Եբրայեցիներ 7։1-28
7 Այս Մելքիսեդեկը՝ Սաղեմի թագավորը, Բարձրյալ Աստծու քահանան, դիմավորեց և օրհնեց Աբրահամին, երբ վերջինս վերադառնում էր թագավորներին կոտորելուց հետո,+
2 Աբրահամն էլ նրան տվեց ամեն ինչի տասներորդ մասը: Մելքիսեդեկի անունը թարգմանաբար նշանակում է «արդարության թագավոր»: Իսկ Սաղեմի թագավոր նշանակում է «խաղաղության թագավոր»:
3 Ու քանի որ հայտնի չէ, թե ով է նրա հայրը, մայրը, գրված չէ նրա տոհմաբանության մասին, երբ է ծնվել ու մահացել, նա ընդմիշտ քահանա է մնում և նմանեցվում է Աստծու Որդուն:+
4 Տեսնում ենք, թե որքան մեծ էր այս մարդը, որին Աբրահամը՝ մեր նահապետը, վերցված ավարի լավագույնից տասանորդ տվեց:+
5 Ինչպես նշված է Օրենքում, Ղևիի ցեղից+ նրանք, ովքեր նշանակվում են ծառայելու քահանա, պատվեր են ստացել տասանորդ հավաքել ժողովրդից՝+ իրենց եղբայրներից, թեև վերջիններս էլ են Աբրահամի սերունդները:
6 Մինչդեռ այդ մարդը, ով Ղևիի ցեղից չէր, տասանորդ վերցրեց Աբրահամից՝ խոստումները ստացած մարդուց, և օրհնեց նրան:+
7 Անհերքելի փաստ է, որ օրհնողը ավելի բարձր է, քան օրհնվողը:
8 Մի դեպքում ղևտացիներն են տասանորդ ստանում՝ մահկանացու մարդիկ, իսկ մյուս դեպքում ստանում է նա, ում մասին սուրբ գրքերը վկայում են, որ ողջ է:+
9 Կարելի է ասել, որ Աբրահամի միջոցով նույնիսկ Ղևին, որ տասանորդ է ստանում, տասանորդ վճարեց,
10 որովհետև նա դեռ իր նախահոր ներսում* էր, երբ Մելքիսեդեկը դիմավորեց նրան:+
11 Ուրեմն եթե ղևտացիների կատարած քահանայական ծառայությամբ (մի բան, որը սահմանված էր Օրենքով) իսկապես հնարավոր լիներ հասնել կատարելության,+ այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կար, որ մեկ ուրիշ քահանա հայտնվեր, որի մասին ասվում է, որ նա Մելքիսեդեկի՛ նման քահանա է,+ ոչ թե Ահարոնի:
12 Ուստի քանի որ քահանայությունը փոխվում է, անհրաժեշտություն է առաջանում փոխելու նաև Օրենքը:+
13 Այն մարդը, ում մասին խոսվում է, մեկ ուրիշ ցեղից էր, որի անդամներից ոչ մեկը ծառայություն չի մատուցել զոհասեղանի մոտ:+
14 Եվ ինչպես հայտնի է, մեր Տերը ծագում առավ Հուդայի ցեղից,+ մինչդեռ Մովսեսը երբևիցե չի հիշատակել, որ այդ ցեղից քահանաներ են գալու:
15 Ամեն բան ավելի հստակ է դառնում, երբ հայտնվում է մեկ ուրիշ քահանա,+ որը նման է Մելքիսեդեկին,+
16 և որը քահանա է դարձել ոչ թե Օրենքի համաձայն, այսինքն՝ իր ծագման հիման վրա, այլ անկործանելի կյանք տվող զորության շնորհիվ:+
17 Սուրբ գրվածքներից մեկում նրա մասին ասվում է. «Դու Մելքիսեդեկի նման քահանա ես և քահանա կլինես հավիտյան»:+
18 Այսպիսով՝ նախորդ պատվիրանները անվավեր են դառնում, քանի որ անզոր են և չեն կարող օգնել մեզ:+
19 Բանն այն է, որ Օրենքը նախատեսված չէր կատարելության հասցնելու համար,+ ուստի դա իրագործվեց ավելի լավ բանի միջոցով, որի հույսը+ մեզ տվեց Աստված, և որի միջոցով մենք մոտենում ենք նրան:+
20 Ընդ որում՝ սա նույնպես տեղի չունեցավ առանց երդման:
21 (Ճիշտ է, կան մարդիկ, որոնք քահանա են դարձել առանց Աստծու երդման, բայց այս մեկը քահանա դարձավ Աստծու երդումով, ում մասին Նա ասաց. «Ես՝ Եհովաս,* երդվել եմ ու միտքս չեմ փոխի.* «Դու քահանա կլինես հավիտյան»»):+
22 Այդպիսով Հիսուսը դարձավ ավելի լավ ուխտի* կատարման երաշխիք:+
23 Ավելին՝ քահանաները պետք է հաջորդեին մեկը մյուսին,+ որովհետև մահը չէր թողնում, որ շարունակեին իրենց ծառայությունը:
24 Բայց քանի որ Հիսուսը հավիտյան ողջ է լինելու,+ նա իր քահանայության մեջ իրեն հաջորդող չի ունենա:
25 Հետևաբար նա կարող է նաև լիարժեք փրկություն տալ նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն: Ու քանի որ նա միշտ ողջ է, կարող է բարեխոսել նրանց համար:+
26 Հենց այսպիսի քահանայապետ է մեզ պետք՝ նվիրված, չարությունից զերծ, անպիղծ,+ մեղքով չարատավորված և երկինքներից* էլ բարձր:+
27 Ի տարբերություն մյուս քահանայապետների, որոնք զոհ են մատուցում նախ՝ իրենց սեփական մեղքերի համար և հետո՝ ժողովրդի՝+ նա կարիք չունի ամեն օր զոհ մատուցելու,+ որովհետև ինքն իրեն որպես զոհ մատուցեց մեկ անգամ և ընդմիշտ:+
28 Օրենքով նշանակվում են քահանայապետներ, որոնք թուլություններ ունեցող մարդիկ են:+ Մինչդեռ Օրենքից հետո տրված երդումով+ նշանակվեց Որդին, ով ամեն առումով մեկընդմիշտ կատարելագործված է:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «երանքում»:
^ Տես հավելված Ա5:
^ Կամ՝ «չեմ ափսոսա»:
^ Ըստ ամենայնի, սա վերաբերում է մարդկային կառավարություններին: