Դատավորներ 17։1-13
-
Միքայի կուռքերն ու նրա քահանան (1-13)
17 Եփրեմի լեռնային շրջանում+ Միքա անունով մի մարդ էր ապրում:
2 Նա իր մորն ասաց. «Հիշո՞ւմ ես այն 1 100 կտոր արծաթը, որ քո մոտից վերցրել էին, և դու անիծեցիր գողացողին, ու ես լսեցի: Այդ արծաթը ինձ մոտ է: Ես եմ վերցրել այն»: Նրա մայրն ասաց. «Թող Եհովան օրհնի իմ որդուն»:
3 Միքան իր մորը վերադարձրեց 1 100 կտոր արծաթը, բայց մայրն ասաց. «Իմ այս արծաթը անպայման Եհովային եմ նվիրելու:* Ուզում եմ, որ դու դրանք օգտագործես կուռք քանդակելու և ձուլածո արձան պատրաստելու համար:+ Հիմա ես այն քեզ եմ տալիս»:
4 Երբ նա այդ արծաթը վերադարձրեց մորը, մայրը 200 կտոր արծաթ վերցրեց ու տվեց արծաթագործին: Նա էլ կուռք քանդակեց ու ձուլածո արձան պատրաստեց, և դրանք Միքայի տանը դրեցին:
5 Այդ մարդը՝ Միքան, աստվածների տուն ուներ: Նա եփուդ*+ ու թերափներ*+ պատրաստեց և իր որդիներից մեկին իր համար քահանա նշանակեց:*+
6 Այդ օրերին թագավոր չկար Իսրայելում:+ Ամեն մարդ անում էր այն, ինչը ճիշտ էր իր աչքին:+
7 Հուդայի ազգատոհմում* մի երիտասարդ ղևտացի+ կար: Նա որոշ ժամանակ էր, ինչ ապրում էր Հուդայի Բեթլեհեմ+ քաղաքում:
8 Այդ մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից գնաց, որ բնակվելու համար ուրիշ տեղ փնտրի: Ճամփորդելիս նա կանգ առավ Եփրեմի լեռնային շրջանում՝ Միքայի+ տան մոտ:
9 Միքան հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես եկել»: Նա էլ պատասխանեց. «Ես ղևտացի եմ՝ եկել եմ Հուդայի Բեթլեհեմից: Ճանապարհ եմ ընկել, որ ապրելու տեղ գտնեմ»:
10 Միքան ասաց նրան. «Մնա ինձ մոտ, ինձ համար խորհրդատու* եղիր և որպես քահանա ծառայիր: Տարեկան քեզ տասը կտոր արծաթ կտամ, մի ձեռք հագուստ, ինչպես նաև ուտելիք»: Եվ ղևտացին նրա տուն մտավ:
11 Այսպիսով՝ երիտասարդ ղևտացին համաձայնվեց մնալ այդ մարդու մոտ և նրա համար որդու պես դարձավ:
12 Միքան ղևտացուն իր համար քահանա նշանակեց,+ և ղևտացին նրա տանը ապրեց:
13 Միքան ասաց. «Հիմա ես գիտեմ, որ Եհովան բարի կլինի իմ հանդեպ, որովհետև ղևտացի՛ն դարձավ իմ քահանան»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «սուրբ եմ դարձնելու Եհովայի համար»:
^ Բռց.՝ «իր որդիներից մեկի ձեռքը լցրեց»:
^ Կամ՝ «ընտանեկան աստվածներ», «կուռքեր»:
^ Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
^ Հնարավոր է՝ այս արտահայտությամբ պարզապես ընդգծվում է այն փաստը, որ նա ապրում էր Հուդայի տարածքում:
^ Բռց.՝ «հայր»: