Դատավորներ 11։1-40

  • Դատավոր Հեփթայեին վռնդում են, հետո առաջնորդ դարձնում (1-11)

  • Հեփթայեն փաստարկներ է բերում Ամմոնի թագավորին (12-28)

  • Հեփթայեի երդումը և նրա աղջիկը (29-40)

    • Հեփթայեի աղջիկը երբեք չի ամուսնանում (38-40)

11  Գաղաադցի Հեփթայեն+ ուժեղ ռազմիկ էր: Նա մի մարմնավաճառ կնոջ զավակ էր: Հեփթայեի հայրը Գաղաադն էր:  Գաղաադի կինը նույնպես որդիներ ծնեց նրա համար: Երբ այդ կնոջից ծնված որդիները մեծացան, վռնդեցին Հեփթայեին՝ ասելով. «Դու ժառանգություն չես ունենալու մեր հոր տան մեջ, որովհետև ուրիշ կնոջ որդի ես»:  Հեփթայեն փախավ իր եղբայրներից ու բնակություն հաստատեց Տոբ երկրում: Հեփթայեին միացան անգործ մարդիկ և հետևեցին նրան՝ որպես առաջնորդի:  Որոշ ժամանակ անց ամմոնացիները դուրս եկան պատերազմելու Իսրայելի դեմ:+  Եվ երբ ամմոնացիները սկսեցին պատերազմել Իսրայելի դեմ, Գաղաադի երեցները շուտափույթ գնացին, որ Հեփթայեին Տոբ երկրից հետ բերեն:  Նրանք ասացին Հեփթայեին. «Եկ ու մեր զորագլուխը եղիր, որ կարողանանք պատերազմել ամմոնացիների դեմ»:  Սակայն Հեփթայեն պատասխանեց Գաղաադի երեցներին. «Դուք չէի՞ք, որ ինձ այնքան էիք ատում, որ վռնդեցիք իմ հոր տնից:+ Հիմա, երբ նեղության մեջ եք, ինչո՞ւ եք եկել ինձ մոտ»:  Գաղաադի երեցներն ասացին Հեփթայեին. «Դրա համար էլ եկել ենք քեզ մոտ: Եթե մեզ հետ գաս ու կռվես ամմոնացիների դեմ, մեր՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս առաջնորդը կլինես»:+  Հեփթայեն ասաց նրանց. «Եթե գամ ձեզ հետ ամմոնացիների դեմ պատերազմելու, ինչպես որ ուզում եք, ու Եհովան նրանց իմ ձեռքը մատնի, ես ձեր առաջնորդը կդառնամ»: 10  Գաղաադի երեցներն էլ ասացին Հեփթայեին. «Վկա՛ է Եհովան.* մենք քո խոսքի համաձայն կվարվենք»: 11  Ուստի նա գնաց Գաղաադի երեցների հետ, և ժողովուրդը նրան առաջնորդ ու զորագլուխ դարձրեց: Հեփթայեն Մասփայում+ իր բոլոր խոսքերը կրկնեց Եհովայի առաջ: 12  Հեփթայեն պատգամաբերներ ուղարկեց ամմոնացիների+ թագավորի մոտ, որ ասեն. «Իմ դեմ ի՞նչ ունես, որ եկել հարձակվել ես իմ երկրի վրա»: 13  Ամմոնացիների թագավորը նրա պատգամաբերներին ասաց. «Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, գրավեց իմ երկիրը՝+ Առնոնից+ մինչև Հաբոկ և ընդհուպ մինչև Հորդանան:+ Հիմա վերադարձրու այն խաղաղությամբ»: 14  Սակայն Հեփթայեն պատգամաբերներին նորից ուղարկեց ամմոնացիների թագավորի մոտ, 15  որ ասեն նրան. «Ահա թե ինչ է ասում Հեփթայեն. «Իսրայելը չի զավթել մովաբացիների+ և ամմոնացիների երկրները:+ 16  Երբ Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ, անապատով գնաց մինչև Կարմիր ծովը+ ու եկավ Կադես:+ 17  Հետո Իսրայելը պատգամաբերներ ուղարկեց Եդոմի+ թագավորի մոտ, որ ասեն. «Խնդրում ենք, թույլ տուր՝ անցնենք քո երկրի միջով»: Բայց Եդոմի թագավորը մերժեց: Մովաբի+ թագավորի մոտ էլ պատգամաբերներ ուղարկեց, սակայն նա էլ չհամաձայնվեց: Ուստի Իսրայելը մնաց Կադեսում:+ 18  Երբ նրանք գնում էին անապատով, շրջանցեցին Եդոմի+ ու Մովաբի երկրները ու եկան Մովաբի+ երկրի արևելյան կողմը և ճամբար դրեցին Առնոնի շրջանում: Նրանք չմտան Մովաբի սահմանից ներս.+ Առնոնը Մովաբի սահմանն էր: 19  Դրանից հետո Իսրայելը պատգամաբերներ ուղարկեց Եսեբոնում իշխող ամորհացիների Սեհոն թագավորի մոտ, որ ասեն նրան. «Խնդրում ենք, թույլ տուր՝ անցնենք քո երկրի միջով, որ հասնենք այնտեղ, ուր գնում ենք»:+ 20  Սեհոնը չվստահեց Իսրայելին և թույլ չտվեց նրան անցնել իր տարածքով, ուստի հավաքեց իր բոլոր մարտիկներին ու բանակ դրեց Հասսայում և սկսեց կռվել Իսրայելի դեմ:+ 21  Այդ ժամանակ Իսրայելի Աստված Եհովան Սեհոնին ու նրա ողջ զորքին իսրայելացիների ձեռքը տվեց, և նրանք պարտության մատնեցին նրանց: Իսրայելը զավթեց ամորհացիներով բնակեցված այդ ամբողջ տարածքը:+ 22  Այսպիսով՝ նրանք տիրացան ամորհացիների ողջ տարածքին՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան:+ 23  Իսրայելի Աստված Եհովան էր, որ ամորհացիներին քշեց իր ժողովրդի՝ Իսրայելի առաջից,+ և հիմա դու ուզում ես վռնդե՞լ այդ ժողովրդին: 24  Մի՞թե դուք չեք տիրանում այն ամենին, ինչը ձեր աստված Քամոսը+ տալիս է ձեզ: Նույն ձևով էլ մենք ենք վարվում. ում որ մեր Աստված Եհովան քշում է մեր առաջից, նրա երկրին տիրանում ենք:+ 25  Մի՞թե դու Սեպփորի որդի Բաղակից՝+ Մովաբի թագավորից, ավելի լավն ես. նա երբևէ վիճե՞լ է Իսրայելի հետ կամ երբևէ պատերազմե՞լ է նրա դեմ: 26  Իսրայելը 300 տարի ապրել է Եսեբոնում և դրա կախյալ* ավաններում,+ Արոերում և դրա կախյալ ավաններում, ինչպես նաև Առնոնի ափերին գտնվող բոլոր քաղաքներում: Այդ ընթացքում ինչո՞ւ չփորձեցիք հետ վերցնել դրանք:+ 27  Ես քո դեմ մեղք չեմ գործել, բայց դու սխալ ես վարվում՝ հարձակվելով ինձ վրա: Թող այսօր Եհովան՝ Դատավորը,+ դատի՝ ով է ճիշտ՝ իսրայելացինե՞րը, թե՞ ամմոնացիները»»: 28  Սակայն ամմոնացիների թագավորը ուշադրություն չդարձրեց Հեփթայեի խոսքերին: 29  Եհովայի ոգին իջավ Հեփթայեի վրա,+ և նա անցավ Գաղաադի ու Մանասեի տարածքի միջով և գնաց Գաղաադի Մասփա,+ Գաղաադի Մասփայից էլ գնաց ամմոնացիների դեմ կռվելու: 30  Հեփթայեն երդվեց Եհովային՝+ ասելով. «Եթե դու ամմոնացիներին իմ ձեռքը տաս, 31  և ես հաղթանակած* վերադառնամ ամմոնացիների մոտից, նա, ով իմ տան դռնից դուրս գա ինձ դիմավորելու, Եհովային կպատկանի,+ ու ես նրան որպես ողջակեզ կմատուցեմ»:+ 32  Եվ այսպես՝ Հեփթայեն գնաց ամմոնացիների դեմ պատերազմելու, ու Եհովան նրա ձեռքը տվեց նրանց: 33  Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ գրավելով 20 քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ: Այսպիսով՝ իսրայելացիները հպատակեցրին ամմոնացիներին: 34  Վերջապես Հեփթայեն եկավ Մասփա՝+ իր տուն, և ահա նրա աղջիկը, դափ նվագելով ու պարելով, դուրս եկավ նրան դիմավորելու: Նա Հեփթայեի մինուճար զավակն էր: Նրանից բացի՝ նա տղա կամ աղջիկ չուներ: 35  Երբ Հեփթայեն տեսավ նրան, պատռեց իր հագուստներն ու ասաց. «Վա՜յ, աղջի՛կս, սիրտս կոտրեցիր, քանի որ դարձար մեկը, ումից ստիպված եմ բաժանվել:* Ես երդվել եմ* Եհովային և չեմ կարող խոսքիցս հետ կանգնել»:+ 36  Բայց աղջիկն ասաց. «Հա՛յր իմ, եթե երդվել ես Եհովային, ապա ինձ հետ վարվիր քո խոստման համաձայն,+ քանի որ Եհովան քեզ համար վրեժխնդիր եղավ քո թշնամիներից՝ ամմոնացիներից»: 37  Հետո ասաց իր հորը. «Միայն թե մի բան եմ խնդրում քեզնից. թույլ տուր՝ երկու ամսով գնամ լեռները և ընկերուհիներիս հետ ողբամ կուսությանս վրա»:* 38  Հեփթայեն էլ ասաց՝ գնա, և երկու ամսով նրան ուղարկեց լեռները: Ուստի աղջիկը իր ընկերուհիների հետ գնաց լեռները, որ ողբա իր կուսության վրա: 39  Երկու ամիսը լրանալուց հետո նա վերադարձավ իր հոր մոտ, որից հետո հայրը կատարեց նրա վերաբերյալ իր տված երդումը:+ Աղջիկը երբեք հարաբերություն չունեցավ որևէ տղամարդու հետ: Իսրայելում մի սովորույթ ընդունվեց. 40  ամեն տարի՝ տարվա մեջ չորս օր, իսրայելացի աղջիկները գնում էին գովելու գաղաադցի Հեփթայեի աղջկան:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Թող Եհովան լսի»:
Կամ՝ «շրջակա»:
Բռց.՝ «խաղաղությամբ»:
Բռց.՝ «ում արտաքսել եմ»:
Բռց.՝ «Բերանս բացել եմ»:
Կամ՝ «ողբամ այն բանի համար, որ երբեք չեմ ամուսնանալու»: