Դատավորներ 1։1-36

  • Հուդայի և Շմավոնի ցեղերի նվաճումները (1-20)

  • Հեբուսացիները շարունակում են ապրել Երուսաղեմում (21)

  • Հովսեփի ցեղը գրավում է Բեթելը (22-26)

  • Քանանացիներից ոչ բոլորին են վռնդում (27-36)

1  Հեսուի մահից հետո+ իսրայելացիները* հարցրին Եհովային.+ «Մեզնից ո՞վ առաջինը գնա պատերազմելու քանանացիների դեմ»:  Եհովան պատասխանեց. «Թող Հուդայի ցեղը գնա:+ Այդ երկիրը ես նրա ձեռքն եմ տալու»:*  Այդ ժամանակ Հուդայի ցեղն ասաց իր եղբորը՝ Շմավոնի ցեղին. «Վե՛ր կացեք գնանք վիճակով* մեզ բաժին ընկած տարածքը+ և պատերազմենք քանանացիների դեմ: Հետո մենք ձե՛զ բաժին ընկած տարածքը կգանք»: Եվ Շմավոնի ցեղը գնաց նրանց հետ:  Երբ Հուդայի ցեղի մարդիկ գնացին պատերազմելու, Եհովան քանանացիներին ու փերեզացիներին նրանց ձեռքը մատնեց,+ և նրանք Բեզեկում 10 000-անոց զորքին պարտության մատնեցին:  Բեզեկում նրանք գտան Ադոնիբեզեկին, կռվեցին նրա դեմ և քանանացիներին+ ու փերեզացիներին+ պարտության մատնեցին:  Երբ Ադոնիբեզեկը փախուստի դիմեց, ընկան նրա հետևից, բռնեցին նրան ու կտրեցին ձեռքերի և ոտքերի բութ մատները:  Այդ ժամանակ Ադոնիբեզեկն ասաց. «70 թագավորներ, որոնց ձեռքերի և ոտքերի բութ մատները կտրված են, իմ սեղանի տակ թափված ուտելիքի կտորներն են հավաքում: Իմ արածի դիմաց Աստված ինձ նույն ձևով հատուցեց»: Այնուհետև նրան բերեցին Երուսաղեմ,+ և նա այնտեղ մեռավ:  Հուդայի տղամարդիկ կռվեցին նաև Երուսաղեմի+ դեմ և գրավեցին այն. նրանք սրի քաշեցին այնտեղի բնակիչներին ու քաղաքը հրի մատնեցին:  Դրանից հետո Հուդայի տղամարդիկ գնացին պատերազմելու այն քանանացիների դեմ, որոնք բնակվում էին լեռնային շրջանում, Նեգևում և Շեֆելայում:+ 10  Եվ այսպես՝ Հուդայի ցեղը դուրս եկավ Քեբրոնում ապրող քանանացիների դեմ (նախկինում Քեբրոնը կոչվում էր Կարիաթ-Արբա) ու ջախջախեց Սեսիին, Աքիմանին և Թոլմիին:+ 11  Այնտեղից նրանք գնացին Դաբիր+ (նախկինում Դաբիրը կոչվում էր Կարիաթ-Սեֆեր) ու հարձակվեցին այնտեղի բնակիչների վրա:+ 12  Այդ ժամանակ Քաղեբն+ ասաց. «Ով որ հարձակվի Կարիաթ-Սեֆերի վրա ու գրավի այն, իմ դուստր Աքսային կնության կտամ նրան»:+ 13  Քաղեբի կրտսեր եղբոր՝ Կենեզի+ որդին՝ Գոթոնիելը,+ գրավեց քաղաքը, ուստի Քաղեբը իր դուստր Աքսային նրան կնության տվեց: 14  Երբ Աքսան գնում էր տուն, սկսեց համոզել ամուսնուն, որ իր հորից՝ Քաղեբից, մի արտ խնդրի: Հետո Աքսան իջավ էշի վրայից:* Քաղեբը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»: 15  Նա պատասխանեց. «Խնդրում եմ, որպես օրհնություն ինձ մի նվեր տուր: Քանի որ ինձ հարավում* ես հողակտոր տվել, տուր ինձ նաև Գուլլոթ-Մայիմը»:* Ուստի Քաղեբը նրան տվեց Վերին Գուլլոթը և Ստորին Գուլլոթը: 16  Մովսեսի աներոջ՝+ կենեցու+ սերունդները Հուդայի ժողովրդի հետ արմավենիների քաղաքից*+ ճանապարհ ընկան դեպի Հուդայի անապատ, որը Արադի+ հարավային կողմում է: Կենեցիներն այնտեղ բնակվեցին այդ ժողովրդի հետ:+ 17  Հուդայի ցեղը գնաց իր եղբոր՝ Շմավոնի ցեղի հետ, և նրանք հարձակվեցին Սեֆաթում բնակվող քանանացիների վրա ու նրանց քաղաքը հիմնահատակ կործանեցին:+ Այդ պատճառով քաղաքը Հորմա*+ կոչեցին: 18  Դրանից հետո Հուդան զավթեց Գազան,+ Ասկաղոնը,+ Ակկարոնը+ և դրանց հարակից տարածքները: 19  Եհովան Հուդայի հետ էր, և նա տիրեց լեռնային շրջանին, բայց չկարողացավ քշել հարթավայրի* բնակիչներին, որովհետև նրանք երկաթե գերանդիներով մարտակառքեր*+ ունեին: 20  Քեբրոնը, Մովսեսի խոստման համաձայն,+ տրվեց Քաղեբին, և նա այնտեղից վռնդեց Ենակի երեք որդիներին:+ 21  Բայց Բենիամինյանները չվռնդեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին, ուստի նրանք մինչ օրս Բենիամինյանների հետ ապրում են Երուսաղեմում:+ 22  Այդ նույն ժամանակ Հովսեփի ցեղի+ մարդիկ դուրս եկան Բեթելի դեմ. Եհովան նրանց հետ էր:+ 23  Նրանք սկսեցին հետախուզել Բեթելը (նախկինում այդ քաղաքը կոչվում էր Լուզ):+ 24  Հետախույզները, տեսնելով մի մարդու, որը դուրս էր գալիս քաղաքից, ասացին նրան. «Խնդրում ենք, ցույց տուր մեզ, թե որ ճանապարհով կարող ենք մտնել քաղաք, և մենք քո հանդեպ բարի* կլինենք»: 25  Այդ մարդը ցույց տվեց ճանապարհը: Նրանք մտան և քաղաքը սրի քաշեցին, բայց այդ մարդուն ու նրա ողջ ընտանիքին թույլ տվեցին գնալ:+ 26  Այդ մարդը գնաց քետացիների երկիր, այնտեղ քաղաք կառուցեց և այն կոչեց Լուզ: Մինչ օրս այդ քաղաքն այդպես է կոչվում: 27  Մանասեի ցեղը չվռնդեց Բեթ-Սեանի և դրա կախյալ* ավանների բնակիչներին, ինչպես նաև Թանաքի+ և դրա կախյալ ավանների, Դորի և դրա կախյալ ավանների, Հեբլաամի և դրա կախյալ ավանների, Մեգիդոյի և դրա կախյալ ավանների բնակիչներին:+ Քանանացիները համառորեն շարունակեցին բնակվել այդ տարածքում: 28  Երբ իսրայելացիները հզորացան, նրանց հարկադիր աշխատանքի դրեցին.+ նրանք ոչ բոլոր քանանացիներին վռնդեցին:+ 29  Եփրեմի ցեղը չվռնդեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները շարունակեցին նրանց հետ բնակվել Գազերում:+ 30  Զաբուղոնի ցեղը չվռնդեց Կեթրոնի ու Նաալալի+ բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել նրանց հետ ու հարկադիր աշխատանքի լծվեցին:+ 31  Ասերի ցեղը չվռնդեց Ակքոյի, Սիդոնի,+ Աքլաբի, Աքզիբի,+ Ելբայի, Աֆեկի+ ու Րոոբի+ բնակիչներին: 32  Ուստի Ասերյանները բնակվեցին այդ տարածքում ապրող քանանացիների հետ, որովհետև նրանց չվռնդեցին այնտեղից: 33  Նեփթաղիմի ցեղը չվռնդեց Բեթսամյուսի և Բեթ-Անաթի+ բնակիչներին, ուստի նրանք բնակվեցին այդ տարածքում ապրող քանանացիների հետ:+ Բեթսամյուսի ու Բեթ-Անաթի բնակիչները նրանց համար հարկադիր աշխատանք կատարողներ եղան: 34  Ամորհացիները Դանի սերունդներին թույլ չտվեցին լեռնային շրջանից հարթավայր* իջնել, ուստի նրանք ստիպված եղան լեռնային շրջանում մնալ:+ 35  Ամորհացիները համառորեն շարունակեցին բնակվել Հարես լեռան վրա, Այելոնում+ և Սալաբիմում:+ Բայց երբ Հովսեփի սերունդները հզորացան,* նրանց ստիպեցին հարկադիր աշխատանք կատարել: 36  Ամորհացիների տարածքի սահմանը սկսվում էր Ակրաբիմի+ զառիվերից և Սելայից ու ձգվում էր դեպի վեր:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Իսրայելի որդիները»:
Կամ՝ «նրա ձեռքն եմ տվել»:
Բառարանում տես «Վիճակ»:
Կամ հնարավոր է՝ «մինչ նա էշի վրա նստած էր, ծափ տվեց իր վրա ուշադրություն հրավիրելու համար»:
Կամ՝ «Նեգևում»: Հարավում գտնվող այս տարածքը չոր տափաստանային էր:
Նշանակում է «ջրավազաններ»:
Այսինքն՝ Երիքովից:
Նշանակում է «կործանման դատապարտված»:
Կամ՝ «հովտի»:
Բռց.՝ «երկաթե կառքեր»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «շրջակա»:
Կամ՝ «հովիտ»:
Բռց.՝ «Հովսեփի տան ձեռքը ծանրացավ»: