Գործեր 3։1-26

  • Պետրոսը բուժում է մի կաղ մուրացկանի (1-10)

  • Պետրոսի ելույթը՝ Սողոմոնի սյունասրահում (11-26)

    • «Բոլոր բաների վերականգնման ժամանակները» (21)

    • Մովսեսի նման մարգարե (22)

3  Մի անգամ Պետրոսն ու Հովհաննեսը աղոթքի ժամին՝ մոտավորապես երեքին,* գնում էին տաճար:  Այդ ժամանակ մի մարդու բերեցին, որն ի ծնե կաղ էր: Ամեն օր նրան թողնում էին տաճարի այն դարպասի մոտ, որը Գեղեցիկ էր կոչվում, որպեսզի տաճար մտնողներից ողորմություն խնդրի:  Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ուզում էին տաճար մտնել, սկսեց ողորմություն խնդրել նրանցից:  Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նայեցին նրան, ու Պետրոսն ասաց. «Մե՛զ նայիր»:  Նա էլ իր հայացքը հառեց նրանց՝ ակնկալելով, որ ինչ-որ բան կտան:  Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, այն եմ տալիս. նազարեթցի Հիսուս Քրիստոսի անունով վե՛ր կաց ու քայլի՛ր»:+  Ապա բռնեց նրա աջ ձեռքն ու բարձրացրեց նրան:+ Հենց այդ պահին նրա ոտքերն ամրացան,+  և նա ցատկելով կանգնեց+ ու սկսեց քայլել: Հետո նրանց հետ տաճար մտավ՝ քայլելով, թռչկոտելով ու Աստծուն գովաբանելով:  Բոլորը տեսան, որ նա քայլում է ու գովաբանում Աստծուն, 10  և ճանաչեցին, որ նա տաճարի՝ Գեղեցիկ կոչվող դարպասի մոտ նստող մուրացկանն էր:+ Նրանք շատ զարմացան ու ապշեցին տեղի ունեցածի պատճառով: 11  Այս մարդը Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում: Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը ապշահար վազեց նրանց մոտ՝ դեպի Սողոմոնի սյունասրահ կոչվող վայրը:+ 12  Սա տեսնելով՝ Պետրոսը ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, ինչո՞ւ եք զարմանում և այնպես նայում մեզ, ասես մեր իսկ զորության կամ Աստծու հանդեպ մեր նվիրվածության շնորհիվ նա քայլեց: 13  Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝+ մեր նախահայրերի Աստվածը, փառավորեց իր Ծառային՝+ Հիսուսին,+ որին դուք մահվան մատնեցիք+ և ուրացաք Պիղատոսի առաջ, չնայած որ վերջինս որոշել էր ազատ արձակել նրան: 14  Այո՛, դուք ուրացաք նրան, ով սուրբ էր ու արդար, և խնդրեցիք, որ ազատ արձակվի մի մարդասպան:+ 15  Դուք սպանեցիք կյանք պարգևող գլխավոր Առաջնորդին,+ բայց Աստված հարություն տվեց նրան, ինչի վկաներն ենք մենք:+ 16  Հիսուսի անվան ու դրա հանդեպ մեր հավատի շնորհիվ է, որ այս մարդու ոտքերն ամրացան: Հիսուսի հանդեպ մեր հավատի շնորհի՛վ այս մարդը, որին դուք տեսնում ու ճանաչում եք, առողջացավ ձեր աչքի առաջ: 17  Եղբայրնե՛ր, գիտեմ, որ դուք անգիտությամբ վարվեցիք,+ ինչպես և ձեր առաջնորդները:+ 18  Բայց այդպիսով Աստված կատարեց այն, ինչ նախօրոք իր բոլոր մարգարեների միջոցով հայտնել էր. իր Քրիստոսը պետք է չարչարվեր:+ 19  Ուրեմն զղջացե՛ք+ և դարձի՛ եկեք,+ որ ձեր մեղքերը ջնջվեն,+ որ Եհովան* թարմություն* տա ձեզ 20  և ուղարկի ձեզ համար նշանակված Քրիստոսին՝ Հիսուսին: 21  Նա պետք է մնա երկնքում, մինչև որ գան բոլոր բաների վերականգնման ժամանակները, ինչի մասին Աստված ասել է հնում ապրած իր սուրբ մարգարեների միջոցով: 22  Մովսեսն ասել է. «Ձեր Աստված Եհովան ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ:+ Դուք պետք է լսեք նրան, ինչ էլ որ ասի ձեզ:+ 23  Եվ յուրաքանչյուր ոք,* ով չլսի այդ Մարգարեին, կբնաջնջվի Աստծու ժողովրդի միջից»:+ 24  Բոլոր մարգարեները, սկսած Սամուելից, նույնպես հստակ կերպով հայտնել են այս օրերի մասին:+ 25  Դուք մարգարեների որդիներն եք և ժառանգները այն ուխտի,* որն Աստված կապեց ձեր նախահայրերի հետ,+ երբ Աբրահամին ասաց. «Քո սերնդի միջոցով երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն»:+ 26  Աստված իր Ծառային նախ ձեզ մոտ ուղարկեց,+ որպեսզի օրհնի ձեզ՝ օգնելով ամեն մեկիդ վերջ տալ ձեր չար գործերին»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «իններորդ ժամին [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «թարմության ժամանակներ»:
Կամ՝ «հոգի»:
Բառարանում տես «Ուխտ»: