Եզեկիել 12։1-28
12 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, դու ապստամբ ժողովրդի մեջ ես բնակվում: Նրանք աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում,+ որովհետև ապստամբ են:+
3 Իսկ դու, մարդո՛ւ որդի, հավաքիր իրերդ՝ գերության գնալու համար: Ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից ուրիշ տեղ գնա, ասես գերության ես գնում: Միգուցե նրանք մտորեն քո արածի շուրջ, թեև ապստամբ ժողովուրդ են:
4 Ցերեկով նրանց աչքի առաջ դուրս հանիր գերության գնալու համար հավաքածդ իրերը, ապա երեկոյան նրանց աչքի առաջ գերեվարվողի պես գնա:+
5 Նրանց աչքի առաջ պատի մեջ մի խոռոչ բացիր ու իրերդ դրա միջով դուրս հանիր:+
6 Նրանց աչքի առաջ դրանք դիր ուսիդ և մութ ժամանակ դուրս բեր: Երեսդ ծածկիր, որ գետինը չտեսնես. քեզ Իսրայելի համար նշան եմ դարձնում»:+
7 Ես արեցի այնպես, ինչպես ինձ պատվիրվել էր: Ցերեկով դուրս հանեցի իրերս, ասես գերության եմ գնում: Հետո՝ երեկոյան, ձեռքով պատի մեջ խոռոչ բացեցի, ու երբ մութն ընկավ, վերցրի իրերս ու նրանց աչքի առաջ ուսիս վրա տարա դրանք:
8 Առավոտյան Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.
9 «Մարդո՛ւ որդի, այդ ապստամբ իսրայելացիները քեզ չհարցրի՞ն՝ ինչ ես անում:
10 Ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Այս խոսքերը վերաբերում են Երուսաղեմի կառավարչին+ ու այդ քաղաքում գտնվող բոլոր իսրայելացիներին»»:
11 Ասա նրանց. «Ես նշան եմ ձեզ համար:+ Այն, ինչ արեցի, նույնը նրանց կպատահի: Նրանք կաքսորվեն՝ գերության կտարվեն:+
12 Նրանց կառավարիչը մութ ժամանակ ուսին կդնի իր իրերը և կհեռանա: Նա պատի մեջ խոռոչ կբացի ու դրանք կանցկացնի դրա միջով+ և իր երեսը կծածկի, որպեսզի գետինը չտեսնի:
13 Իմ որսացանցը կգցեմ նրա վրա, ու նա կբռնվի:+ Ես նրան կբերեմ Բաբելոն՝ քաղդեացիների երկիր, բայց նա այն չի տեսնի և այնտեղ կմահանա:+
14 Իսկ նրա շուրջը եղող բոլոր մարդկանց՝ նրա օգնականներին ու զորքերին, կցրեմ բոլոր ուղղություններով+ և կմերկացնեմ սուրս, որ հետապնդեմ նրանց:+
15 Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, երբ նրանց ցրեմ տարբեր երկրներ ու ցիրուցան անեմ ազգերի մեջ:
16 Բայց նրանցից ոմանց կազատեմ սրից, սովից ու համաճարակից, որ իրենց բոլոր գարշելի արարքների մասին պատմեն այն ազգերին, որոնց երկիր գնալու են: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:
17 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.
18 «Մարդո՛ւ որդի, հացդ դողալով կեր և ջուրդ տագնապով ու անհանգստությամբ խմիր:+
19 Եվ այս երկրի ժողովրդին ասա. «Գերիշխան Տեր Եհովան Իսրայելում ապրող Երուսաղեմի բնակիչների մասին ասում է. «Նրանք իրենց հացը տագնապով կուտեն և իրենց ջուրը սարսափով կխմեն, որովհետև այդ երկիրն ամայի կդառնա+ նրանց բռնության պատճառով:+
20 Բնակեցված քաղաքները կավերվեն, ու երկիրն ամայի կդառնա:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»»:+
21 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.
22 «Մարդո՛ւ որդի, Իսրայելում այդ ի՞նչ առած կա, որն ասում է. «Օրերն անցնում են ու գնում, բայց ոչ մի տեսիլք չի կատարվում»:+
23 Դրա համար ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Ես այնպես կանեմ, որ այդ առածը վերանա, որ Իսրայելում այլևս չասեն այն»»: Ասա նրանց. «Մոտ են այն օրերը,+ երբ բոլոր տեսիլքները կիրականանան»:
24 Իսրայելում այլևս կեղծ տեսիլքներ և շողոքորթ* գուշակություն չեն լինի:+
25 Ես՝ Եհովաս, կխոսեմ: Իմ ասած յուրաքանչյուր խոսք կկատարվի առանց հետաձգվելու:+ Ո՛վ ապստամբ ժողովուրդ, ձեր օրերում+ ես կխոսեմ և իմ ասածը կկատարեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
26 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.
27 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի ժողովուրդն ասում է. «Նա ապագայի համար է տեսիլք տեսնում՝ հեռավոր ապագայի մասին է մարգարեանում»:+
28 Ուստի ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Իմ խոսքերից և ոչ մեկի կատարումը չի հետաձգվի: Իմ ասած յուրաքանչյուր խոսք կկատարվի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «սուտ»: