Դանիել 11։1-45

  • Պարսկաստանի և Հունաստանի թագավորները (1-4)

  • Հարավի և հյուսիսի թագավորները (5-45)

    • Մի հավաքագրող է ուղարկվելու (20)

    • Ուխտի Առաջնորդը կսպանվի (22)

    • Ամրոցների աստծուն փառք կտրվի (38)

    • Հակամարտություն՝ հարավի և հյուսիսի թագավորների միջև (40)

    • Անհանգստացնող լուրեր՝ արևելքից և հյուսիսից (44)

11  «Մարաց Դարեհի+ իշխանության առաջին տարում ես սկսեցի աջակցել ու զորացնել նրան:*  Այն, ինչ հիմա կպատմեմ քեզ, վստահարժան է: Պարսկաստանում ևս երեք թագավոր է իշխանության գալու,* և չորրորդը ավելի մեծ հարստություն է կուտակելու, քան մյուս բոլորը: Երբ նա իր հարստությամբ զորավոր դառնա, ամենքին և ամեն բան կհանի Հունաստանի թագավորության դեմ:+  Մի հզոր թագավոր է ի հայտ գալու, որը մեծ իշխանություն է ունենալու*+ և անելու է այն, ինչ կամենալու է:  Երբ նա հասնի իր իշխանության գագաթնակետին, նրա թագավորությունը կփլուզվի և կցրվի երկրի չորս կողմերով:*+ Այն չի տրվի նրա սերունդներին և այլևս չի լինի այնքան հզոր, որքան որ նրա իշխանության օրոք էր, քանի որ նրա թագավորությունը արմատախիլ կլինի և ուրիշներին կտրվի:  Նրա իշխաններից մեկը, այսինքն՝ հարավի թագավորը, կհզորանա: Բայց մեկ ուրիշը* կգերազանցի նրան ու շատ մեծ իշխանություն կունենա, ավելի մեծ, քան նրանը:  Տարիներ անց նրանք դաշինք կկնքեն իրար հետ, և հարավի թագավորի աղջիկը կգա հյուսիսի թագավորի մոտ, որպեսզի համաձայնություն կնքի: Բայց նա կկորցնի իր զորությունը, թագավորը նույնպես կկորցնի իր զորությունը: Աղջիկը, նրան բերողները, ինչպես նաև նրա հայրն ու այդ ժամանակներում նրան զորացնողը ուրիշների ձեռքը կմատնվեն:  Աղջկա արմատներից առաջացած մի ընձյուղ կզբաղեցնի նրա* տեղը: Նա դուրս կգա զորքի և հյուսիսի թագավորի ամրոցի դեմ, կհարձակվի դրանց վրա ու հաղթանակ կտանի:  Նրանց աստվածներով, ձուլածո կուռքերով, արծաթե ու ոսկե թանկարժեք իրերով և գերիներով նա կգա Եգիպտոս: Նա մի քանի տարի հյուսիսի թագավորին հանգիստ կթողնի:  Հյուսիսի թագավորը կհարձակվի հարավի թագավորի թագավորության վրա, բայց հետո կվերադառնա իր երկիր: 10  Իսկ նրա որդիները կպատրաստվեն պատերազմի ու հսկայական զորք կհավաքեն: Նա առաջ կշարժվի ու հեղեղի պես կանցնի երկրով: Բայց հետո հետ կդառնա ու ողջ ճանապարհին կպատերազմի, մինչև որ հասնի ամրոցը: 11  Հարավի թագավորը կզայրանա, դուրս կգա և կպատերազմի նրա, այսինքն՝ հյուսիսի թագավորի դեմ: Նա էլ մեծ բազմություն ոտքի կհանի, բայց այն կտրվի նրա* ձեռքը: 12  Այդ բազմությունը կպարտվի:* Նա* կմեծամտանա ու կկործանի տասնյակ հազարավորների, բայց չի օգտվի իր հզոր դիրքից: 13  Հյուսիսի թագավորը կվերադառնա և նախորդից ավելի մեծ բազմություն կհավաքի: Որոշ ժամանակ անց՝ մի քանի տարի հետո, նա անպայման կգա մեծ և լավ սպառազինված զորքով: 14  Այդ ժամանակներում շատերը հարավի թագավորի դեմ դուրս կգան: Քո ժողովրդի միջից բռնարար մարդիկ* կընկնեն ուրիշների ազդեցության տակ ու կփորձեն իրագործել տեսիլքը, բայց հաջողություն չեն ունենա: 15  Հյուսիսի թագավորը կգա, պատնեշ կկանգնեցնի և մի ամրացված քաղաք կգրավի: Իսկ հարավի զորքերը,* անգամ նրա լավագույն ռազմիկները չեն կարողանա դիմադրել. նրանք դիմադրելու ուժ չեն ունենա: 16  Հարավի թագավորի դեմ դուրս եկողը կանի այն, ինչ կկամենա, և ոչ ոք չի կարողանա դիմակայել նրան: Նա կկանգնի Չքնաղ* երկրում,+ և նրա ձեռքում կործանելու զորություն կլինի: 17  Նա կվճռի գալ իր թագավորության ողջ զորությամբ: Նրա հետ համաձայնություն կկնքվի, ու նա կիրագործի իր մտքինը: Նրան թույլ կտրվի վնաս հասցնել կանանց աղջկան: Վերջինս չի կարողանա դիմադրել ու այլևս նրանը չի լինի: 18  Նա* իր ուշադրությունը կդարձնի ծովափնյա շրջաններին ու շատ տարածքներ կգրավի: Եվ մի զորապետ վերջ կդնի նրա գոռոզ վարքագծին, և գոռոզությամբ վարվողը կնվաստացվի: 19  Հետո վերջինս կվերադառնա իր երկրի ամրոցները, բայց կսայթաքի և կընկնի ու այլևս գոյություն չի ունենա: 20  Նրա տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը, ով հավաքագրող* կուղարկի, որ նա անցնի փառահեղ թագավորության միջով: Բայց մի քանի օրից նա* կկործանվի, թեև պատճառը ո՛չ բարկությունը կլինի, ո՛չ էլ պատերազմը: 21  Նրա տեղը կզբաղեցնի մեկը, ով արհամարհված* է, և նրան թագավորական մեծափառության չեն արժանացնի: Նա կգա խաղաղ ժամանակ* և խորամանկությամբ* կտիրանա թագավորությանը: 22  Նա կջախջախի զորքերը, որ հեղեղի են նման: Դրանք կկործանվեն, իսկ ուխտի+ Առաջնորդը+ կսպանվի: 23  Քանի որ նրա հետ դաշինք կկնքվի, նա խաբեությամբ կվարվի և փոքրաթիվ ազգի օգնությամբ կհզորանա: 24  Խաղաղ ժամանակ նա կմտնի մարզի ամենահարուստ տարածքները և կանի այն, ինչ իր նախորդները չեն արել: Նա ժողովրդի միջև կբաժանի կողոպտվածը, ավարը և ունեցվածքը, ծրագրեր կկազմի ամրությունների դեմ, բայց միայն մի որոշ ժամանակ: 25  Նա ուժ և քաջություն կհավաքի, որ մեծ զորքով դուրս գա հարավի թագավորի դեմ: Հարավի թագավորն էլ կպատրաստվի պատերազմելու նրա դեմ չափազանց մեծ ու հզոր զորքով: Բայց նա* չի կարողանա դիմադրել, որովհետև իր դեմ ծրագրեր կկազմվեն: 26  Նրան կկործանեն հենց նրա ընտիր կերակուրներն ուտողները: Նրա զորքը կջախջախվի, և շատերը կսպանվեն: 27  Այս երկու թագավորների սիրտը հակված կլինի չարիք անելու: Նրանք կնստեն մի սեղանի շուրջ և կստեն իրար: Սակայն հաջողություն չեն ունենա, քանի որ վերջը սահմանված ժամանակին է գալու:+ 28  Նա* իր երկիր կվերադառնա շատ ունեցվածքով և կվճռի դուրս գալ սուրբ ուխտի դեմ: Նա կիրագործի իր մտադրությունն ու կվերադառնա իր երկիր: 29  Սահմանված ժամանակին նա կրկին դուրս կգա հարավի դեմ: Բայց այս անգամ առաջվա պես չի լինի, 30  քանի որ նրա դեմ դուրս կգան Կիտիմի+ նավերը, և նա կխոնարհեցվի: Նա կվերադառնա ու իր բարկությունը կթափի սուրբ ուխտի վրա+ և կիրագործի իր մտադրությունը: Երբ վերադառնա, ուշադրություն կդարձնի սուրբ ուխտը դրժողներին: 31  Նրա զորքերը* գործի կանցնեն և կպղծեն սրբարանը,+ որն ամրոց է, ու կդադարեցնեն մշտական զոհաբերությունը:+ Եվ հիմք կդրվի կործանում բերող գարշանքին:+ 32  Նա կեղծավոր խոսքերով* հավատուրացության կտանի նրանց, ովքեր չար գործեր են անում՝ այդպիսով դրժելով ուխտը: Բայց իր Աստծուն ճանաչող ժողովուրդը ամուր կլինի և հաջողություն կունենա: 33  Իմաստություն ունեցող+ մարդիկ շատերին կսովորեցնեն: Մի քանի օր նրանց տառապանք կպատճառեն. նրանք կընկնեն սրից, կայրվեն կրակով, կգերեվարվեն և կկողոպտվեն: 34  Բայց երբ տառապեն, նրանց մի փոքր օգնություն ցույց կտրվի: Շատերը, կեղծավոր խոսքեր ասելով,* կմիանան նրանց: 35  Իմաստություն ունեցող մարդկանցից ոմանց տառապանք կպատճառեն, որպեսզի դրա շնորհիվ մինչև վերջի ժամանակը ժողովուրդը զտվի, մաքրվի և սպիտակեցվի:+ Սա լինելու է սահմանված ժամանակին: 36  Այդ թագավորը կանի այն, ինչ կկամենա, նա իրեն բոլոր աստվածներից կբարձրացնի ու կմեծարի և աստվածների Աստծու դեմ+ ապշեցուցիչ բաներ կխոսի: Նա հաջողություն կունենա, մինչև բարկության ժամանակը ավարտվի, քանի որ այն, ինչ որոշվել է, պետք է կատարվի: 37  Նա կարհամարհի իր հայրերի Աստծուն, կարհամարհի նաև կանանց ցանկություններն ու մյուս բոլոր աստվածներին և իրեն բոլորից բարձր կդասի: 38  Նա փառք կտա ամրոցների աստծուն՝ իր հայրերին անծանոթ մի աստծու՝ տալով նրան ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր և այլ արժեքավոր բաներ: 39  Այդ օտար աստծու օգնությամբ նա հաջողություն կունենա ամենաանառիկ ամրոցների դեմ պայքարում: Իրեն ընդունողներին* նա մեծ փառք կշնորհի ու նրանց շատերի վրա կառավարիչ կնշանակի: Վճարի դիմաց նա տարածքներ կտա: 40  Վերջի ժամանակում հարավի թագավորը հակամարտության մեջ կմտնի հյուսիսի թագավորի հետ, և վերջինս փոթորկի պես դուրս կգա նրա դեմ կառքերով, հեծյալներով ու շատ նավերով: Նա կմտնի երկրներ և հեղեղի պես կանցնի դրանցով: 41  Նաև կմտնի Չքնաղ երկիր+ ու շատ երկրներ կտապալի: Բայց նրա ձեռքից կազատվեն Եդոմը, Մովաբն ու ամմոնացիների գլխավորները: 42  Նա կշարունակի իր զորությունն օգտագործել ընդդեմ երկրների, ու Եգիպտոսն էլ չի ազատվի: 43  Նա կտնօրինի թաքնված գանձերը՝ ոսկին, արծաթը ու Եգիպտոսի բոլոր թանկարժեք բաները: Իսկ լիբիացիներն ու եթովպացիները կհետևեն նրան: 44  Բայց արևելքից և հյուսիսից ստացած լուրերը կանհանգստացնեն նրան, և նա մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի ու կործանի: 45  Իր արքայական վրանները կկանգնեցնի մեծ ծովի ու Չքնաղ երկրի սուրբ լեռան միջև:+ Նա կգնա դեպի իր վախճանը, և ոչ ոք նրան չի օգնի»:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Միքայելին:
Բռց.՝ «վեր կենալու»:
Կամ՝ «մեծ տարածքի վրա է իշխելու»:
Բռց.՝ «դեպի երկնքի չորս քամիները»:
Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:
Ըստ ամենայնի, խոսքը հարավի թագավորի մասին է:
Ըստ ամենայնի, խոսքը հարավի թագավորի մասին է:
Բռց.՝ «կտարվի»:
Այսինքն՝ հարավի թագավորը:
Կամ՝ «կողոպտիչների որդիները»:
Բռց.՝ «բազուկները»:
Կամ՝ «Փառահեղ»:
Այսինքն՝ հյուսիսի թագավորը:
Հավանաբար «հարկահավաք» կամ «վերահսկիչ»:
Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:
Կամ՝ «արհամարհելի»:
Կամ՝ «խարդավանքներով»:
Կամ հնարավոր է՝ «առանց նախազգուշացնելու»:
Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:
Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:
Բռց.՝ «բազուկները»:
Կամ՝ «շողոքորթությամբ»:
Կամ՝ «շողոքորթությամբ»:
Կամ հնարավոր է՝ «Ցանկացած մեկին, ում ինքը կընդունի»: