Եզեկիել 16։1-63

  • Երուսաղեմի հանդեպ Աստծու սերը (1-63)

    • Երուսաղեմը համեմատվում է լքված երեխայի հետ (1-7)

    • Աստված զարդարում է նրան և ամուսնական ուխտի մեջ մտնում նրա հետ (8-14)

    • Նա անհավատարիմ է դառնում (15-34)

    • Պատժվում է ամուսնական դավաճանության համար (35-43)

    • Համեմատվում է Սամարիայի ու Սոդոմի հետ (44-58)

    • Աստված հիշում է իր ուխտը (59-63)

16  Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտնիր իր նողկալի գործերի մասին:+  Ասա. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում Երուսաղեմին. «Դու ծագումով Քանանից ես՝ այնտեղ ես ծնվել: Հայրդ ամորհացի+ էր, իսկ մայրդ՝ քետացի:+  Երբ ծնվեցիր, քո պորտալարը չկտրեցին, քեզ ջրով չլվացին, որ մաքուր լինես, աղով չշփեցին ու չբարուրեցին:  Ոչ ոք չխղճաց քեզ և չարեց այս բաները: Ոչ ոք չկարեկցեց քեզ, այլ ծնվելուդ օրը քեզ ատեցին և տարան գցեցին դաշտում:  Երբ անցնում էի կողքովդ, տեսա, թե ինչպես էիր արյանդ մեջ թավալվում: Դու արնաշաղախ ընկած էիր, և քեզ ասացի՝ ապրի՛ր: Այո՛, քեզ, որ արնաշաղախ էիր, ասացի՝ ապրի՛ր:  Դաշտի բույսերի պես մեծաքանակ դարձրի քեզ: Դու մեծացար, հասունացար ու պճնվեցիր քո լավագույն զարդերով: Կրծքերդ ձևավորվեցին, ու մազերդ երկարեցին, բայց դու դեռ մերկ էիր՝ առանց հագուստի:  Երբ անցնում էի կողքովդ, տեսա քեզ ու հասկացա, որ եկել է քո սիրո ժամանակը: Հագուստս տարածեցի քեզ վրա+ ու ծածկեցի մերկությունդ, երդում տալով՝ ուխտ* կապեցի քեզ հետ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– և դու իմը դարձար:  Քեզ ջրով լվացի, արյունից մաքրեցի ու յուղ քսեցի վրադ:+ 10  Ասեղնագործ հագուստ և ընտիր* կաշվից սանդալ հագցրի քեզ, փաթաթեցի բարձրորակ կտավով և թանկարժեք հագուստ հագցրի: 11  Քեզ զարդերով պճնեցի, ձեռքերիդ ապարանջաններ դրեցի ու պարանոցիդ վզնոց կախեցի: 12  Քթիցդ ու ականջներիցդ օղեր կախեցի և գլխիդ գեղեցիկ պսակ դրեցի: 13  Դու զարդարվում էիր ոսկով ու արծաթով, բարձրորակ կտավից և թանկարժեք կտորից հագուստներ ու ասեղնագործ զգեստներ էիր կրում: Ընտիր ալյուր, մեղր ու յուղ էիր ուտում: Դու շա՜տ, շա՜տ գեղեցկացար+ և արժանի դարձար թագուհի լինելու: 14  Համբավդ ազգերին հայտնի դարձավ+ քո գեղեցկության շնորհիվ: Գեղեցկությունդ կատարյալ էր, քանի որ քեզ իմ շքեղությամբ էի զարդարել,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 15  Բայց դու սկսեցիր ապավինել քո գեղեցկությանը+ և համբավդ օգտագործելով՝ մարմնավաճառ դարձար:+ Դու տրվում էիր յուրաքանչյուր անցորդի,+ և քո գեղեցկությունը նրան էիր նվիրում: 16  Դու վերցնում էիր քո գույնզգույն հագուստներից, դրանցով զարդարում էիր քո սրբավայրերը ու մարմնավաճառությամբ զբաղվում այնտեղ:+ Նման բաներ չպետք է արվեն. այդպիսի բաներ երբեք չպետք է կատարվեն: 17  Դու նաև վերցնում էիր քո գեղեցիկ զարդերը, որոնք պատրաստված էին իմ տված ոսկուց ու արծաթից, տղամարդու* արձաններ էիր շինում և անբարոյականություն գործում դրանց հետ:+ 18  Վերցնում էիր քո ասեղնագործ հագուստներն ու ծածկում դրանք: Իմ յուղն ու իմ խունկը դրանց էիր մատուցում:+ 19  Քեզ տվածս հացը՝ պատրաստված ընտիր ալյուրից, յուղից ու մեղրից, որոնք քեզ տվել եմ որպես կերակուր, նույնպես այդ կուռքերին էիր մատուցում, որ դրանց հաճեցնես:*+ Այո՛, հենց այդպես է եղել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 20  Դու քո որդիներին ու աղջիկներին, որոնց ծնել էիր ինձ համար,+ զոհաբերում էիր այդ կուռքերին.+ մի՞թե քեզ համար բավական չէր այն, որ մարմնավաճառությամբ էիր զբաղվում: 21  Մորթում էիր իմ որդիներին ու այրում՝ նրանց զոհաբերելով այդ կուռքերին:+ 22  Այդ բոլոր գարշելի բաներն անելիս և մարմնավաճառությամբ զբաղվելիս դու չէիր հիշում քո մանկության օրերը, երբ առանց հագուստի էիր, մերկ էիր ու արյանդ մեջ թավալվում էիր: 23  Վա՜յ, վա՜յ կգա քեզ վրա քո գործած բոլոր չարիքների համար,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 24  Ամեն մի հրապարակում քեզ համար բարձրահարթակ ու սրբավայր էիր շինում: 25  Յուրաքանչյուր փողոցի ամենատեսանելի մասում սրբավայրեր էիր շինում, գեղեցկությունդ գարշանք էիր դարձնում՝ քեզ առաջարկելով* ամեն մի անցորդի,+ և նորից ու նորից զբաղվում էիր մարմնավաճառությամբ:+ 26  Անբարոյականություն էիր գործում եգիպտացիների՝+ ցանկամոլ* հարևաններիդ հետ և վիրավորում էիր ինձ՝ անվերջ զբաղվելով մարմնավաճառությամբ: 27  Այդ պատճառով ես կմեկնեմ իմ ձեռքը և կնվազեցնեմ քո սննդի պաշարը,+ քեզ կմատնեմ քեզ ատող կանանց՝+ փղշտացիների դուստրերի ձեռքը, որոնք սարսափահար են եղել քո անառակ վարքի պատճառով:+ 28  Դու չէիր կարողանում բավարարվածություն ստանալ, դրա համար էլ սկսեցիր անբարոյականություն գործել ասորեստանցիների+ հետ, սակայն նրանց տրվելուց հետո էլ չբավարարվեցիր: 29  Ուստի շարունակեցիր անբարոյականություն գործել առևտրականների* երկրում և քաղդեացիների հետ,+ բայց այդպես էլ բավարարվածություն չստացար: 30  Օ՜, որքա՜ն թուլակամ էիր,*– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– երբ լկտի մարմնավաճառի պես անում էիր այդ ամենը:+ 31  Երբ յուրաքանչյուր փողոցի ամենատեսանելի մասում բարձրահարթակ էիր շինում և յուրաքանչյուր հրապարակում սրբավայր էիր կառուցում, դու նման չէիր մարմնավաճառի, որովհետև հրաժարվում էիր վարձից: 32  Դու դավաճան կին ես, որը իր ամուսնու փոխարեն օտարներին է նախընտրում:+ 33  Բոլոր մարմնավաճառներին նվեր են տալիս,+ մինչդեռ քո բոլոր սիրեկաններին դո՛ւ ես նվերներ տալիս+ ու կաշառք առաջարկում, որ գան քեզ մոտ ամեն տեղից՝ քեզ հետ անբարոյականություն գործելու:+ 34  Դու նման չես մյուս մարմնավաճառներին: Ոչ մի մարմնավաճառ քեզ պես չի վարվում. քեզ չեն վճարում, դու ինքդ ես վճարում ուրիշներին՝ դու հակառակն ես անում: 35  Ուստի ո՛վ մարմնավաճառ,+ լսիր Եհովայի խոսքը: 36  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ տրվեցիր կրքերիդ, մերկացար և անբարոյականություն գործեցիր սիրեկաններիդ ու բոլոր նողկալի ու գարշելի կուռքերիդ հետ,+ որոնց նույնիսկ որդիներիդ արյունը զոհաբերեցիր,+ 37  ես քո դեմ կհամախմբեմ քո բոլոր սիրեկաններին, որոնց դու հաճույք էիր պատճառում՝ բոլոր նրանց, ում սիրում էիր, և բոլոր նրանց, ում ատում էիր: Ամեն տեղից կհավաքեմ նրանց ու նրանց առաջ կմերկացնեմ քեզ, և նրանք քեզ կտեսնեն ամբողջովին մերկ:+ 38  Ես կպատժեմ քեզ այնպես, ինչպես դավաճան+ ու արյուն թափող կանանց են պատժում:+ Ցասումով ու խանդով կթափեմ քո արյունը:+ 39  Քեզ կմատնեմ նրանց ձեռքը, և նրանք կքանդեն քո բարձրահարթակները,+ քարուքանդ կանեն քո սրբավայրերը, պատռելով կհանեն հագուստներդ,+ կվերցնեն գեղեցիկ զարդերդ+ և քեզ մերկ կթողնեն: 40  Քո դեմ մի բազմություն կբերեն,+ կքարկոծեն+ ու սրերով կսպանեն քեզ:+ 41  Նրանք կհրկիզեն քո տները,+ շատ կանանց աչքի առաջ քո նկատմամբ կիրագործեն իմ դատաստանը: Ես վերջ կդնեմ քո մարմնավաճառությանը,+ և դու այլևս չես վճարի քո սիրեկաններին: 42  Իմ ցասումը կհանգչի,+ և այլևս զայրացած չեմ լինի քեզ վրա,+ ես կհանդարտվեմ ու ինձ այլևս վիրավորված չեմ զգա: 43  Քանի որ դու չհիշեցիր քո մանկության օրերը+ և այս ամենն անելով զայրացրիր ինձ, ես կհատուցեմ քեզ քո գործերի համեմատ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Դու այլևս անառակ վարք չես դրսևորի, ոչ էլ քո գարշելի գործերը կանես: 44  Ամեն ոք, ով ասացվածքներով է խոսում, քո մասին կասի. «Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկն է»:+ 45  Դու քո մոր աղջիկն ես, որը արհամարհում էր իր ամուսնուն ու երեխաներին: Դու քո քույրերի քույրն ես, որոնք արհամարհում էին իրենց ամուսիններին ու երեխաներին: Ձեր մայրը քետացի էր, իսկ հայրը՝ ամորհացի:+ 46  Ավագ քույրդ քեզնից դեպի հյուսիս բնակվող Սամարիան+ է իր դուստրերով,*+ իսկ կրտսեր քույրդ քեզնից դեպի հարավ բնակվող Սոդոմն+ է իր դուստրերով:+ 47  Դու ոչ միայն գնացիր նրանց հետքերով ու կրկնեցիր նրանց գարշելի գործերը, այլև շատ չանցած՝ նրանց արածներից ավելի զզվելի գործեր արեցիր:+ 48  Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քո քույր Սոդոմն ու նրա դուստրերը չեն վարվել այնպես, ինչպես դու և քո դուստրերը: 49  Սա էր քո քույր Սոդոմի մեղքը. նա և նրա դուստրերը+ հպարտ էին,+ նրանք առատ սնունդ ունեին+ ու ապրում էին անհոգ և հանգիստ կյանքով,+ սակայն չէին օգնում կեղեքվածներին ու աղքատներին:+ 50  Նրանք գոռոզ+ մնացին և շարունակեցին զզվելի գործեր անել իմ աչքի առաջ,+ ուստի հարկ համարեցի կործանել նրանց:+ 51  Սամարիան+ քո մեղքերի կեսն էլ չի գործել: Դու քույրերիցդ ավելի շատ ես զզվելի գործեր արել: Եվ դրանք այնքա՜ն գարշելի են, որ քո կողքին քույրերդ արդար են երևում:+ 52  Ուստի կրի՛ր քո նվաստացումը, քանի որ արդարացրել ես նրանց վարքը: Քո մեղքերը նրանց մեղքերից ավելի գարշելի են, դրա համար էլ նրանք քեզնից արդար են: Ամաչի՛ր ու կրի՛ր քո նվաստացումը, որովհետև քո պատճառով քույրերդ արդար են երևում: 53  Ես կհավաքեմ նրանց գերիներին՝ Սոդոմի ու նրա դուստրերի գերիներին, Սամարիայի ու նրա դուստրերի գերիներին, կհավաքեմ նաև քո գերիներին,+ 54  որպեսզի կրես քո նվաստացումը: Դու քեզ նվաստացած կզգաս, քանի որ քո արած գործերով նրանց համար մխիթարանք ես եղել: 55  Քո քույրեր Սոդոմն ու Սամարիան և նրանց դուստրերը կլինեն այնպիսին, ինչպիսին նախկինում էին: Դու և քո դուստրերը նույնպես կլինեք այնպիսին, ինչպիսին նախկինում էիք:+ 56  Երբ հպարտացար, քրոջդ՝ Սոդոմին, հիշատակելու արժանի չէիր համարում, 57  մինչև որ քո չարությունը չբացահայտվեց:+ Այժմ Ասորիքի դուստրերը և նրա բոլոր հարևանները ծաղրում են քեզ: Փղշտացիների դուստրերը+ և քո մյուս բոլոր հարևանները ծաղրուծանակի են ենթարկում քեզ: 58  Դու կրելու ես քո անառակ վարքի ու գարշելի գործերի հետևանքները»,– ասում է Եհովան: 59  «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվարվեմ քեզ հետ քո արածների համեմատ,+ քանի որ զանց արեցիր երդումդ՝ դրժելով իմ ուխտը:+ 60  Բայց ես կհիշեմ այն ուխտը, որ կապեցի քեզ հետ, երբ մանուկ էիր, և քեզ հետ հարատև ուխտ կկապեմ:+ 61  Դու կհիշես քո վարքը ու քեզ նվաստացած կզգաս,+ երբ ընդունես թե՛ ավագ, թե՛ կրտսեր քույրերիդ: Ես նրանց որպես դուստրերի քեզ կտամ, բայց ոչ հանուն քեզ հետ կապած ուխտի: 62  Ես ուխտ կկապեմ քեզ հետ, և դու կիմանաս, որ ես Եհովան եմ: 63  Չնայած քո բոլոր արածներին՝ ես կներեմ* քեզ,+ և այդժամ դու կհիշես, թե ինչ ես արել, և այնպես կամաչես, որ բերանդ ջուր կառնես»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»»:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «փոկի»:
Կամ հնարավոր է՝ «տղամարդու սեռական օրգանների»:
Կամ՝ «որպես հաճելի բուրմունք»:
Բռց.՝ «ոտքերդ լայն բացելով»:
Բռց.՝ «մեծ մարմին ունեցող»:
Բռց.՝ «Քանանի»:
Կամ հնարավոր է՝ «Օ՜, որքա՜ն բարկացած եմ քեզ վրա»:
Ըստ ամենայնի, խոսքը շրջակա ավանների մասին է:
Բռց.՝ «քավություն կանեմ»: