Դատավորներ 9։1-57

  • Աբիմելեքը Սյուքեմում թագավոր է դառնում (1-6)

  • Հովաթամի առակը (7-21)

  • Աբիմելեքի բռնի իշխանությունը (22-33)

  • Աբիմելեքը հարձակվում է Սյուքեմի վրա (34-49)

  • Մի կին վիրավորում է հասցնում Աբիմելեքին: Նա մահանում է (50-57)

9  Հերոբահաղի որդին՝ Աբիմելեքը,+ գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, և նրանց ու իր մորական պապի ողջ գերդաստանին ասաց.  «Խնդրում եմ, Սյուքեմի բոլոր առաջնորդներին* ասեք. «Ո՞րն է ձեզ համար լավ, որ Հերոբահաղի+ բոլոր 70 որդինե՞րն իշխեն ձեզ վրա, թե՞ որ մեկ մարդ իշխի: Հիշեք, որ ես ձեր միսն ու արյունն եմ»»:*  Նրա մոր եղբայրները այս բոլոր խոսքերը հաղորդեցին Սյուքեմի բոլոր առաջնորդներին, ու նրանց սիրտը հակվեց Աբիմելեքի կողմը: Նրանք որոշեցին հետևել նրան, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»:  Նրանք Բահաղ-Բերիթի+ տնից* Աբիմելեքին 70 կտոր արծաթ տվեցին: Դրանցով նա անբան և անպատկառ մարդիկ վարձեց, որ իրեն միանան:  Հետո գնաց Եփրա՝+ իր հոր տուն, ու սպանեց իր եղբայրներին՝+ Հերոբահաղի որդիներին՝ 70 մարդու մի քարի վրա: Միայն Հերոբահաղի կրտսեր որդին՝ Հովաթամը կենդանի մնաց, որովհետև թաքնվել էր:  Այնուհետև Սյուքեմի բոլոր առաջնորդները և ամբողջ Բեթ-Մելոնը մեկտեղ հավաքվեցին և Սյուքեմում գտնվող սյան մոտ, որը մեծ ծառի մոտ էր, Աբիմելեքին թագավոր դարձրին:+  Երբ այդ մասին հայտնեցին Հովաթամին, նա անմիջապես գնաց ու կանգնեց Գարիզին լեռան+ գագաթին և բարձր ձայնով ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Սյուքեմի առաջնորդներ, և Աստված էլ ձեզ կլսի:  Մի անգամ ծառերը գնացին իրենց համար թագավոր օծելու: Նրանք ասացին ձիթենուն. «Մեր թագավո՛րը դարձիր»:+  Բայց ձիթենին ասաց նրանց. «Թողնեմ իմ յուղը,* որով փառաբանում են Աստծուն ու մարդկանց, և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»:* 10  Հետո ծառերը թզենո՛ւն ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»: 11  Բայց թզենին ասաց նրանց. «Իմ քաղցրությունն ու իմ լավ պտուղները թողնեմ և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»: 12  Ապա ծառերը խաղողի վազի՛ն ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»: 13  Խաղողի վազը պատասխանեց նրանց. «Թողնեմ իմ նոր գինին, որ ուրախացնում է Աստծուն ու մարդկանց, և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»: 14  Ի վերջո բոլոր ծառերը դժնիկի՛ն* ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»:+ 15  Դժնիկն ասաց ծառերին. «Եթե դուք իսկապես ուզում եք ինձ թագավոր օծել, եկեք ու ապաստան փնտրեք իմ ստվերի տակ: Իսկ եթե ոչ, ապա ինձնից կրակ դուրս կգա ու կլափի Լիբանանի մայրիները»: 16  Եվ հիմա մտածեք. մի՞թե դուք անկեղծությամբ ու ազնվությամբ գործեցիք՝ Աբիմելեքին թագավոր դարձնելով,+ և մի՞թե բարությամբ վարվեցիք Հերոբահաղի ու նրա տնեցիների հանդեպ: Մի՞թե նրա հետ ըստ արժանվույն վարվեցիք: 17  Երբ իմ հայրը կռվեց ձեզ համար,+ իր կյանքը* վտանգի ենթարկեց, որպեսզի Մադիանի ձեռքից ազատի ձեզ:+ 18  Բայց դուք այսօր դուրս եք եկել իմ հոր ընտանիքի դեմ ու սպանել եք նրա որդիներին՝ 70 հոգու մի քարի վրա,+ իսկ նրա աղախնի որդուն՝+ Աբիմելեքին, Սյուքեմի թագավորն եք դարձրել զուտ այն պատճառով, որ նա ձեր եղբայրն է: 19  Եթե դուք այսօր անկեղծությամբ ու ազնվությամբ վարվեցիք Հերոբահաղի ու նրա տնեցիների հետ, ապա ուրախացեք Աբիմելեքով, և նա էլ թող ձեզանով ուրախանա: 20  Իսկ եթե ոչ, այդ դեպքում թող կրակ դուրս գա Աբիմելեքից և լափի Սյուքեմի առաջնորդներին ու Բեթ-Մելոնը,+ և թող կրակ դուրս գա Սյուքեմի առաջնորդներից ու Բեթ-Մելոնից և լափի Աբիմելեքին»:+ 21  Դրանից հետո Հովաթամը+ փախուստի դիմեց: Նա փախավ Բեեր և այնտեղ բնակվեց, որովհետև վախենում էր իր եղբայր Աբիմելեքից: 22  Աբիմելեքը երեք տարի իշխեց* Իսրայելում: 23  Այնուհետև Աստված թույլ տվեց, որ թշնամություն առաջանա* Աբիմելեքի և Սյուքեմի առաջնորդների միջև, ու նրանք նենգաբար վարվեցին Աբիմելեքի հետ: 24  Դա տեղի ունեցավ, որպեսզի Հերոբահաղի 70 որդիների դաժան սպանության համար վրեժ առնվի, և որպեսզի նրանց եղբայրը՝ Աբիմելեքը, որը սպանեց նրանց,+ և Սյուքեմի առաջնորդները, որոնք օգնեցին նրան սպանելու իր եղբայրներին, պատասխան տան թափված արյան համար: 25  Ուստի Սյուքեմի առաջնորդները նրան վնասելու համար լեռների գլուխներին դարանակալներ դրեցին, որոնք կողոպտում էին իրենց մոտի ճանապարհով անցնողներին: Այս մասին տեղեկացրին Աբիմելեքին: 26  Աբեդի որդին՝ Գաալը, ու նրա եղբայրները գնացին Սյուքեմ, և Գաալը շահեց Սյուքեմի+ առաջնորդների վստահությունը: 27  Սյուքեմի բնակիչները գնացին իրենց խաղողի այգիները, հավաքեցին խաղողը, տրորեցին հնձանում և տոնախմբություն արեցին, իսկ հետո գնացին իրենց աստծու տուն,+ կերան, խմեցին ու անիծեցին Աբիմելեքին: 28  Աբեդի որդին՝ Գաալը, ասաց. «Ո՞վ է Աբիմելեքը՝ Հերոբահաղի+ որդին, և ո՞վ է Զեբուղը՝ Սյուքեմի ներկայացուցիչը, որ նրանց ծառայենք: Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայեք: Ինչո՞ւ պետք է Աբիմելեքին ծառայենք: 29  Երանի՜ թե այս ժողովուրդն իմ իշխանության տակ լիներ, այդ ժամանակ ես կհեռացնեի Աբիմելեքին»: Հետո նա Աբիմելեքին մարտահրավեր նետեց՝ ասելով. «Ավելացրու զորքիդ թիվը և արի կռվենք»: 30  Երբ քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդու՝ Գաալի խոսքերը, նրա զայրույթը բորբոքվեց: 31  Նա գաղտնաբար* պատգամաբերներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդին՝ Գաալը, և նրա եղբայրները Սյուքեմում են ու քաղաքը քո դեմ են հանում: 32  Ուստի դու և քո մարդիկ գիշերով գնացեք ու դարանամուտ եղեք դաշտում: 33  Վաղ առավոտյան, երբ արևը ծագի, հարձակվեք քաղաքի վրա: Եվ երբ նա իր մարդկանց հետ դուրս գա քո դեմ, ձեռքիցդ եկածն արա, որ հաղթես նրան»: 34  Աբիմելեքը և նրա հետ եղող բոլոր մարդիկ գիշերով վեր կացան ու չորս գնդի բաժանվելով՝ Սյուքեմի դեմ դարան մտան: 35  Հաջորդ օրը, երբ Գաալը՝ Աբեդի որդին, գնաց ու կանգնեց քաղաքի դարպասի մուտքի մոտ, Աբիմելեքը և իր հետ եղող մարդիկ դուրս եկան դարանից: 36  Տեսնելով մարդկանց՝ Գաալն ասաց Զեբուղին. «Տե՛ս, սարերի գլխից մարդիկ են իջնում»: Սակայն Զեբուղը պատասխանեց նրան. «Սարերի ստվերները աչքիդ մարդիկ են երևում»: 37  Որոշ ժամանակ անց Գաալը նորից ասաց. «Տե՛ս, մարդիկ են իջնում երկրի կենտրոնից, և մի գունդ էլ գալիս է Մեոնենիմի մեծ ծառի կողմից»: 38  Զեբուղն էլ ասաց նրան. «Ո՞ւր մնաց քո մեծ-մեծ խոսելը, որ ասում էիր. «Աբիմելեքն ո՞վ է, որ նրան ծառայենք»:+ Սրանք այն մարդիկ չե՞ն, որոնց դեմ դու խոսում էիր: Դե հիմա վե՛ր կաց ու կռվի՛ր նրանց դեմ»: 39  Ուստի Գաալը, գլխավորելով Սյուքեմի առաջնորդներին, կռվեց Աբիմելեքի դեմ: 40  Աբիմելեքը հետապնդեց Գաալին, և նա փախավ: Շատերը սպանված ընկան դեպի քաղաքի դարպասը տանող ճանապարհին: 41  Աբիմելեքը շարունակեց ապրել Արումայում, իսկ Զեբուղը+ Գաալին ու նրա եղբայրներին վռնդեց Սյուքեմից: 42  Հաջորդ օրը մարդիկ դաշտ դուրս եկան, և այդ մասին Աբիմելեքին իմաց տվին: 43  Նա էլ իր մարդկանց երեք գնդի բաժանեց ու դաշտում դարան մտավ: Երբ տեսավ, որ քաղաքից մարդիկ են դուրս գալիս, հարձակվեց նրանց վրա ու կոտորեց: 44  Աբիմելեքը և նրա հետի մարդիկ առաջ շարժվեցին ու կանգնեցին քաղաքի դարպասի առաջ, իսկ այդ ընթացքում երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և կոտորեցին նրանց: 45  Այդ ամբողջ օրը Աբիմելեքը կռվեց քաղաքի դեմ ու գրավեց այն: Նա սպանեց այնտեղի ժողովրդին, ապա քաղաքը ավերեց+ և այնտեղ աղ ցանեց: 46  Երբ Սյուքեմի աշտարակի առաջնորդներն իմացան այս մասին, անմիջապես գնացին Էլ-Բերիթի*+ տան* ապաստարանը: 47  Աբիմելեքին տեղեկացրին, որ Սյուքեմի աշտարակի բոլոր առաջնորդները մեկտեղ են հավաքվել: 48  Աբիմելեքը և նրա հետ եղող բոլոր մարդիկ բարձրացան Սելմոն լեռը: Նա կացինը ձեռքն առավ, ծառից մի ճյուղ կտրեց, դրեց ուսին և ասաց իր հետ եղողներին. «Ինչ որ ես արեցի, դուք էլ շտապ նույն բանն արեք»: 49  Ուստի բոլորը ճյուղեր կտրեցին ու գնացին Աբիմելեքի հետևից: Ապա ճյուղերը դրեցին ապաստարանի շուրջը և այն հրի մատնեցին: Սյուքեմի աշտարակում եղած բոլոր մարդիկ մեռան՝ մոտ 1 000 հոգի՝ տղամարդ թե կին: 50  Այնուհետև Աբիմելեքը գնաց Թեբես, բանակ դրեց դրա դիմաց և զավթեց այն: 51  Քաղաքի մեջտեղում մի ամուր աշտարակ կար: Բոլոր տղամարդիկ ու կանայք, ինչպես նաև քաղաքի բոլոր առաջնորդները փախան այդ աշտարակ, փակվեցին այնտեղ ու դրա կտուրը բարձրացան: 52  Աբիմելեքը շարժվեց դեպի աշտարակը և այն պաշարեց: Նա մոտեցավ աշտարակի մուտքին, որպեսզի այրի այն: 53  Այդ ժամանակ մի կին աղացքար գցեց Աբիմելեքի գլխին ու ջարդեց նրա գանգը:+ 54  Նա իսկույն ձայն տվեց իր զինակրին՝ ասելով. «Հանի՛ր սուրդ ու սպանի՛ր ինձ, որ իմ մասին չասեն. «Մի կին սպանեց նրան»»: Զինակիրը խոցեց նրան, և նա մեռավ: 55  Երբ իսրայելացիները տեսան, որ Աբիմելեքը մեռավ, տուն վերադարձան: 56  Այդպես Աստված Աբիմելեքին հատուցեց այն չարության դիմաց, որ նա գործել էր իր հոր դեմ՝ սպանելով իր 70 եղբայրներին:+ 57  Աստված նաև Սյուքեմի բնակիչների բոլոր չարագործությունները նրանց գլխին բերեց, և այդպիսով Հերոբահաղի+ որդու՝ Հովաթամի+ անեծքը նրանց վրա կատարվեց:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «հողատերերին»:
Բռց.՝ «ձեր ոսկորն ու ձեր միսն եմ»:
Կամ՝ «տաճարից»:
Կամ՝ «առատ պտղաբերությունը»:
Բռց.՝ «ճոճվեմ»:
Փշոտ թփի տեսակ:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «իրեն իշխանի պես պահեց»:
Բռց.՝ «Աստված վատ ոգի ուղարկեց»:
Կամ՝ «խորամանկությամբ»:
Հայտնի է նաև որպես Բահաղ-Բերիթ:
Կամ՝ «տաճարի»: