Դանիել 3։1-30

  • Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե արձան է կանգնեցնում (1-7)

    • Արձանին երկրպագելու հրաման է դուրս գալիս (4-6)

  • Երեք եբրայեցիներ մեղադրվում են հրամանին չհնազանդվելու մեջ (8-18)

    • «Քո աստվածներին մենք չենք ծառայելու» (18)

  • Գցվում են կրակե հնոցը (19-23)

  • Հրաշքով փրկվում են կրակից (24-27)

  • Թագավորը մեծարում է եբրայեցիների Աստծուն (28-30)

3  Նաբուգոդոնոսոր թագավորը մի ոսկե արձան կառուցեց, որի բարձրությունը 60 կանգուն* էր, իսկ լայնությունը՝ 6 կանգուն:* Նա այն կանգնեցրեց Բաբելոնի մարզի Դուրայի հարթավայրում:  Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայեց կանչել սատրապներին,* վերակացուներին, կառավարիչներին, խորհրդականներին, գանձապահներին, դատավորներին, դատական պաշտոնյաներին և մարզերի գործերը տնօրինողներին, որ ներկա լինեն թագավորի կանգնեցրած արձանի հանդիսավոր բացմանը:  Եվ այսպես՝ սատրապները, վերակացուները, կառավարիչները, խորհրդականները, գանձապահները, դատավորները, դատական պաշտոնյաներն ու մարզերի գործերը տնօրինողները եկան՝ մասնակցելու Նաբուգոդոնոսոր թագավորի կառուցած արձանի հանդիսավոր բացմանը, ու կանգնեցին դրա առաջ:  Մունետիկը բարձրաձայն ազդարարեց. «Ո՛վ ժողովուրդներ և ազգեր, որ խոսում եք տարբեր լեզուներով, ձեզ այս հրամանն է տրվում.  «Երբ լսեք եղջերափողի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և երաժշտական այլ գործիքների ձայնը, պետք է ծնկի գաք ու երկրպագեք ոսկե արձանին, որը կանգնեցրել է Նաբուգոդոնոսոր թագավորը:  Ով որ ծնկի չգա ու չերկրպագի արձանին, անմիջապես կգցվի կրակով բորբոքված հնոցը»»:+  Ուստի երբ տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներն ու ազգերը լսեցին եղջերափողի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի և երաժշտական այլ գործիքների ձայնը, ծնկի եկան ու երկրպագեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած ոսկե արձանին:  Այդ ժամանակ որոշ քաղդեացիներ մոտեցան թագավորին ու սկսեցին մեղադրել* հրեաներին:  Նրանք Նաբուգոդոնոսոր թագավորին ասացին. «Ո՛վ արքա, հավիտյան ո՛ղջ եղիր: 10  Դու, ո՛վ արքա, հրամայել ես, որ յուրաքանչյուր մարդ, ով լսի եղջերափողի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և երաժշտական այլ գործիքների ձայնը, պետք է ծնկի գա ու երկրպագի ոսկե արձանին, 11  իսկ ով որ ծնկի չգա ու չերկրպագի, պետք է գցվի կրակով բորբոքված հնոցը:+ 12  Բայց որոշ հրեաներ, որոնց դու նշանակել ես՝ տնօրինելու Բաբելոնի մարզի գործերը՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը,+ քեզ արհամարհում են, ո՛վ թագավոր: Նրանք չեն ծառայում քո աստվածներին և հրաժարվում են երկրպագել քո կանգնեցրած ոսկե արձանին»: 13  Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը, ցասումով լցված, հրամայեց իր մոտ բերել Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին: Ուստի նրանց բերեցին թագավորի մոտ: 14  Նաբուգոդոնոսորն ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, ճի՞շտ է, որ դուք չեք ծառայում իմ աստվածներին+ ու հրաժարվում եք երկրպագել իմ կանգնեցրած ոսկե արձանին: 15  Հիմա, եթե պատրաստ եք եղջերափողի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և երաժշտական այլ գործիքների ձայնը լսելուն պես ծնկի գալ և երկրպագել իմ կառուցած ոսկե արձանին, շա՛տ լավ: Բայց եթե հրաժարվեք երկրպագել, անմիջապես կգցվեք կրակով բորբոքված հնոցը: Ո՞ր մի աստվածը կկարողանա ազատել ձեզ իմ ձեռքից»:+ 16  Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը ասացին թագավորին. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր, կարիք չկա, որ որևէ պատասխան տանք քեզ: 17  Եթե մեզ գցեն հնոցը, Աստված, ում մենք ծառայում ենք, կարող է փրկել մեզ կրակով բորբոքված հնոցից ու ազատել քո ձեռքից:+ 18  Բայց նույնիսկ եթե չփրկի, ո՛վ թագավոր, իմացիր, որ քո աստվածներին մենք չենք ծառայելու և քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագելու»:+ 19  Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը խիստ բարկացավ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի վրա, և նրա դեմքը խոժոռվեց:* Թագավորը հրամայեց, որ հնոցը սովորականից յոթ անգամ ավելի ուժեղ վառեն: 20  Նա իր զորքից մի քանի զորեղ ռազմիկի կարգադրեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին ու Աբեդնագովին և գցեն կրակով բորբոքված հնոցը: 21  Ուստի նրանց իրենց թիկնոցներով, գլխածածկոցներով և մյուս հագուստներով հանդերձ կապեցին ու գցեցին կրակով բորբոքված հնոցը: 22  Եվ քանի որ թագավորի խիստ հրամանի համաձայն հնոցը չափազանց տաքացված էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին հնոցը գցողները մեռան կրակի բոցերից: 23  Իսկ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը՝ երեքը միասին, կապված ընկան կրակով բորբոքված հնոցը: 24  Նաբուգոդոնոսոր թագավորը վախից շտապ վեր կացավ և հարցրեց բարձրաստիճան պաշտոնյաներին. «Մի՞թե երեք հոգու չկապեցինք ու գցեցինք կրակի մեջ»: Նրանք էլ պատասխանեցին. «Այո՛, ո՛վ թագավոր»: 25  Նա ասաց. «Ես չորս մարդ եմ տեսնում, որոնք կապված չեն ու քայլում են կրակի մեջ, և նրանց ոչ մի վնաս չի լինում: Իսկ չորրորդը աստվածների որդու տեսք ունի»: 26  Նաբուգոդոնոսորը մոտեցավ բորբոքված հնոցի դռանն ու ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, Բարձրյալ Աստծու ծառանե՛ր,+ դուրս ելեք ու եկեք այստեղ»: Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից: 27  Եվ այնտեղ հավաքված սատրապները, վերակացուները, կառավարիչներն ու թագավորի բարձրաստիճան պաշտոնյաները+ տեսան, որ կրակը չի վնասել այդ մարդկանց,+ նրանց գլխի մի մազն անգամ չի խանձվել, նրանց թիկնոցներին բան չի եղել, և նրանցից նույնիսկ ծխի հոտ չի գալիս: 28  Նաբուգոդոնոսորն ասաց. «Թող փառաբանվի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը,+ ով ուղարկեց իր հրեշտակին ու փրկեց իր ծառաներին: Նրանք ապավինեցին նրան և չհնազանդվեցին թագավորի հրամանին: Նրանք նախընտրում էին մահանալ, քան իրենց Աստծուց բացի՝ ուրիշ աստծու ծառայել կամ երկրպագել:+ 29  Ուստի այս հրամանն եմ արձակում. «Եթե որևէ մեկը, անկախ նրանից, թե որ ազգից է և ինչ լեզվով է խոսում, Սեդրաքի, Միսաքի ու Աբեդնագովի Աստծու դեմ մի բան ասի, նրան պետք է կտոր-կտոր անեն և նրա տունը հասարակական արտաքնոց* դարձնեն, քանի որ չկա մեկ ուրիշ աստված, որ Նրա պես կարողանա ազատել»»:+ 30  Եվ թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին բարձր դիրքի արժանացրեց Բաբելոնի մարզում:+

Ծանոթագրություններ

Մոտ 27 մ: Տես հավելված Բ14:
Մոտ 2,7 մ:
Բառարանում տես «Սատրապ»:
Կամ՝ «զրպարտել»:
Կամ՝ «նրա վերաբերմունքը ամբողջովին փոխվեց»:
Կամ հնարավոր է՝ «աղբակույտ», «արտաթորանքի կույտ»: