Եզեկիել 37։1-28

  • Չորացած ոսկորներով լի հովտի մասին տեսիլք (1-14)

  • Երկու փայտերը մեկ են դառնալու (15-28)

    • Մեկ ազգ, մեկ թագավոր (22)

    • Խաղաղության հավիտենական ուխտ (26)

37  Եհովայի ոգին* իջավ ինձ վրա, և իր ոգով Եհովան տարավ ինձ ու կանգնեցրեց ոսկորներով լի մի հովտի մեջտեղը:+  Նա անցկացրեց ինձ դրանց միջով: Ես տեսա, որ հովիտը լեփ-լեցուն էր ոսկորներով, դրանք շատ չորացած էին:+  Նա ինձ հարցրեց. «Մարդո՛ւ որդի, կարո՞ղ են այս ոսկորները կենդանանալ»: Ես պատասխանեցի. «Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դա դո՛ւ գիտես»:+  Նա ասաց. «Մարգարեացիր այս ոսկորների մասին և ասա. «Չորացա՛ծ ոսկորներ, լսե՛ք Եհովայի խոսքը.  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան այս ոսկորներին. «Ես շունչ կտամ ձեզ, և դուք կկենդանանաք:+  Ձեզ ջլերով ու մսով կպատեմ, մաշկով կծածկեմ, ու կյանքի կկոչվեք: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»»:  Այդ ժամանակ ես մարգարեացա, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել: Եվ երբ մարգարեանում էի, մի ձայն լսվեց՝ մի դղրդոց, և ոսկորները սկսեցին մոտենալ իրար. ոսկորը՝ ոսկորին:  Ապա տեսա, որ դրանք ջլերով ու մսով պատվեցին և մաշկով ծածկվեցին: Սակայն դրանց մեջ դեռևս շունչ չկար:  Եվ նա ասաց ինձ. «Մարգարեացիր, մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա քամուն. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ո՛վ քամի,* չորս կողմերից* արի ու փչիր այս սպանված մարդկանց վրա, որպեսզի կենդանանան»»»: 10  Ուստի ես մարգարեացա, ինչպես որ նա ինձ պատվիրել էր, և նրանց մեջ շունչ* մտավ, նրանք կենդանացան ու ոտքի կանգնեցին:+ Դա հսկայական զորք էր: 11  Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորները ողջ Իսրայելն են:+ Իսրայելացիներն ասում են. «Մեր ոսկորները չորացել են, ու մեր հույսը կորել է:+ Մենք ամեն ինչից կտրվել ենք»: 12  Դրա համար մարգարեացիր և ասա նրանց. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ո՛վ իմ ժողովուրդ, ես բացելու եմ ձեր գերեզմանները,+ ձեզ հանելու եմ դրանց միջից ու բերելու եմ Իսրայել:+ 13  Դուք կիմանաք, որ ես Եհովան եմ, երբ բացեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ դրանց միջից, ո՛վ իմ ժողովուրդ:+ 14  Իմ ոգին կդնեմ ձեր մեջ, ու դուք կկենդանանաք,+ ձեզ կբնակեցնեմ ձեր երկրում, և դուք կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»,– ասում է Եհովան»»: 15  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ: Նա ասաց. 16  «Մարդո՛ւ որդի, մի փայտ վերցրու ու վրան գրիր. «Հուդա և Իսրայելի ժողովուրդ, որը նրա հետ է»:*+ Մի ուրիշ փայտ էլ վերցրու և վրան գրիր. «Հովսեփ՝ Եփրեմի փայտ, և ողջ Իսրայել, որը նրա հետ է»:*+ 17  Ապա դրանք իրար միացրու, որ քո ձեռքում մեկ փայտ դառնան:+ 18  Երբ քո ժողովուրդը քեզ հարցնի՝ «Կասե՞ս, թե այս ամենն ինչ է նշանակում», 19  պատասխանիր. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվերցնեմ Հովսեփի և նրա հետ եղող Իսրայելի ցեղերի փայտը, որը Եփրեմի ձեռքում է, և այն կմիացնեմ Հուդայի փայտին: Ես դրանք մեկ փայտ կդարձնեմ,+ իմ ձեռքում դրանք մեկ փայտ կլինեն»»: 20  Այն փայտերը, որոնց վրա գրելու ես, կպահես այնպես, որ տեսանելի լինեն մարդկանց: 21  Ապա ասա նրանց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իսրայելացիներին կհանեմ այն ազգերի միջից, որոնց մոտ նրանք գնացել են, ամեն տեղից կհավաքեմ ու կբերեմ իրենց երկիր:+ 22  Նրանց մեկ ազգ կդարձնեմ այդ երկրում՝+ Իսրայելի լեռների վրա, ու նրանց վրա մեկ թագավոր կիշխի:+ Նրանք այլևս երկու ազգ չեն լինի, ոչ էլ երկու թագավորությունների բաժանված կլինեն:+ 23  Նրանք այլևս չեն պղծվի գարշելի կուռքերով, նողկալի գործերով ու մեղքերով:+ Ես կօգնեմ նրանց, որ այլևս մեղք չգործեն, ինչը անում էին անհավատարմության պատճառով, և կմաքրեմ նրանց: Նրանք կլինեն իմ ժողովուրդը, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ:+ 24  Իմ ծառա Դավիթը նրանց թագավորը կլինի,+ ու նրանք բոլորը մեկ հովիվ կունենան:+ Նրանք կհնազանդվեն իմ օրենքներին* և ճշգրտորեն կպահեն իմ կանոնները:+ 25  Նրանք կբնակվեն այն երկրում, որը տվել եմ իմ ծառա Հակոբին, և որտեղ ապրել են իրենց նախահայրերը:+ Նրանք, նրանց երեխաները, նրանց երեխաների երեխաները+ առհավետ կբնակվեն այնտեղ,+ և իմ ծառա Դավիթը նրանց առաջնորդը* կլինի հավիտյան:+ 26  Նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ,+ և այն հավիտենական ուխտ կլինի: Ես նրանց կբնակեցնեմ իրենց երկրում, կշատացնեմ+ և իմ սրբարանը նրանց մեջ կդնեմ առհավետ: 27  Իմ խորանը* նրանց հետ* կլինի, ես կլինեմ նրանց Աստվածը, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն:+ 28  Իմ սրբարանը հավերժ նրանց մեջ կլինի, և ազգերը կիմանան, որ ես՝ Եհովաս եմ Իսրայելին սուրբ դարձնում»»»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ձեռքը»:
Կամ՝ «շունչ», «ոգի»:
Բռց.՝ «քամիներից»:
Կամ՝ «ոգի»:
Կամ՝ «համագործակիցն է»:
Կամ՝ «համագործակիցն է»:
Բռց.՝ «դատավճիռներին»:
Կամ՝ «իշխանը»:
Կամ՝ «բնակավայրը», «տունը»:
Կամ՝ «վրա»: