Դատավորներ 21։1-25

  • Բենիամինը որպես ցեղ չի վերանում (1-25)

21  Իսրայելացիները երդվել էին Մասփայում՝+ ասելով. «Մեզնից ոչ ոք իր աղջկան կնության չի տա Բենիամինի ցեղից որևէ մեկին»:+  Ուստի նրանք եկան Բեթել,+ մինչև երեկո նստեցին ճշմարիտ Աստծու առաջ, դառնագին լաց եղան ու ողբացին:  Նրանք ասում էին. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, ինչի՞ համար այս բանը եղավ Իսրայելում: Ինչո՞ւ այսօր Իսրայելից մի ցեղ պետք է պակասեր»:  Հաջորդ օրը ժողովուրդը վաղ առավոտյան վեր կացավ, այնտեղ զոհասեղան շինեց, որ ողջակեզներ ու խաղաղության զոհեր+ մատուցի:  Իսրայելացիներն ասացին. «Իսրայելի ցեղերից ովքե՞ր չէին եկել Մասփա, երբ բոլորս հավաքվել էինք Եհովայի առաջ»: Նրանք մեծ երդում էին տվել, որ եթե որևէ մեկը չգար Եհովայի առաջ՝ Մասփա, անպատճառ մահվան էր մատնվելու:  Իսրայելացիները վիշտ ապրեցին այն բանի համար, ինչ պատահել էր իրենց եղբայրներին՝ Բենիամինյաններին: Նրանք ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ վերացավ:  Ողջ մնացած Բենիամինյանների համար ինչպե՞ս կանայք գտնենք. չէ՞ որ երդվել ենք Եհովայով,+ որ մեր աղջիկներին նրանց կնության չենք տալու»:+  Նրանք հարցրին. «Իսրայելի ցեղերից ովքե՞ր չէին եկել Եհովայի առաջ՝ Մասփա»:+ Պարզվեց, որ Հաբիս-Գաղաադից ոչ մեկը չէր գնացել բանակատեղի, որտեղ հավաքվել էր ժողովուրդը:  Երբ ժողովրդին հաշվեցին, տեսան, որ Հաբիս-Գաղաադից ոչ ոք չկա այնտեղ: 10  Ուստի ժողովուրդը ամենաուժեղ մարդկանցից 12 000 ռազմիկ ուղարկեց այնտեղ և նրանց պատվիրեց. «Գնացե՛ք ու սրի՛ քաշեք Հաբիս-Գաղաադի բնակիչներին, նույնիսկ կանանց ու երեխաներին:+ 11  Ահա թե ինչ պիտի անեք. պետք է սպանեք ամեն տղամարդու, ինչպես նաև յուրաքանչյուր կնոջ, ով հարաբերություն է ունեցել տղամարդու հետ»: 12  Հաբիս-Գաղաադի բնակիչների մեջ նրանք գտան 400 աղջիկների, որոնք կույս էին՝ տղամարդու հետ երբևէ հարաբերություն չէին ունեցել: Նրանց բերեցին բանակատեղի՝ Սելով,+ որը Քանանում է: 13  Ժողովուրդը պատգամաբերներ ուղարկեց Բենիամինյանների մոտ, որոնք Ռեմոնի ժայռի վրա էին,+ և նրանց խաղաղության առաջարկ արեց: 14  Այդ ժամանակ Բենիամինյանները հետ դարձան իրենց տարածք: Իսրայելացիները Հաբիս-Գաղաադի+ այն աղջիկներին, որոնց ողջ էին թողել, կնության տվեցին նրանց, բայց ոչ բոլորի համար կին գտան: 15  Ժողովուրդը վիշտ ապրեց այն բանի համար, ինչ պատահել էր Բենիամինյաններին,+ որովհետև Եհովան բաժանում էր մտցրել Իսրայելի ցեղերի միջև: 16  Ժողովրդի երեցներն ասացին. «Ինչպե՞ս կին գտնենք մյուսների համար, քանի որ Բենիամինի ցեղի բոլոր կանայք սպանվել են»: 17  Նրանք ասացին. «Որպեսզի Իսրայելից ցեղ չբնաջնջվի, ողջ մնացած Բենիամինյանները պետք է պահպանեն իրենց ժառանգությունը: 18  Բայց մենք չենք կարող մեր աղջիկներին նրանց կնության տալ, որովհետև Իսրայելի ժողովուրդը երդվել է՝ ասելով. «Անիծյա՛լ լինի նա, ով Բենիամինի ցեղից որևէ մեկին աղջիկ տա կնության»»:+ 19  Հետո նրանք ասացին. «Ամեն տարի Եհովայի պատվին տոն է լինում Սելովում,+ որը Բեթելից դեպի հյուսիս է գտնվում՝ Բեթելից Սյուքեմ տանող մեծ ճանապարհի արևելյան կողմում և Լեբոնայից հարավ»: 20  Ուստի Բենիամինյաններին պատվիրեցին. «Գնացե՛ք ու խաղողի այգիներում դարա՛ն մտեք: 21  Եվ երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները գալիս են շուրջպար բռնելու, դո՛ւրս եկեք այգիներից, և թող ձեզնից յուրաքանչյուրը Սելովի աղջիկներից մեկին փախցնի, որ ամուսնանա նրա հետ: Ապա վերադարձե՛ք Բենիամինի տարածք: 22  Եթե նրանց հայրերն ու եղբայրները գան մեր դեմ բողոքելու, կասենք նրանց. «Հանուն Բենիամինյանների՝ փորձեք հասկանալ մեզ. պատերազմում չկարողացանք բոլորի համար կին գտնել,+ և դուք էլ չէիք կարող նրանց կին տալ, քանի որ այդ դեպքում հանցավոր կլինեիք»»:+ 23  Բենիամինյանները այդպես էլ արեցին. նրանցից յուրաքանչյուրը շուրջպար բռնած աղջիկներից մեկին փախցրեց, որ ամուսնանա նրա հետ: Դրանից հետո նրանք վերադարձան իրենց ժառանգած տարածքները, վերակառուցեցին քաղաքներն+ ու բնակվեցին դրանցում: 24  Իսրայելացիներից ամեն մեկն այնտեղից վերադարձավ իր ցեղ և իր տոհմ. ամեն մեկը գնաց իր ժառանգած տարածքը: 25  Այդ օրերին թագավոր չկար Իսրայելում:+ Ամեն մարդ անում էր այն, ինչը ճիշտ էր իր աչքին:

Ծանոթագրություններ