Եզեկիել 17։1-24

  • Հանելուկ՝ երկու արծիվների և խաղողի վազի մասին (1-21)

  • Մատղաշ ոստը կդառնա փառահեղ մայրի (22-24)

17  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, մի հանելուկ ասա ու մի առակ պատմիր Իսրայելի մասին:+  Ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի մեծ արծիվ,+ որը մեծ թևեր ուներ ու ծածկված էր երկար, գույնզգույն ու խիտ փետուրներով, եկավ Լիբանան+ ու պոկեց մայրու գագաթը:+  Նա պոկեց ամենավերևի մատղաշ ճյուղը, տարավ առևտրականների* երկիր ու այն տնկեց նրանց քաղաքում:+  Ապա վերցրեց այդ երկրի սերմից+ ու ցանեց պտղաբեր արտում: Նա տնկեց այն, ինչպես ուռենին են տնկում՝ առատ ջրերի մոտ:  Այն ծիլ տվեց և դարձավ կարճահասակ, բայց փարթամ որթատունկ:+ Դրա սաղարթները թեքված էին դեպի իրեն, և արմատները իր տակ էին աճում: Այդպես այն դարձավ խաղողի վազ, շիվեր տվեց և ճյուղեր արձակեց:+  Մեկ ուրիշ մեծ արծիվ էլ թռավ եկավ՝+ մեծ թևերով ու փետուրներով:+ Եվ խաղողի վազը իր արմատները ագահորեն տարածեց դեպի այդ արծիվը՝ հեռու այն տեղից, որտեղ տնկվել էր, և իր ճյուղերը ուղղեց դեպի արծիվը, որ նա ոռոգի իրեն:+  Բայց չէ՞ որ այն արդեն տնկված էր լավ արտում՝ առատ ջրերի մոտ, որ ճյուղեր արձակի, պտուղ տա և փառահեղ խաղողի վազ դառնա»»:+  Սա ասա. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Մի՞թե խաղողի վազը կփարթամանա: Մի՞թե այն արմատախիլ չեն անի:+ Մի՞թե դրա պտուղները չեն փտի, և ընձյուղները չեն չորանա:+ Վազն այնպես կչորանա, որ մեծ ուժի կամ շատ մարդկանց կարիք չի լինի այն արմատախիլ անելու համար: 10  Ու թեև այն փոխատնկված է, մի՞թե կփարթամանա կամ մի՞թե ամբողջությամբ չի չորանա, երբ արևելյան քամին փչի: Այն կչորանա այնտեղ, որտեղ աճել է»»»: 11  Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 12  «Ասա ապստամբ ժողովրդին. «Չե՞ք հասկանում, թե այս ամենն ինչ է նշանակում»: Նրանց ասա. «Բաբելոնի թագավորը գնաց Երուսաղեմ, վերցրեց թագավորին ու իշխաններին և բերեց իր մոտ՝ Բաբելոն:+ 13  Ավելին՝ թագավորական սերնդից վերցրեց մեկին,+ նրա հետ համաձայնություն կնքեց ու նրան երդվել տվեց:+ Նա իր հետ տարավ այդ երկրի անվանիներին,+ 14  որ թագավորությունը թուլանա և չկարողանա նորից հզորանալ, և որ այն գոյատևի միայն իր հետ կնքած համաձայնության շնորհիվ:+ 15  Բայց թագավորը ապստամբեց նրա դեմ՝+ իր պատգամաբերներին ուղարկելով Եգիպտոս, որպեսզի այնտեղից ձիեր+ ու մեծ զորք բերել տա:+ Մի՞թե նա հաջողություն կունենա: Այս բաներն անողը կազատվի՞ պատժից: Կկարողանա՞ խախտել համաձայնությունը և անպատիժ մնալ:+ 16  Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նա կմահանա Բաբելոնում, որտեղ բնակվում է այն թագավորը,* ով նրան* թագավոր նշանակեց, և որին տված երդումը նա արհամարհեց և համաձայնությունը դրժեց:+ 17  Փարավոնի հզոր բանակը ու մեծաքանակ զորքերը պատերազմում չեն օգնի նրան,+ երբ պատնեշներ կանգնեցվեն և պաշարման պարիսպներ կառուցվեն շատերին կոտորելու համար: 18  Նա արհամարհեց երդումը՝ խախտելով համաձայնությունը: Թեև նա խոստում էր տվել, բայց արեց այս ամենը, ուստի չի փրկվի: 19  Դրա համար սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Երդվում եմ իմ գոյությամբ. ես նրան կհատուցեմ ինձ տված երդումն արհամարհելու+ և ինձ հետ կապած ուխտը դրժելու համար: 20  Իմ որսացանցը կգցեմ նրա վրա և կբռնեմ նրան,+ կբերեմ Բաբելոն և այնտեղ նրա դեմ դատական վեճ կսկսեմ, քանի որ նա անհավատարմությամբ վարվեց ինձ հետ:+ 21  Նրա զորախմբերից այն մարդիկ, ովքեր փախուստի են դիմել, սրով կընկնեն, իսկ մնացածները կցրվեն բոլոր ուղղություններով:+ Եվ դուք կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ դա ասել»:+ 22  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վեհաշուք մայրու գագաթից ես մատղաշ ճյուղ կպոկեմ+ ու կտնկեմ այն: Դրա ամենավերևի ոստերից մատղաշ ոստ կպոկեմ+ ու կտնկեմ մի բարձր ու վսեմ լեռան վրա:+ 23  Այն կտնկեմ Իսրայելի բարձր լեռան վրա: Այն ճյուղեր կարձակի, պտուղ կտա և փառահեղ մայրի կդառնա: Նրա տակ ամեն տեսակ թռչուններ կբնակվեն, նրա սաղարթների ստվերում կհանգրվանեն: 24  Եվ դաշտի բոլոր ծառերը կիմանան, որ ես՝ Եհովաս եմ բարձր ծառը ցածրացրել և ցածրը բարձրացրել,+ կանաչ ծառը չորացրել, իսկ չոր ծառը ծաղկեցրել:+ Ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Քանանի»:
Այսինքն՝ Նաբուգոդոնոսորը:
Այսինքն՝ Սեդեկիային: