Գործեր 27։1-44
27 Երբ որոշվեց, որ նավով գնալու ենք Իտալիա,+ Պողոսին և մի քանի ուրիշ բանտարկյալների հանձնեցին կայսերական* գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի:
2 Մենք նստեցինք Ադրամիտայից եկած մի նավ, որը ուղևորվելու էր Ասիայի ծովեզերքով ձգվող նավահանգիստներ, և ճանապարհ ընկանք: Մեզ հետ էր նաև Արիստարքոսը՝+ Թեսաղոնիկեից մի մակեդոնացի:
3 Հաջորդ օրը, երբ հասանք Սիդոն, Հուլիոսը բարություն դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ գնա իր ընկերների մոտ, որպեսզի հոգ տանեն իր համար:
4 Այնտեղից ճանապարհը շարունակեցինք և անցանք Կիպրոսի կողքով՝ պատսպարվելով հակառակ կողմից փչող քամիներից:
5 Հետո կտրեցինք բաց ծովը՝ անցնելով Կիլիկիայի ու Պամփյուլիայի երկայնքով, և հասանք Միռա, որը Լյուկիայում է:
6 Հարյուրապետը այնտեղ Ալեքսանդրիայից եկած մի նավ գտավ, որն ուղևորվում էր Իտալիա, և մեզ նստեցրեց այդ նավը:
7 Այնուհետև շատ օրեր դանդաղ նավարկելուց հետո դժվարությամբ հասանք Կնիդոս: Քանի որ քամու պատճառով չէինք կարողանում առաջ գնալ, Սաղմոնիայի մոտով նավարկեցինք Կրետեի կողքով, որտեղ էլ պատսպարվեցինք քամուց:
8 Կղզու երկայնքով դժվարությամբ նավարկելով՝ հասանք «Գեղեցիկ նավահանգիստ» կոչվող մի վայր, որը Լասեա քաղաքի մոտ էր գտնվում:
9 Քանի որ բավականին ժամանակ էր անցել, անգամ ավարտվել էր Քավության օրվա+ ծոմապահությունը,* և նավարկելը վտանգավոր էր, Պողոսն ասաց.
10 «Տեսնում եմ, որ եթե շարունակենք ճանապարհը, վնասներ ու մեծ կորուստներ կունենանք. կկորցնենք ոչ միայն բեռն ու նավը, այլև մեր կյանքը»:
11 Սակայն հարյուրապետը Պողոսին լսելու փոխարեն ականջ դրեց նավավարին և նավատիրոջը:
12 Քանի որ նավահանգիստը հարմար չէր ձմեռելու համար, մեծամասնությունը առաջարկեց այնտեղից ճանապարհ ընկնել դեպի Փյունիկ ու, եթե հաջողվի, այնտեղ ձմեռել: Կրետեի այդ նավահանգիստը կարելի էր հասնել հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից:
13 Երբ հարավային մեղմ քամին փչեց, նավաստիները կարծեցին, թե հասնում են իրենց նպատակին, ուստի խարիսխը բարձրացրին ու սկսեցին նավարկել Կրետեի ափի երկայնքով:
14 Սակայն կարճ ժամանակ անց մի կատաղի քամի մոլեգնեց, որը Եվրակիլոն* է կոչվում:
15 Նավը սաստիկ փոթորկի մեջ ընկավ, ու չկարողացանք քամուն դիմադրել, ուստի հանձնվեցինք, և քամին նավը քշեց:
16 Նույնիսկ երբ պատսպարվեցինք Կլավդա կոչվող կղզու մոտ, հազիվ կարողացանք փրկել մակույկը, որն ամրացված էր նավի հետնամասին:
17 Մակույկը նավ բարձրացնելուց հետո նրանք պարաններով ամրացրին նավակմախքը: Վախենալով, որ Սիրտիսում* նավը կխրվի ծանծաղուտի մեջ՝ առագաստն իջեցրին: Քամին շարունակում էր քշել մեզ:
18 Ու քանի որ նավը սաստիկ տարուբերվում էր փոթորկից, հաջորդ օրը սկսեցին թեթևացնել այն,
19 իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքով նավի որոշ սարքավորումներ ծովը նետեցին:
20 Շատ օրեր անցան. ո՛չ արևն էր երևում, ո՛չ էլ աստղերը, փոթորիկն էլ չէր դադարում, և ի վերջո մենք լրիվ կորցրինք փրկվելու հույսը:
21 Արդեն երկար ժամանակ էր, ինչ նրանք հաց չէին կերել: Պողոսը կանգնեց ու ասաց. «Եթե ընդունեիք խորհուրդս և Կրետեից ծով դուրս չգայիք, այս վնասն ու կորուստը չէիք կրի:+
22 Ինչևիցե, հիմա խնդրում եմ, թևաթափ մի՛ եղեք, որովհետև ոչ ոք չի մահանա, միայն նավը կկորչի:
23 Այս գիշեր Աստված, որին ես երկրպագում եմ ու սուրբ ծառայություն եմ մատուցում, մի հրեշտակ ուղարկեց,+ որը կանգնեց կողքիս
24 ու ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս: Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես,+ և հանուն քեզ՝ Աստված կփրկի բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են»:
25 Ուստի մի՛ հուսալքվեք, որովհետև ես հավատում եմ, որ Աստված կանի ճիշտ այնպես, ինչպես ասել է:
26 Բայց մենք նավաբեկության կենթարկվենք մի կղզու մոտ»:+
27 Արդեն 14-րդ գիշերն էր. մենք դեռ Ադրիա ծովի վրա այս ու այն կողմ էինք տարուբերվում: Կեսգիշերին նավաստիները սկսեցին հասկանալ, որ ցամաքի են մոտենում:
28 Նրանք չափեցին խորությունը, և պարզվեց, որ այն 20 գրկաչափ* է, ուստի կարճ տարածություն անցնելուց հետո նորից չափեցին՝ 15 գրկաչափ* էր:
29 Վախենալով, որ կբախվեն ժայռերի՝ նրանք նավի հետնամասից չորս խարիսխ նետեցին ու անհամբերությամբ սկսեցին սպասել, թե օրը երբ է բացվելու:
30 Նավաստիները փորձեցին նավից փախչել և ձևացնելով, թե ուզում են նավաքթից խարիսխներ գցել՝ մակույկը ծովն իջեցրին:
31 Այդ ժամանակ Պողոսն ասաց հարյուրապետին ու զինվորներին. «Եթե այս մարդիկ նավում չմնան, դուք չեք կարողանա փրկվել»:+
32 Ուստի զինվորները կտրեցին մակույկի պարանները, և այն հեռացավ նավից:
33 Լուսաբացին մոտ Պողոսը հորդորեց բոլորին հաց ուտել՝ ասելով. «Այսօր արդեն 14-րդ օրն է, որ անհանգստությամբ սպասում եք ու ոչինչ չեք կերել:
34 Ուստի խնդրում եմ, մի բան կերեք, քանի որ դա ձեր օգտի համար է: Ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ անգամ չի ընկնի»:
35 Հետո նա հաց վերցրեց, բոլորի առաջ շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց այն ու սկսեց ուտել:
36 Բոլորը քաջալերվեցին, և իրենք էլ սկսեցին ուտել:
37 (Նավի վրա բոլորս միասին 276 հոգի էինք):
38 Երբ նրանք կշտացան, սկսեցին ցորենը ծովը նետել, որպեսզի թեթևացնեն նավը:+
39 Ի վերջո երբ օրը բացվեց, նրանք մի ծովածոց տեսան, բայց չէին կողմնորոշվում, թե որտեղ են:+ Ուստի որոշեցին, որ եթե հնարավոր լինի, նավը ափ կհանեն:
40 Նրանք կտրեցին խարիսխների պարանները և խարիսխները ծովում թողեցին, միևնույն ժամանակ ղեկաթիերի պարաններն արձակեցին ու առաջամասի առագաստը քամու ուղղությամբ բարձրացնելուց հետո նավարկեցին դեպի ափ:
41 Նավը խրվեց ավազոտ ծանծաղուտի մեջ ու կանգնեց: Նավաքիթը մխրճվեց տիղմի մեջ ու մնաց անշարժ, իսկ նավի հետնամասը ալիքների ուժգին հարվածներից սկսեց ջարդուփշուր լինել:+
42 Զինվորները որոշեցին սպանել բանտարկյալներին, որ ոչ մեկը լողալով չփախչի:
43 Բայց հարյուրապետը ուզում էր փրկել Պողոսին, ուստի հետ պահեց նրանց իրենց մտադրությունից: Նա հրամայեց, որ ովքեր կարողանում են լողալ, առաջինը ծովը նետվեն և ցամաք դուրս գան,
44 իսկ մյուսները նրանց հետևից լողան տախտակների կամ նավի այլ բեկորների օգնությամբ: Այսպիսով՝ բոլորը ապահով ցամաք հասան:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Օգոստոսի»:
^ Այն պահում էին թիշրի ամսին, որը անձրևների ու փոթորիկների սեզոնի սկիզբն էր:
^ Հյուսիսարևելյան քամի:
^ Մոտ 36 մ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 27 մ: