Գործեր 9։1-43
9 Սողոսը, որը դեռ ատելությամբ էր լցված և ցանկանում էր սպանել Տիրոջ աշակերտներին,+ գնաց քահանայապետի մոտ
2 և նրանից նամակներ խնդրեց՝ ուղղված Դամասկոսի ժողովարաններին, որպեսզի ցանկացած մեկի, ով հետևում է Ճանապարհին՝*+ տղամարդ թե կին, կապի և Երուսաղեմ բերի:
3 Երբ Սողոսը մոտենում էր Դամասկոսին, հանկարծ երկնքից մի լույս փայլատակեց նրա վրա:+
4 Նա գետին ընկավ ու մի ձայն լսեց. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»:
5 Նա հարցրեց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»: Նա էլ պատասխանեց. «Ես Հիսուսն եմ,+ որին դու հալածում ես:+
6 Վե՛ր կաց ու գնա՛ քաղաք, և քեզ կասվի, թե ինչ պիտի անես»:
7 Նրա հետ ճամփորդող մարդիկ պապանձված կանգնած էին. նրանք ինչ-որ ձայն էին լսում, սակայն ոչ ոքի չէին տեսնում:+
8 Սողոսը վեր կացավ, ու թեև նրա աչքերը բաց էին, նա ոչինչ չէր տեսնում: Ուստի նրան, ձեռքից բռնած, ուղեկցեցին Դամասկոս:
9 Երեք օր նա ոչինչ չէր տեսնում+ և ո՛չ ուտում էր, ո՛չ էլ խմում:
10 Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար:+ Տեսիլքում Տերը նրան ասաց. «Անա՛նիա»: Նա էլ ասաց. «Այո՛, Տե՛ր»:
11 Տերն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛ Ուղիղ կոչվող փողոց՝ Հուդայի տուն, և այնտեղ հարցրու Սողոս անունով մի տարսոնացու:+ Հիմա նա աղոթում է:
12 Տեսիլքում նա Անանիա անունով մի մարդու է տեսել, որը մտել է ու ձեռքերը իր վրա դրել, որպեսզի տեսողությունը վերականգնվի»:+
13 Սակայն Անանիան պատասխանեց. «Տե՛ր, այդ մարդու մասին ես շատերից եմ լսել. լսել եմ, որ բազմաթիվ վնասներ է պատճառել քո սրբերին* Երուսաղեմում:
14 Նա ավագ քահանաներից իշխանություն է ստացել այստեղ էլ ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր կանչում են քո անունը»:+
15 Բայց Տերն ասաց նրան. «Գնա՛, որովհետև ես ընտրել եմ այդ մարդուն,*+ որ նա իմ անունը հայտնի մյուս ազգերին,+ ինչպես նաև թագավորներին+ ու իսրայելացիներին:
16 Նրան ցույց եմ տալու, թե ինչքան չարչարանքներ պիտի կրի իմ անվան համար»:+
17 Ուստի Անանիան գնաց ու մտավ այդ տունը և ձեռքերը նրա վրա դնելով՝ ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, Տեր Հիսուսը, որ քեզ երևաց այն ճանապարհին, որով գալիս էիր, ինձ ուղարկեց, որպեսզի կրկին կարողանաս տեսնել և սուրբ ոգով լցվես»:+
18 Հենց այդ պահին Սողոսի աչքերից թեփուկի նման ինչ-որ բաներ ընկան, և նա սկսեց տեսնել: Նա մկրտվեց,
19 ապա հաց կերավ ու զորացավ:
Մի քանի օր նա Դամասկոսում աշակերտների հետ մնաց:+
20 Նա անմիջապես սկսեց ժողովարաններում քարոզել, որ Հիսուսն է Աստծու Որդին:
21 Իսկ նրան լսողները զարմանում էին ու ասում. «Սա այն մարդը չէ՞, որ Երուսաղեմում կատաղի հալածում էր նրանց, ովքեր այդ անունն են կանչում,+ և հիմա եկել է այստեղ, որ նրանց ձերբակալի ու ավագ քահանաների մոտ տանի»:+
22 Բայց Սողոսը ավելի ու ավելի արդյունավետորեն էր քարոզում և տրամաբանորեն ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը՝ պապանձեցնում էր Դամասկոսի հրեաներին:+
23 Որոշ ժամանակ անց հրեաները դավադրություն ծրագրեցին Սողոսի դեմ, որ սպանեն նրան:+
24 Սակայն Սողոսը իմացավ նրանց դավադրության մասին: Ու քանի որ նրանք գիշեր-ցերեկ ուշադիր հսկում էին դարպասները, որպեսզի սպանեին Սողոսին,
25 նրա աշակերտները գիշերը զամբյուղով պարսպի պատուհանից ցած իջեցրին նրան:+
26 Երբ նա Երուսաղեմ եկավ,+ շատ ջանքեր գործադրեց, որ միանա աշակերտներին, սակայն բոլորը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, որ նա աշակերտ է դարձել:
27 Բայց Բառնաբասը+ նրան օգնության եկավ: Նա Սողոսին տարավ առաքյալների մոտ և նրանց մանրամասնորեն պատմեց, թե նա ինչպես էր ճանապարհին տեսել Տիրոջը,+ որը խոսել էր նրա հետ, և թե ինչպես էր Դամասկոսում համարձակորեն խոսել Հիսուսի անունով:+
28 Ուստի Սողոսը մնաց նրանց հետ և շրջում էր Երուսաղեմում՝ քաջությամբ խոսելով Տիրոջ անունով:
29 Նա զրուցում ու բանավիճում էր հունախոս հրեաների հետ: Նրանք փորձեր արեցին սպանել նրան,+
30 բայց երբ եղբայրներն իմացան այդ մասին, նրան տարան Կեսարիա, իսկ հետո ուղարկեցին Տարսոն:+
31 Այնուհետև ամբողջ Հրեաստանի, Գալիլեայի ու Սամարիայի ժողովների+ համար խաղաղ ժամանակներ եկան: Ժողովներն ամրանում էին, և աշակերտների թիվն ավելանում էր, քանի որ նրանք ապրում էին Եհովայի հանդեպ վախով* և սուրբ ոգու միջոցով մխիթարություն էին ստանում:+
32 Պետրոսը, երբ ճամփորդում էր ողջ շրջանով, գնաց նաև Լիդդայում ապրող սրբերի մոտ:+
33 Այնտեղ նա Ենեաս անունով մի մարդու տեսավ, որը անդամալույծ էր և ութ տարի էր, ինչ գամված էր անկողնուն:
34 Պետրոսն ասաց նրան. «Ենեա՛ս, Հիսուս Քրիստոսը բուժում է քեզ:+ Վե՛ր կաց և հարդարի՛ր անկողինդ»:+ Եվ նա իսկույն վեր կացավ:
35 Երբ Լիդդայում ու Սարոնի հարթավայրում բնակվողները տեսան նրան, հավատացին Տիրոջը:
36 Մի աշակերտ կար Հոպպեում՝ Տաբիթա անունով, որը հունարեն թարգմանվում է Դորկաս:* Նա բազմաթիվ բարի գործեր էր անում և առատաձեռնորեն օգնում էր աղքատներին:
37 Բայց այնպես պատահեց, որ հենց այդ օրերին նա հիվանդացավ ու մահացավ: Ուստի նրան լողացրին ու պառկեցրին վերնասենյակում:
38 Քանի որ Լիդդան մոտ էր Հոպպեին, երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսը այնտեղ է, երկու հոգու ուղարկեցին նրա մոտ, որ ասեն. «Խնդրում ենք, շուտ մեզ մոտ արի»:
39 Պետրոսը վեր կացավ ու գնաց նրանց հետ: Երբ նա տեղ հասավ, նրան ուղեկցեցին վերնասենյակ: Բոլոր այրիները հավաքվեցին նրա մոտ: Նրանք լաց լինելով ցույց էին տալիս այն վերնազգեստներն ու հագուստները, որոնք Դորկասը պատրաստել էր:
40 Պետրոսը խնդրեց, որ բոլորը դուրս գան,+ ապա ծնկի եկավ, աղոթեց ու շրջվելով դեպի մահացածը՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»: Նա բացեց աչքերը և տեսնելով Պետրոսին՝ վեր կացավ նստեց:+
41 Իր ձեռքը տալով՝ Պետրոսը օգնեց նրան կանգնել, ապա կանչեց սրբերին, այդ թվում՝ այրիներին, և նրանք տեսան, որ նա ողջ է:+
42 Այս դեպքը հայտնի դարձավ ամբողջ Հոպպեում, և շատերը հավատացին Տիրոջը:+
43 Պետրոսը որոշ ժամանակ մնաց Հոպպեում՝ Սիմոն անունով մի կաշեգործի մոտ:+
Ծանոթագրություններ
^ Խոսքը քրիստոնեական ապրելակերպի և ուսմունքի մասին է:
^ Բռց.՝ «այս մարդը ընտրյալ անոթ է ինձ համար»:
^ Բառարանում տես «Աստվածավախություն»:
^ Հուն. Դորկաս կամ արամ. Տաբիթա կանացի անունը նշանակում է «այծյամ»: