Եզեկիել 43։1-27

  • Տաճարը լցվում է Եհովայի փառքով (1-12)

  • Զոհասեղանը (13-27)

43  Հետո նա տարավ ինձ արևելյան մուտքային շինության մոտ:+  Այնտեղ տեսա Իսրայելի Աստծու փառքը, որ գալիս էր արևելքից,+ նրա ձայնը նման էր ջրերի շառաչյունի:+ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից:+  Այս տեսիլքը նման էր այն տեսիլքին, որը տեսել էի այն ժամանակ, երբ եկել էի՝* քաղաքը ավերակների վերածելու:* Այն, ինչ տեսա, նման էր Քոբար գետի մոտ ինձ տրված տեսիլքին:+ Ուստի, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցի:  Այդ ժամանակ Եհովայի փառքը արևելյան մուտքային շինությունով տաճար* մտավ:+  Ապա ոգին բարձրացրեց ինձ ու տարավ ներսի գավիթ, և ես տեսա, որ տաճարը լցված էր Եհովայի փառքով:+  Ես ինձ ուղղված մի ձայն լսեցի տաճարից: Եվ մարդը* եկավ ու կանգնեց կողքիս:+  Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սա իմ գահի վայրն+ է և իմ ոտքերի տեղը:+ Այստեղ ես հավիտյան կբնակվեմ Իսրայելի ժողովրդի մեջ:+ Իսրայելացիներն ու նրանց թագավորները այլևս չեն պղծի իմ սուրբ անունը+ անհավատարմությամբ* և իրենց թագավորների դիակներով:*  Իրենց շեմքը իմ շեմքի կողքին դրեցին, իրենց դռան կողափայտը իմ դռան կողափայտի մոտ դրեցին. իմ ու նրանց միջև ընդամենը մի պատ կար:+ Նրանք պղծեցին իմ սուրբ անունը իրենց գարշելի գործերով, ուստի ես, բարկությամբ լցված, բնաջնջեցի նրանց:+  Թող նրանք դադարեն անհավատարիմ լինելուց* և իրենց թագավորների դիակները հեռացնեն ինձնից, ու ես առհավետ կբնակվեմ նրանց մեջ:+ 10  Իսկ դու, ո՛վ մարդու որդի, իսրայելացիներին նկարագրիր տաճարը,+ որպեսզի նրանք ամաչեն իրենց մեղքերի համար:+ Թող նրանք ուսումնասիրեն դրա նախագիծը:* 11  Եթե իրենց բոլոր արածների համար ամաչեն, նրանց աչքի առաջ գծագրիր տաճարի հատակագիծը, ներկայացրու դրա տարբեր հատվածների գտնվելու տեղերը, ելքերն ու մուտքերը:+ Ցույց տուր դրա բոլոր հատակագծերը, տեղեկացրու դրան առնչվող բոլոր կանոնների և օրենքների մասին ու գրի առ այդ ամենը, որպեսզի ողջ հատակագիծը իրենց աչքի առաջ ունենալով՝ նրանք վարվեն այդ կանոնների համաձայն:+ 12  Սա է տաճարի վերաբերյալ օրենքը. լեռան գագաթի շուրջը գտնվող ողջ տարածքն անչափ սուրբ է:+ Սա տաճարի վերաբերյալ օրենքն է: 13  Սրանք են զոհասեղանի չափսերը կանգուններով+ (յուրաքանչյուր կանգունը սովորական կանգունից ձեռքի ափի լայնության չափ երկար է):* Դրա հիմքի բարձրությունը մեկ կանգուն է, և այն վերևի հատվածից ամեն կողմում մեկ կանգունով ավելի լայն է: Հիմքի շուրջբոլորը մեկ թիզ* լայնությամբ եզրագիծ կա: Սա զոհասեղանի հիմքն է: 14  Հատակի վրա եղող հիմքի վրայի փոքր հատվածի բարձրությունը երկու կանգուն* է, և այն իր վերևի մեծ հատվածից ամեն կողմում մեկ կանգունով լայն է: Մեծ հատվածի բարձրությունը չորս կանգուն* է, և այն իր վրայի կրակարանից ամեն կողմում մեկ կանգունով լայն է: 15  Զոհասեղանի կրակարանի բարձրությունը չորս կանգուն է, և կրակարանից չորս եղջյուր է բարձրանում:+ 16  Կրակարանի երկարությունը 12 կանգուն է, լայնությունը՝ նույնպես 12 կանգուն:* Այն քառակուսի է:+ 17  Մեծ հատվածի չորս կողմերից յուրաքանչյուրի երկարությունը 14 կանգուն* է: Դրա շուրջբոլորը եղող եզրագծի հաստությունը կես կանգուն* է: Զոհասեղանի հիմքը բոլոր կողմերում վերևի հատվածից մեկ կանգունով լայն է: Դրա աստիճանները արևելյան կողմում են»: 18  Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Սրանք են այն կարգադրությունները, որոնց պետք է հետևել, երբ զոհասեղանը կառուցվի, որպեսզի դրա վրա ողջակեզներ մատուցվեն և արյուն շաղ տրվի»:+ 19  «Սադոկի սերնդից ղևտացի քահանաներին,+ որոնք մոտենում են ինձ ծառայելու համար, նախրից մեկ մատղաշ ցուլ կտաս որպես մեղքի զոհ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 20  Կվերցնես դրա արյունից ու կքսես զոհասեղանի չորս եղջյուրներին, վերևի հատվածի չորս անկյուններին և դրա շուրջբոլորը եղող եզրագծին, որպեսզի զոհասեղանը մաքրես մեղքից ու քավություն անես դրա համար:+ 21  Ապա կվերցնես մատղաշ ցուլը՝ մեղքի զոհը՝ տաճարի տարածքում՝ սրբարանից դուրս որոշված վայրում, այրելու համար:+ 22  Երկրորդ օրը որպես մեղքի զոհ մի անարատ արու այծ կբերես: Եվ թող զոհասեղանը մեղքից մաքրեն այնպես, ինչպես մաքրեցին մատղաշ ցլի արյունով»: 23  «Երբ զոհասեղանը մեղքից մաքրես, նախրից մի անարատ մատղաշ ցուլ ու հոտից մի անարատ արու ոչխար կբերես որպես զոհ: 24  Դրանք կբերես Եհովայի առաջ: Քահանաները դրանց վրա աղ պետք է ցանեն+ ու Եհովայի համար մատուցեն որպես ողջակեզ: 25  Յոթ օր օրական մեկ արու այծ կմատուցես որպես մեղքի զոհ,+ ինչպես նաև նախրից մեկ մատղաշ ցուլ և հոտից մեկ արու ոչխար. բոլորն էլ անարատ* պետք է լինեն: 26  Յոթ օր շարունակ քավություն պետք է արվի զոհասեղանի համար: Այն պետք է մաքրեն և այդպիսով պատրաստեն օգտագործման: 27  Երբ այդ օրերը լրանան, ութերորդ օրվանից+ սկսած՝ քահանաները զոհասեղանի վրա կմատուցեն ձեր* ողջակեզներն ու խաղաղության զոհերը, և ես հաճություն ցույց կտամ ձեզ»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Նա եկել էր»:
Ակներևաբար, խոսքը քաղաքի ավերումը կանխագուշակելու մասին է:
Բռց.՝ «տուն»:
Հավանաբար, խոսքը Եզեկիել 40:3-ում նշված մարդու մասին է:
Հավանաբար, խոսքը կուռքերի մասին է, որոնց նրանք իրենց թագավորներն էին համարում:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործելով»:
Բռց.՝ «հոգևոր պոռնկություն գործելուց»:
Կամ՝ «չափեն այն»:
Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է, որը մոտ 51,8 սմ է: Տես հավելված Բ14:
Մոտ 22,2 սմ: Տես հավելված Բ14:
Մոտ 1 մ:
Մոտ 2,1 մ:
Կրակարանի չափսերը՝ մոտ 6,2 × 6,2 մ:
Մոտ 7,3 մ:
Մոտ 0,3 մ:
Կամ՝ «կատարյալ»:
Այսինքն՝ ժողովրդի: