Դատավորներ 20։1-48
-
Պատերազմ՝ Բենիամինյանների դեմ (1-48)
20 Բոլոր իսրայելացիները Դանից+ մինչև Բերսաբեե ընկած տարածքներից ու Գաղաադից+ դուրս եկան, և ողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Եհովայի առաջ Մասփայում:+
2 Ժողովրդի գլխավորները՝ Իսրայելի բոլոր ցեղերի տոհմապետները, ներկայացան Աստծու ժողովրդի ժողովին: Սուր կրող հետևակի թիվը 400 000 էր:+
3 Բենիամինյանները լսեցին, որ Իսրայելի տղամարդիկ գնացել են Մասփա:
Իսրայելի տղամարդիկ ասացին. «Պատմեք, թե ինչպես տեղի ունեցավ այս սարսափելի բանը»:+
4 Ղևտացին՝+ սպանված կնոջ ամուսինը, պատասխանեց. «Ես ու իմ հարճը գնացել էինք Բենիամինի Գաբաա,+ որպեսզի գիշերենք այնտեղ:
5 Գաբաայի բնակիչները* գիշերով եկան, շրջապատեցին տունը: Նրանք մտադիր էին սպանել ինձ, բայց փոխարենը բռնաբարեցին իմ հարճին, և նա մահացավ:+
6 Ուստի ես վերցրի իմ հարճի մարմինը, կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելով մեկ,+ որովհետև այդ մարդիկ ամոթալի՝ խայտառակ արարք էին գործել Իսրայելում:
7 Եվ հիմա բոլորդ, ո՛վ իսրայելացիներ, խորհրդակցեք ու ձեր խոսքն ասեք»:+
8 Այդ ժամանակ ողջ ժողովուրդը մեկ մարդու նման վեր կացավ ու ասաց. «Մեզանից ոչ ոք իր վրանը չի գնա, ոչ ոք չի վերադառնա իր տուն:
9 Ահա թե ինչ կանենք. վիճակ գցելով+ կընտրենք, թե ով է կռվելու Գաբաայի դեմ:
10 Իսրայելի բոլոր ցեղերից 100 մարդուց 10-ին կընտրենք, 1 000-ից՝ 100-ին, 10 000-ից՝ 1 000-ին, որ պարենամթերք հավաքեն զինվորների համար, որպեսզի նրանք կարողանան կռվել Բենիամինի Գաբաայի դեմ, քանի որ դրա բնակիչները խայտառակ արարք են գործել Իսրայելում»:
11 Եվ այսպես՝ բոլոր իսրայելացիները միաբանվեցին այդ քաղաքի դեմ:
12 Իսրայելի ցեղերը մարդիկ ուղարկեցին Բենիամինի ցեղի մոտ, որ ասեն. «Այդ ի՜նչ սարսափելի արարք են գործել ձեր ցեղի մարդիկ:
13 Գաբաայի այդ անպիտան մարդկանց մեր ձեռքը տվեք,+ որ սպանենք նրանց և Իսրայելից վերացնենք չարիքը»:+ Սակայն Բենիամինյանները չցանկացան լսել իրենց իսրայելացի եղբայրներին:
14 Բենիամինյանները դուրս եկան իրենց քաղաքներից ու հավաքվեցին Գաբաայում, որ պատերազմեն մյուս իսրայելացիների դեմ:
15 Այդ օրը Բենիամինյանները իրենց քաղաքներից 26 000 սրակիր մարդ կանչեցին՝ չհաշված Գաբաայի 700 ընտրյալներին:
16 Այդ զորքի մեջ կային 700 ընտրված ռազմիկներ, որոնք ձախլիկ էին: Նրանցից ամեն մեկը կարողանում էր պարսատիկով քար նետել՝ առանց մազաչափ անգամ վրիպելու:
17 Իսկ իսրայելացիները, բացառությամբ Բենիամինյանների, սուր կրող 400 000 մարդ կանչեցին.+ բոլորն էլ փորձառու ռազմիկներ էին:
18 Նրանք վեր կացան, գնացին Բեթել, որ Աստծուց առաջնորդություն խնդրեն:+ Իսրայելացիները հարցրին. «Բենիամինյանների դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ գնա առջևից»: Եհովան ասաց. «Թող Հուդան գնա»:
19 Առավոտյան իսրայելացիները վեր կացան ու Գաբաայի դիմաց բանակ դրեցին:
20 Իսրայելացիները դուրս եկան Բենիամինյանների դեմ պատերազմելու և մարտական կարգով շարվեցին Գաբաայի մոտ:
21 Բենիամինյանները դուրս եկան Գաբաայից և այդ օրը իսրայելացիներից 22 000 մարդ սպանեցին:
22 Սակայն իսրայելացիների զորքը քաջություն դրսևորեց և նորից մարտական կարգով շարվեց այն նույն տեղում, որտեղ շարվել էր առաջին օրը:
23 Իսրայելացիները գնացին և մինչև երեկո լաց եղան Եհովայի առաջ: Նրանք հարցրին Եհովային. «Նորից գնա՞նք պատերազմելու մեր եղբայրների՝ Բենիամինյանների դեմ»:+ Եհովան ասաց. «Գնացե՛ք»:
24 Երկրորդ օրը իսրայելացիները գնացին Բենիամինյանների դեմ պատերազմելու:
25 Բենիամինյանները այդ օրը Գաբաայից դուրս եկան նրանց դեմ ու ևս 18 000 իսրայելացու սպանեցին.+ բոլորն էլ սուր կրող մարդիկ էին:
26 Այդ ժամանակ բոլոր իսրայելացիները գնացին Բեթել և այնտեղ նստեցին ու լաց եղան Եհովայի առաջ:+ Այդ օրը նրանք մինչև երեկո ծոմ պահեցին+ և Եհովայի առաջ ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեցին:
27 Դրանից հետո իսրայելացիները առաջնորդություն խնդրեցին Եհովայից:+ Այդ օրերին ճշմարիտ Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր,
28 և Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսն+ էր ծառայություն մատուցում* տապանակի առաջ: Նրանք հարցրին. «Նորից գնա՞նք պատերազմելու մեր եղբայրների՝ Բենիամինյանների դեմ, թե՞ ոչ»:+ Եհովան պատասխանեց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքն եմ տալու նրանց»:
29 Եվ Իսրայելը դարանակալներ+ դրեց Գաբաայի շուրջբոլորը:
30 Իսրայելացիները երրորդ օրն էլ դուրս եկան Բենիամինյանների դեմ պատերազմելու և մարտական կարգով շարվեցին Գաբաայի դիմաց, ինչպես նախորդ անգամները:+
31 Բենիամինյանները դուրս եկան զորքին դեմ հանդիման, բայց իսրայելացիները նրանց հեռացրին քաղաքից:+ Նախորդ անգամների պես Բենիամինյանները հարձակվեցին նրանց վրա ու ոմանց սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը տանում էր Բեթել, իսկ մյուսը՝ Գաբաա. նրանք մոտ 30 իսրայելացի սպանեցին:+
32 Բենիամինյաններն ասացին. «Նախորդ անգամների պես նրանք պարտություն են կրում»:+ Մինչդեռ իսրայելացիներն ասել էին. «Մենք կնահանջենք, նրանց կհեռացնենք քաղաքից ու կհանենք ճանապարհների վրա»:
33 Ուստի իսրայելացիները վեր կացան իրենց տեղից ու մարտական կարգով շարվեցին Բաալ-Թամարում, իսկ այն իսրայելացիները, որոնք դարան էին մտել, գրոհեցին իրենց տեղերից՝ Գաբաայի մերձակայքից:
34 Ամբողջ Իսրայելից ընտրված 10 000 մարդիկ եկան Գաբաայի դիմաց, և թեժ կռիվ սկսվեց: Սակայն Բենիամինյանները չգիտեին, որ իրենց վրա ուր որ է աղետ է գալու:
35 Եհովան Բենիամինին պարտության մատնեց+ Իսրայելի առաջ: Այդ օրը իսրայելացիները Բենիամինյաններից 25 100 մարդ կոտորեցին. բոլորն էլ սուր կրող մարդիկ էին:+
36 Երբ Բենիամինյանները տեսան, որ իսրայելացիները նահանջում են, մտածեցին, թե նրանք պարտվում են,+ սակայն իսրայելացիները նահանջում էին, քանի որ իրենց հույսը դրել էին Գաբաայի մերձակայքում դարան մտած ռազմիկների վրա:+
37 Դարանակալներն արագ գործի անցան ու գրոհեցին Գաբաայի վրա: Այնուհետև նրանք ցրվեցին ողջ քաղաքով մեկ և բոլորին սրի քաշեցին:
38 Իսրայելացիները պայմանավորվել էին դարանակալների հետ, որ նրանք որպես ազդանշան քաղաքից ծուխ հանեն:
39 Երբ իսրայելացիները կռվի ընթացքում հետ քաշվեցին, Բենիամինյանները հարձակվեցին ու իսրայելացիներից մոտ 30 հոգու սպանեցին:+ Նրանք ասացին. «Ակնհայտ է, որ նախորդ անգամվա պես նրանք մեր առաջ պարտություն են կրում»:+
40 Քաղաքից սկսեց ծխի սյուն բարձրանալ. դա ազդանշանն էր: Երբ Բենիամինյանները հետ նայեցին, տեսան, որ ամբողջ քաղաքը կրակի մեջ է, և բոցը երկինք է հասնում:
41 Այդ ժամանակ իսրայելացիները հակահարձակման անցան: Բենիամինյանները, տեսնելով, որ իրենց վրա աղետ է հասել, տագնապահար եղան:
42 Նրանք նահանջեցին՝ իսրայելացիներից փախչելով անապատի կողմը, բայց չկարողացան ազատվել: Մարդիկ, քաղաքներից դուրս գալով, միացան մյուս իսրայելացիներին ու կոտորեցին նրանց:
43 Իսրայելացիները շրջապատեցին Բենիամինյաններին և առանց հանգիստ տալու հետապնդեցին ու ջախջախեցին նրանց հենց Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմում:
44 Այդպիսով՝ Բենիամինյաններից 18 000 մարդ ընկավ. բոլորն էլ զորեղ ռազմիկներ էին:+
45 Մնացած Բենիամինյանները փախան դեպի անապատ՝ Ռեմոնի ժայռի կողմը:+ Իսրայելացիները ճանապարհներին 5 000 մարդ սպանեցին:* Նրանք Բենիամինյաններին հետապնդեցին մինչև Գեդոմ ու ևս 2 000 մարդ կոտորեցին:
46 Այդ օրը Բենիամինի ցեղից 25 000 մարդ սպանվեց. բոլորն էլ սուր կրող+ ուժեղ ռազմիկներ էին:
47 Սակայն 600 մարդ փախավ անապատ՝ դեպի Ռեմոնի ժայռը: Նրանք չորս ամիս Ռեմոնի ժայռի վրա մնացին:
48 Իսկ իսրայելացիները հետ դարձան, որ կռվեն մյուս Բենիամինյանների դեմ: Նրանք սրի քաշեցին քաղաքներում բոլոր ողջ մնացածներին՝ մարդուց մինչև անասուն, և իրենց ճանապարհին գտնվող բոլոր քաղաքները հրի մատնեցին: