոսի առաջ+ և սկսեցին նրան աղաչել,
3 որ կատարի իրենց խնդրանքը ու Պողոսին բերել տա Երուսաղեմ: Բայց նրանք ծրագրում էին դարան մտնել և ճանապարհին սպանել Պողոսին:+
4 Սակայն Ֆեստոսը պատասխանեց, որ Պողոսը պետք է ձերբակալված մնա Կեսարիայում, և որ ինքն էլ շուտով վերադառնալու է այնտեղ:
5 Ապա ավելացրեց. «Ձեզնից նրանք, ովքեր իշխանություն ունեն, թող գան ինձ հետ և այդ մարդու դեմ իրենց մեղադրանքները ներկայացնեն, եթե իհարկե նա որևէ սխալ բան է արել»:+
6 Ֆեստոսը ութ կամ տասը օր մնաց Երուսաղեմում, ապա վերադարձավ Կեսարիա: Հաջորդ օրը նստելով դատավորական աթոռին՝ նա հրամայեց, որ Պողոսին բերեն:
7 Երբ նրան բերեցին, Երուսաղեմից եկած հրեաները հավաքվեցին նրա շուրջը և սկսեցին բազմաթիվ լուրջ մեղադրանքներ ներկայացնել նրա դեմ, սակայն ապացույցներ չէին կարողանում բերել:+
8 Պողոսը, ի պաշտպանություն իրեն, ասաց. «Ես որևէ մեղք չեմ գործել ո՛չ հրեաների Օրենքի, ո՛չ տաճարի և ո՛չ էլ կայսրի դեմ»:+
9 Ֆեստոսն էլ, ցանկանալով հաճեցնել հրեաներին,+ ասաց Պողոսին. «Եթե ուզում ես, կարող ենք գնալ Երուսաղեմ, ու քո դատը այնտե՛ղ լինի իմ առաջ»:
10 Պողոսը պատասխանեց. «Ես կանգնած եմ կայսրի դատավորական աթոռի առաջ, որտեղ էլ պետք է դատվեմ: Ես ոչ մի վատ բան չեմ արել հրեաներին, ինչպես ինքդ էլ լավ գիտես:
11 Սակայն եթե իսկապես հանցավոր եմ և մահվան արժանի մեղք եմ գործել,+ մեռնելուց չեմ խուսափում: Բայց եթե իմ դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավոր չեն, ոչ ոք իրավունք չունի ինձ այս մարդկանց ձեռքը մատնել նրանց հաճեցնելու համար: Ես կայսրի՛ն եմ բողոքում»:+
12 Խորհրդատուների հետ խոսելուց հետո Ֆեստոսը պատասխանեց. «Կայսրին ես բողոքում, կայսրի մոտ էլ կգնաս»:
13 Մի քանի օր անց Ագրիպաս թագավորը և Բերնիկեն, ի նշան հարգանքի, պաշտոնական այցով եկան Կեսարիա՝ Ֆեստոսի մոտ:
14 Նրանք այնտեղ շատ օրեր անցկացրին, և մի առիթով Ֆեստոսը թագավորին ներկայացրեց Պողոսի գործը՝ ասելով.
«Մի մարդ կա այստեղ, որին Ֆելիքսը բանտարկված է թողել:
15 Երբ ես Երուսաղեմում էի, հրեաների ավագ քահանաներն ու երեցները այդ մարդու դեմ մեղադրանքներ առաջադրեցին+ և պահանջեցին, որ դատապարտվի:
16 Բայց ես պատասխանեցի նրանց, որ համաձայն հռոմեական օրենքի՝ չի թույլատրվում մեղադրողների խնդրանքով որևէ մարդու հանձնել իրենց ձեռքը, մինչև մեղադրյալը և նրան մեղադրողները երես առ երես չհանդիպեն, և մեղադրյալին հնարավորություն չտրվի ի պաշտպանություն իրեն խոսելու:+
17 Երբ նրանք եկան այստեղ, ես առանց հետաձգելու հաջորդ օրը դատական նիստ հրավիրեցի և հրամայեցի, որ այդ մարդուն բերեն:
18 Բայց հակառակ իմ ակնկալածի՝ նրան մեղադրողները ոչ մի հիմնավոր ապացույց չբերեցին, որ նա հանցավոր է:+
19 Նրանք պարզապես Պողոսի հետ վիճում էին իրենց կրոնի+ և ոմն Հիսուսի մասին, որը մահացել է, սակայն Պողոսի պնդմամբ՝ ողջ է:+
20 Ուստի չիմանալով՝ այդ խնդրին ինչ լուծում տալ՝ նրան հարցրի, թե արդյոք կցանկանա գնալ Երուսաղեմ, որ նրա դատը այնտեղ լինի:+
21 Բայց նա բողոքարկեց՝ խնդրելով, որ մինչև Օգոստափառի* վճիռ կայացնելը իրեն պահեն այստեղ:+ Այդ պատճառով ես հրամայեցի կալանքի տակ պահել նրան, մինչև որ կայսրի մոտ ուղարկեմ»:
22 Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Կուզեի լսել այդ մարդուն»:+ Նա էլ ասաց. «Վաղը կլսես նրան»:
23 Հաջորդ օրը Ագրիպասն ու Բերնիկեն մեծ շուքով եկան և զորապետների ու քաղաքի հեղինակավոր մարդկանց ուղեկցությամբ մտան դատարան: Ֆեստոսի հրամանով Պողոսին ներս բերեցին:
24 Ֆեստոսն ասաց. «Ագրիպա՛ս թագավոր և բոլո՛րդ, որ ներկա եք, ձեր առաջ կանգնած է մի մարդ, որի դեմ ողջ հրեա ժողովուրդը մեղադրանք է ներկայացրել ինձ թե՛ Երուսաղեմում, թե՛ այստեղ: Նրանք բոլորը բղավելով նրա մահն էին պահանջում:+
25 Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել:+ Ուստի երբ այս մարդը բողոքեց Օգոստափառին, որոշեցի նրա մոտ ուղարկել նրան:
26 Սակայն նրա վերաբերյալ հստակ բան չունեմ իմ տիրոջը գրելու: Դրա համար էլ նրան ձեր առջև բերեցի, հատկապես քո առջև, Ագրիպա՛ս թագավոր, որպեսզի դատաքննությունն անցկացնելուց հետո գրելու ինչ-որ բան ունենամ,
27 որովհետև ըստ իս՝ խելամիտ չէ բանտարկյալ ուղարկել Հռոմ՝ առանց նշելու, թե ինչում է նա մեղադրվում»: