Դատավորներ 19։1-30

  • Բենիամինյանները բռնաբարում են ղևտացու հարճին (1-30)

19  Այն օրերին, երբ թագավոր չկար Իսրայելում,+ Եփրեմի լեռնային շրջանի+ հեռավոր վայրերից մեկում մի ղևտացի էր ապրում: Նա Հուդայի Բեթլեհեմից+ մի կնոջ իր համար որպես հարճ առավ:  Բայց հարճը սկսեց դավաճանել նրան: Նա հեռացավ նրանից ու գնաց իր հոր տուն, որ Հուդայի Բեթլեհեմում էր, և չորս ամիս մնաց այնտեղ:  Ամուսինը գնաց նրա հետևից, որ համոզի հետ գալ: Նա իր հետ վերցրել էր իր ծառային և երկու էշ: Երբ տեղ հասավ, կինը ներս տարավ նրան իր հոր տուն, և հայրը ուրախությամբ ընդունեց փեսային:  Այդ մարդու աները՝ կնոջ հայրը, համոզեց նրան, որ երեք օր իր մոտ մնա: Նրանք կերան, խմեցին, և նա այնտեղ գիշերեց:  Չորրորդ օրը, երբ նրանք վաղ առավոտյան վեր կացան, որ գնան, կնոջ հայրն ասաց փեսային. «Մի բան կեր, որ ուժ ունենաս,* հետո կգնաք»:  Նրանք երկուսով նստեցին, կերան, խմեցին, ապա կնոջ հայրն ասաց. «Խնդրում եմ, այս գիշեր էլ մնա և լավ ժամանակ անցկացրու»:*  Երբ փեսան վեր կացավ, որ գնա, աները աղաչեց նրան, որ մնա, և նա այդ գիշեր էլ մնաց այնտեղ:  Հինգերորդ օրը, երբ նա վաղ առավոտյան վեր կացավ, որ գնա, կնոջ հայրն ասաց. «Խնդրում եմ, մի բան կեր, որ ուժ ունենաս»:* Եվ նրանք նստեցին հաց ուտելու: Մոտենում էր երեկոն, բայց նրանք դեռ ուտում էին:  Երբ փեսան վեր կացավ, որ իր հարճի և ծառայի հետ գնա, աները՝ կնոջ հայրը, ասաց. «Արդեն մթնում է: Խնդրում եմ, այստեղ գիշերիր, օրը վերջանում է: Գիշերն այստեղ մնա և լավ ժամանակ անցկացրու: Վաղը առավոտյան շուտ վեր կկենաք, ճանապարհ կընկնեք և քո տուն* կգնաք»: 10  Սակայն նա չուզեց ևս մեկ գիշեր մնալ այնտեղ, ուստի վեր կացավ ու գնաց մինչև Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ:+ Նա իր հետ ուներ երկու թամբած էշ: Նրա հետ էին նաև իր հարճն ու ծառան: 11  Երբ նրանք մոտեցան Հեբուսին, արդեն բավականին ուշ էր: Ծառան իր տիրոջը հարցրեց. «Գնա՞նք հեբուսացիների քաղաք ու գիշերն այնտեղ մնանք»: 12  Բայց նրա տերը պատասխանեց. «Պետք չէ գնալ մի քաղաք, որտեղ օտարազգիներ են ապրում, մարդիկ, որոնք իսրայելացի չեն: Կգնանք մինչև Գաբաա»:+ 13  Ապա ասաց իր ծառային. «Փորձենք հասնել Գաբաա կամ Ռամա:+ Գիշերը կմնանք այդ քաղաքներից մեկում»: 14  Ուստի նրանք շարունակեցին ճանապարհը: Երբ մոտեցան Գաբաային, որը Բենիամինին էր պատկանում, արևը սկսել էր մայր մտնել: 15  Այսպիսով՝ նրանք մտան Գաբաա, որ այնտեղ գիշերեն: Նրանք գնացին ու նստեցին քաղաքի հրապարակում, բայց ոչ ոք նրանց չհրավիրեց իր տուն՝ գիշերելու:+ 16  Երեկոյան՝ աշխատանքից հետո, մի ծեր մարդ էր գալիս արտից: Նա Եփրեմի լեռնային շրջանից էր+ և որոշ ժամանակ էր, ինչ ապրում էր Գաբաայում, իսկ այնտեղի բնակիչները Բենիամինյաններ էին:+ 17  Ծեր մարդը բարձրացրեց աչքերը և քաղաքի հրապարակում տեսավ ճամփորդին: Նա հարցրեց. «Որտեղի՞ց ես եկել և ո՞ւր ես գնում»: 18  Ղևտացին պատասխանեց. «Մենք Հուդայի Բեթլեհեմից ենք գալիս և գնալու ենք Եփրեմի լեռնային շրջանի հեռավոր վայրերից մեկը: Ես այնտեղից եմ: Գնացել էի Հուդայի Բեթլեհեմ,+ իսկ հիմա գնում եմ Եհովայի տուն,* և մեկը չկա, որ ինձ իր տուն հրավիրի: 19  Մեր էշերի համար բավականաչափ կեր ունենք,+ իսկ ինձ համար, ինչպես նաև կնոջ ու մեր ծառայի համար՝ հաց+ ու գինի: Ոչ մի բանի պակաս չունենք»: 20  Սակայն ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՛ւն քեզ: Գիշերը մի՛ մնա հրապարակում, ես կհոգամ քո բոլոր կարիքները»: 21  Ուստի նա ղևտացուն իր տուն տարավ, ապա կեր տվեց էշերին: Նրանք լվացին իրենց ոտքերը, կերան ու խմեցին: 22  Մինչ նրանք լավ ժամանակ էին անցկացնում, քաղաքի բնակիչներից անպիտան մարդիկ շրջապատեցին տունը: Նրանք սկսեցին ուժգին ծեծել դուռը և այդ ծեր մարդուն՝ տանտիրոջը, ասել. «Դո՛ւրս բեր քո տուն եկած մարդուն, որ հարաբերություն ունենանք նրա հետ»:+ 23  Տանտերը դուրս եկավ ու ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛րս, խնդրում եմ, մի՛ գործեք այդ չարիքը, նա հյուր է իմ տանը: Այդ խայտառակ արարքը մի՛ գործեք: 24  Իմ կույս աղջկան ու նրա հարճին դուրս բերեմ, նրա՛նց նվաստացրեք, եթե վճռել եք այդպես վարվել:*+ Բայց այդ մարդու հանդեպ խայտառակ բան մի՛ արեք»: 25  Սակայն այդ մարդիկ չուզեցին նրան լսել, ուստի ղևտացին իր հարճին+ բռնեց ու դուրս բերեց նրանց մոտ: Նրանք ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, բռնաբարեցին նրան ու չարչարեցին: Հետո՝ լուսադեմին, թողեցին, որ գնա: 26  Վաղ առավոտյան կինը եկավ ու ընկավ այն մարդու տան դռան շեմին, որտեղ իր տերն էր, և մինչև լույսը բացվելը այնտեղ ընկած մնաց: 27  Երբ նրա տերը առավոտյան վեր կացավ ու բացեց տան դռները, որ դուրս գա և իր ճանապարհը շարունակի, տեսավ, որ կինը՝ իր հարճը, ընկած է տան մուտքի մոտ, ձեռքերը՝ շեմին: 28  Նա ասաց նրան. «Վե՛ր կաց՝ գնանք»: Բայց պատասխան տվող չկար: Այդ մարդը նրան էշի վրա դրեց ու բռնեց իր տան ճամփան: 29  Երբ տուն հասավ, վերցրեց մեծ դանակը և իր հարճի մարմինը կտոր-կտոր անելով՝ 12 մասի բաժանեց: Այնուհետև դրանք ուղարկեց Իսրայելով մեկ: 30  Ով տեսնում էր, ասում էր. «Այն օրվանից, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, այսպիսի բան ո՛չ եղել է, ո՛չ էլ տեսնվել: Մտածե՛ք այս մասին, խորհրդակցե՛ք+ ու ասե՛ք, թե ինչ անենք»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Սիրտդ պնդացրու մի կտոր հացով»:
Կամ՝ «թող սիրտդ զվարթանա»:
Կամ՝ «սիրտդ պնդացրու մի կտոր հացով»:
Բռց.՝ «վրան»:
Կամ հնարավոր է՝ «և ես ծառայում եմ Եհովայի տանը»:
Կամ՝ «նրա՛նց բռնաբարեք ու արեք այն, ինչ հաճելի է ձեր աչքին»: