Դանիել 6։1-28
6 Դարեհը որոշեց 120 սատրապ նշանակել ողջ թագավորությունում,+
2 իսկ որպես նրանց վերակացու՝ երեք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնցից մեկը Դանիելն էր:+ Սատրապները+ պետք է հաշիվ տային նրանց, որպեսզի թագավորը ոչ մի վնաս չկրեր:
3 Դանիելը իր բացառիկ ունակություններով* աչքի էր ընկնում մյուս պաշտոնյաների և սատրապների մեջ,+ և թագավորը մտադիր էր իշխանություն տալ նրան ողջ թագավորության վրա:
4 Բարձրաստիճան պաշտոնյաներն ու սատրապները հիմք էին փնտրում ղեկավարման հարցերում Դանիելին մեղադրելու համար: Սակայն ոչ մի հիմք կամ որևէ անազնիվ բան չկարողացան գտնել, քանի որ նա վստահելի էր, և նրան հնարավոր չէր մեղադրել անփութության կամ անազնվության մեջ:
5 Ուստի այդ մարդիկ ասացին. «Մենք այդ Դանիելին մեղադրելու ոչ մի հիմք չենք գտնի: Մնում է միայն նրա Աստծու օրենքին առնչվող որևէ բան գտնենք ու մեղադրենք նրան»:+
6 Ուստի այս պաշտոնյաներն ու սատրապները խմբովին մտան թագավորի մոտ ու ասացին նրան. «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր:
7 Արքունական բոլոր պաշտոնյաները, վերակացուները, սատրապները, բարձրաստիճան պալատականներն ու կառավարիչները խորհրդակցել են իրար հետ ու եկել համաձայնության, որ թագավորը հրաման արձակի ու արգելք սահմանի, ըստ որի՝ ով 30 օրվա ընթացքում խնդրանքով դիմի որևէ աստծու կամ մարդու, բացի քեզնից, ո՛վ թագավոր, պետք է գցվի առյուծների գուբը:+
8 Հիմա, ո՛վ թագավոր, հրամանն արձակիր և ստորագրիր այն,+ որպեսզի փոփոխման ենթակա չլինի, քանի որ մարերի ու պարսիկների օրենքը չի կարող չեղարկվել»:+
9 Եվ այսպես՝ Դարեհ թագավորը ստորագրեց արգելքի վերաբերյալ հրամանագիրը:
10 Բայց Դանիելը հենց որ իմացավ՝ հրամանագիրը ստորագրվել է, գնաց իր տուն: Նրա վերնասենյակի այն պատուհանները, որոնք նայում էին Երուսաղեմի կողմը, բաց էին:+ Նա առաջվա պես շարունակեց կանոնավորաբար՝ օրը երեք անգամ, ծնկի գալ, աղոթել ու գովաբանել իր Աստծուն:
11 Մի օր այդ մարդիկ ներխուժեցին Դանիելի տուն ու տեսան, որ նա աղոթում է իր Աստծուն և հաճություն աղերսում նրանից:
12 Նրանք եկան թագավորի մոտ ու հիշեցրին նրա սահմանած արգելքի մասին՝ ասելով. «Մի՞թե դու արգելող հրամանագիր չես ստորագրել, որի համաձայն՝ ով 30 օրվա ընթացքում խնդրանքով դիմի որևէ աստծու կամ մարդու, քեզնից բացի, ո՛վ թագավոր, պետք է գցվի առյուծների գուբը»: Թագավորը պատասխանեց. «Այն ամրագրված է և համաձայն մարերի ու պարսիկների օրենքի՝ չի կարող չեղարկվել»:+
13 Նրանք իսկույն ասացին թագավորին. «Դանիելը, որը Հուդայից գերեվարվածներից է,+ արհամարհում է քեզ ու քո ստորագրած արգելող հրամանագիրը, ո՛վ թագավոր: Նա օրը երեք անգամ աղոթում է իր Աստծուն»:+
14 Թագավորը, լսելով այս ամենը, շատ նեղվեց: Նա փորձեց Դանիելին փրկելու միջոց գտնել ու մինչև արևամուտ ամեն ջանք թափեց դրա համար:
15 Ի վերջո այդ մարդիկ խմբովին գնացին թագավորի մոտ ու ասացին նրան. «Ո՛վ թագավոր, հիշիր, որ ըստ մարերի ու պարսիկների օրենքի՝ թագավորի սահմանած ոչ մի արգելք կամ հրաման փոփոխման ենթակա չէ»:+
16 Ուստի թագավորը հրաման արձակեց, և Դանիելին բերեցին ու գցեցին առյուծների գուբը:+ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, ում դու հավատարմորեն ծառայում ես, կփրկի քեզ»:
17 Հետո մի քար բերեցին և դրանով գուբի մուտքը փակեցին: Թագավորն իր և իր մեծամեծների կնքամատանիներով կնքեց այն, որպեսզի Դանիելի վերաբերյալ կայացված որոշումը անխափան իրագործվի:
18 Դրանից հետո թագավորը գնաց իր պալատ: Նա ամբողջ գիշեր ծոմ պահեց և հրաժարվեց զվարճանքներից:* Նրա քունը փախել էր աչքերից:
19 Վերջապես, հենց որ լույսը բացվեց, թագավորը վեր կացավ ու շտապ գնաց դեպի առյուծների գուբը:
20 Մոտենալով գուբին՝ նա տխուր ձայնով կանչեց Դանիելին՝ ասելով. «Դանիե՛լ, կենդանի՛ Աստծու ծառա, քո Աստվածը, ում հավատարմորեն ծառայում ես, կարողացա՞վ քեզ փրկել առյուծներից»:
21 Դանիելն անմիջապես պատասխանեց թագավորին. «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր:
22 Իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակին, որ փակի առյուծների երախը,+ և նրանք ոչ մի վնաս չհասցրին ինձ,+ քանի որ ես անմեղ էի նրա առաջ: Քո հանդեպ էլ, ո՛վ թագավոր, ես ոչ մի սխալ բան չեմ արել»:
23 Թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին հանեն գուբից, ու նրան հանեցին այնտեղից: Նա ընդհանրապես չէր վնասվել, քանի որ ապավինել էր իր Աստծուն:+
24 Ապա թագավորը հրամայեց, որ Դանիելին մեղադրող* մարդկանց իրենց որդիների ու կանանց հետ բերեն ու գցեն առյուծների գուբը: Նրանք դեռ գուբի հատակը չէին հասել, երբ առյուծները հարձակվեցին նրանց վրա ու փշրեցին նրանց բոլոր ոսկորները:+
25 Հետո Դարեհ թագավորը գրեց ողջ երկրի վրա բնակվող տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներին և ազգերին.+ «Թող ձեր խաղաղությունն առատ լինի:
26 Ես հրաման եմ արձակում, որ իմ թագավորության բոլոր տիրույթներում մարդիկ վախենան Դանիելի Աստծուց ու դողան,+ որովհետև նա է կենդանի Աստվածը, ով հավիտյան գոյություն ունի: Նրա թագավորությունը երբեք չի կործանվի, և նրա իշխանությունը* հավերժական է:+
27 Նա փրկում+ ու ազատում է, նշաններ ու հրաշքներ է անում երկնքում և երկրի վրա:+ Նա փրկեց Դանիելին առյուծների ճանկից»:
28 Դանիելը Դարեհի+ ու պարսից արքա Կյուրոսի իշխանության օրոք բարեկեցիկ կյանքով ապրեց:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ոգով»:
^ Կամ հնարավոր է՝ «նրա առաջ երաժիշտներ չբերվեցին»:
^ Կամ՝ «զրպարտող»:
^ Կամ՝ «գերիշխանությունը»: