Եզեկիել 4։1-17
4 «Մարդո՛ւ որդի, մի աղյուս վերցրու, այն քո առաջ դիր և դրա վրա փորագրիր Երուսաղեմ քաղաքը:
2 Պաշարիր այն.+ դրա շուրջը պաշարման պարիսպ կառուցիր,+ պատնեշ կանգնեցրու,+ դրա մոտ բանակներ դիր ու դրա շուրջբոլորը՝ պարսպակործան զենքեր:+
3 Երկաթե մի տապակ վերցրու, այն որպես երկաթե պարիսպ կանգնեցրու քո և քաղաքի միջև ու խիստ հայացքով նայիր քաղաքին: Այն պաշարման մեջ կլինի. դու պետք է ցույց տաս, թե այն ինչպես է պաշարվելու: Դա նշան կլինի Իսրայելի ժողովրդի համար:+
4 Հետո պառկիր ձախ կողքիդ վրա ու կրիր Իսրայելի ժողովրդի մեղքը:+ Քանի օր որ այդ կողքի վրա պառկելու ես, այդքան օր էլ կրելու ես նրանց մեղքը:
5 Դու պետք է դա անես 390 օր՝ համաձայն նրանց մեղքերի տարիների թվի:+ Դու կկրես Իսրայելի ժողովրդի մեղքը:
6 Երբ այդ օրերն ավարտվեն, երկրորդ անգամ կպառկես, այս անգամ՝ աջ կողքիդ վրա, և 40 օր կկրես Հուդայի ժողովրդի մեղքը:+ Մեկ տարվա դիմաց մեկ օր, մեկ տարվա դիմաց մեկ օր եմ սահմանել քեզ համար:
7 Թևքերդ վերև ծալիր, խիստ հայացքով նայիր դեպի պաշարված Երուսաղեմը+ ու մարգարեացիր՝ ասելով, թե ինչ է սպասում նրան:
8 Ես պարաններով կկապեմ քեզ, որպեսզի չկարողանաս շրջվել մի կողմից մյուս կողմը, մինչև որ պաշարման օրերը լրանան:
9 Վերցրու ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար, լցրու մի ամանի մեջ ու դրանցից հաց պատրաստիր քեզ համար: Դու այն կուտես 390 օր՝ այնքան ժամանակ, որքան որ պառկած կլինես կողքիդ վրա:+
10 Ամեն օրվա համար 20 սիկղ* հաց կշռիր ու կեր: Այն կուտես հստակ որոշված ժամերին:
11 Ջուրը չափով կխմես՝ հիմենի մեկ վեցերորդ մասը:* Այն կխմես հստակ որոշված ժամերին:
12 Հացը կպատրաստես ու կուտես, ինչպես գարու բլիթը, և բոլորի աչքի առաջ այն կթխես մարդու չոր արտաթորանքի վրա»:
13 Ապա Եհովան ասաց. «Ահա այսպես իսրայելացիները անմաքուր հաց կուտեն այն ազգերի մեջ, որոնց մեջ կցրեմ նրանց»:+
14 Եվ ես ասացի. «Միայն ո՛չ դա, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա: Իմ պատանեկությունից ի վեր չեմ կերել մի բան, ինչը կարող էր պղծել ինձ՝ ո՛չ սատկած, ո՛չ էլ հոշոտված կենդանու միս:+ Երբեք որևէ անմաքուր միս իմ բերանը չի մտել»:+
15 Այդ ժամանակ նա ասաց ինձ. «Լա՛վ, ես թույլ կտամ, որ մարդու չոր արտաթորանքի փոխարեն անասունի աթարի վրա թխես հացը»:
16 Նա ավելացրեց. «Մարդո՛ւ որդի, ես Երուսաղեմը կզրկեմ սննդի պաշարից,*+ և մարդիկ, տագնապած ու սարսափած, ստիպված կլինեն իրենց հացը կշռով ուտել+ և ջուրը չափով խմել:+
17 Այդպես նրանք հացի ու ջրի կարոտ կմնան, շվարած կնայեն իրար ու հալումաշ կլինեն իրենց մեղքի պատճառով»:
Ծանոթագրություններ
^ Մոտ 228 գ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 0,6 լ: Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «ես Երուսաղեմում կկոտրեմ հացի ձողերը»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար: