Եզեկիել 10։1-22
10 Հետո տեսա, որ քերովբեների գլխավերևի հարթակի վրա գահի նման մի բան կա, որն ասես շափյուղա քարից լինի:+
2 Աստված ասաց կտավե հագուստ հագած մարդուն.+ «Մտիր քերովբեների տակ գտնվող անիվների մեջտեղը,+ երկու բռով վերցրու քերովբեների միջև եղող շիկացած ածուխներից+ ու դրանք գցիր քաղաքի վրա»:+ Եվ ես տեսա, որ նա գնաց ու մտավ անիվների մեջտեղը:
3 Երբ մարդը մտավ դրանց մեջտեղը, քերովբեները կանգնած էին տաճարի աջ կողմում, և ներսի գավիթը ամպով էր լցված:
4 Եհովայի փառքը+ բարձրացավ քերովբեների վրայից ու իջավ տաճարի շեմքի վրա: Տաճարն աստիճանաբար ամպով լցվեց,+ իսկ գավիթը լցված էր Եհովայի փառքի պայծառությամբ:
5 Քերովբեների թևերի ձայնը լսելի էր դրսի գավիթում և նման էր Ամենակարող Աստծու ձայնին:+
6 Ապա նա կտավե հագուստ հագած մարդուն հրամայեց՝ «Կրա՛կ վերցրու անիվների և քերովբեների մեջտեղից», և նա մտավ ու կանգնեց անիվներից մեկի մոտ:
7 Հետո քերովբեներից մեկը իր ձեռքը մեկնեց դեպի կրակը, որը վառվում էր քերովբեների մեջտեղում,+ վերցրեց դրանից ու դրեց կտավե հագուստ հագած մարդու ձեռքերի մեջ:+ Նա էլ վերցրեց այն ու դուրս եկավ:
8 Քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի տեսք ունեցող բաներ կային:+
9 Այնուհետև տեսա, որ քերովբեների կողքին չորս անիվներ կային՝ ամեն քերովբեի կողքին՝ մի անիվ: Անիվները փայլում էին, ինչպես ոսկեքարը:+
10 Չորս անիվներն էլ իրար նման էին, և դրանց կառուցվածքն այնպիսին էր, ասես անիվը անիվի մեջ լիներ:
11 Դրանք կարողանում էին առանց շրջվելու գնալ չորս ուղղություններից ցանկացած մեկով: Անիվները գնում էին այնտեղ, ուր որ ուղղված էին քերովբեների դեմքերը,* և կարիք չունեին շրջվելու:
12 Չորս քերովբեների ամբողջ մարմինը, մեջքը, ձեռքերը, թևերը, ինչպես նաև նրանց անիվները ամեն կողմից լի էին աչքերով:+
13 Ես մի ձայն լսեցի, որն անիվներին ասաց. «Առա՛ջ»:
14 Քերովբեներից յուրաքանչյուրը չորս երես ուներ: Առաջին երեսը քերովբեի երես էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առյուծի, և չորրորդը՝ արծվի:+
15 Քերովբեները վեր էին բարձրանում (նրանք այն նույն կենդանի էակներն էին,* որոնց տեսել էի Քոբար գետի մոտ):+
16 Երբ քերովբեները առաջ էին շարժվում, անիվներն էլ էին նրանց կողքով առաջ շարժվում, երբ բարձրացնում էին իրենց թևերը, որ վեր ելնեն երկրից, անիվները գնում էին նրանց կողքով և չէին փոխում ուղղությունը:+
17 Երբ քերովբեները կանգ էին առնում, դրանք էլ էին կանգ առնում, երբ բարձրանում էին, դրանք էլ էին բարձրանում, քանի որ կենդանի էակների վրա ներգործող ոգին* դրանց մեջ էր:
18 Եհովայի փառքը+ հեռացավ տաճարի շեմքի վրայից ու կանգ առավ քերովբեների վրա:+
19 Եվ ես տեսա, թե քերովբեներն ինչպես բարձրացրին իրենց թևերը և վեր ելան երկրից: Երբ նրանք առաջ շարժվեցին, անիվները նույնպես նրանց կողքով առաջ շարժվեցին: Նրանք կանգ առան Եհովայի տան արևելյան դարպասի մուտքի մոտ: Իսրայելի Աստծու փառքը նրանց գլխավերևում էր:+
20 Սրանք այն կենդանի էակներն էին,* որոնց տեսել էի Իսրայելի Աստծու գահի տակ, երբ Քոբար գետի մոտ էի,+ ուստի ես հասկացա, որ նրանք քերովբեներ էին:
21 Չորս քերովբեներից յուրաքանչյուրը չորս երես ու չորս թև ուներ, և նրանց թևերի տակ մարդու ձեռքի տեսք ունեցող բաներ կային:+
22 Նրանց երեսները նման էին Քոբար գետի մոտ տեսածս էակների երեսներին:+ Քերովբեներից յուրաքանչյուրը ուղիղ առաջ էր գնում:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ուղղված էր գլուխը»:
^ Բռց.՝ «նա այն կենդանի էակն էր»:
^ Բռց.՝ «կենդանի էակի ոգին»:
^ Բռց.՝ «Սա այն կենդանի էակն էր»: