Եզեկիել 47։1-23

  • Տաճարից բխող գետը (1-12)

    • Գետի ջուրը գնալով խորանում է (2-5)

    • Մեռյալ ծովի ջրերը կբուժվեն (8-10)

    • Տղմոտ հատվածները չեն բուժվի (11)

    • Ծառերի պտուղը կլինի ուտելու համար, իսկ տերևները՝ բուժելու (12)

  • Երկրի սահմանները (13-23)

47  Ապա նա հետ բերեց ինձ տաճարի մուտքի մոտ:+ Այնտեղ տեսա, որ տաճարի շեմքի տակից ջուր էր հոսում: Այն հոսում էր դեպի արևելք,+ քանի որ տաճարի մուտքը նայում էր արևելք: Ջուրը բխում էր տաճարի մուտքի աջ հատվածի տակից և հոսում էր զոհասեղանի հարավային կողմով:  Հետո նա հյուսիսային մուտքային շինությունով դուրս հանեց ինձ+ և տարավ արևելյան արտաքին մուտքային շինության մոտ,+ և ես տեսա, որ աջ կողմով ջուր էր հոսում:  Նա, չափման լարը ձեռքին,+ գնաց դեպի արևելք, չափեց 1 000 կանգուն* և ինձ անցնել տվեց ջրի միջով: Ջուրը հասնում էր ոտքերիս կոճերին:  Նա 1 000 կանգուն էլ չափեց և ինձ անցնել տվեց ջրի միջով: Ջուրը հասնում էր ծնկներիս: Նա ևս 1 000 կանգուն չափեց և ինձ անցնել տվեց ջրի միջով: Ջուրը հասնում էր գոտկատեղիս:  Երբ նա 1 000 կանգուն էլ չափեց, գետն այնքան հորդառատ էր, որ քայլելով չէի կարող անցնել: Ջուրն այնքան խորն էր, որ պետք էր լողալով անցնել. քայլելով հնարավոր չէր դա անել:  Այդ ժամանակ նա հարցրեց ինձ. «Տեսա՞ր սա, մարդո՛ւ որդի»: Հետո նա ինձ քայլելով անցնել տվեց, որ վերադառնամ գետի ափ:  Երբ վերադարձա, տեսա, որ գետի երկու ափերին անչափ շատ ծառեր կան:+  Ապա նա ասաց ինձ. «Այս ջուրը հոսում է դեպի արևելք, անցնում է Արաբայով*+ և թափվում ծովը:* Այն կլցվի ծովը,+ և դրա ջրերը կբուժվեն:  Ամենուրեք, ուր որ հոսի այդ գետի ջուրը,* բազմաթիվ կենդանի արարածներ կկարողանան ապրել: Ուր էլ որ այդ ջուրը հոսի, այնտեղ անչափ շատ ձկներ կլինեն: Ծովի ջրերը կբուժվեն, և ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի: 10  Ձկնորսները կկանգնեն ծովի ափին՝ Ենգադիից+ մինչև Ենեգլայիմ, որտեղ ուռկաններ չորացնելու տեղ կլինի: Ծովում բազմատեսակ ձկներ կլինեն՝ անչափ շատ, ինչպես Մեծ ծովում:*+ 11  Սակայն կլինեն տղմոտ ու ճահճոտ տեղեր, որոնք չեն ապաքինվի. դրանք աղի կմնան:+ 12  Գետի երկու ափերին ամեն տեսակ պտղատու ծառեր կաճեն: Դրանց տերևները չեն թառամի, ու դրանք միշտ պտղաբեր կլինեն: Ամեն ամիս ծառերը նոր պտուղ կտան, քանի որ դրանց ոռոգող ջուրը սրբարանից է հոսում:+ Դրանց պտուղը ուտելու համար կլինի, իսկ տերևները՝ բուժելու»:+ 13  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Սա է այն տարածքը, որը դուք որպես ժառանգություն կբաժանեք Իսրայելի 12 ցեղերի միջև: Հովսեփը երկու բաժին կունենա:+ 14  Դուք կժառանգեք այն, և ձեր ստացած տարածքները հավասար չափով կլինեն: Ես երդվել էի այս երկիրը տալ ձեր նախահայրերին,+ և հիմա այն ձերը կլինի* որպես ժառանգություն: 15  Սա է երկրի հյուսիսային սահմանը. այն սկսվում է Մեծ ծովից, շարունակվում է Եթլոն+ տանող ճանապարհով, գնում է դեպի Սեդադ,+ 16  Եմաթ,+ Բերոթա,+ Սիբրայիմ, որը Դամասկոսի ու Եմաթի միջև է, և ձգվում է դեպի Ասեր-Աթթիքոն, որը Ավրանի+ սահմանի մոտ է: 17  Այսպիսով՝ սահմանը սկսվում է ծովից և ձգվում է մինչև Ասար-Ենոն:+ Այն անցնում է Դամասկոսի հյուսիսային սահմանով ու Եմաթի+ սահմանով: Սա հյուսիսային սահմանն է: 18  Արևելյան սահմանն անցնում է Ավրանի ու Դամասկոսի մեջտեղով և Գաղաադի+ ու Իսրայելի մեջտեղով՝ Հորդանանի երկայնքով: Չափեք հյուսիսային սահմանից մինչև արևելյան ծովն* ընկած տարածությունը: Սա արևելյան սահմանն է: 19  Հարավային սահմանը Թամարից ձգվում է մինչև Մերիբա-Կադեսի ջրերը,+ ապա մինչև հեղեղատը* և հասնում Մեծ ծով:+ Սա հարավային սահմանն է: 20  Արևմտյան սահմանը Մեծ ծովն է՝ հարավային սահմանից մինչև Եմաթի*+ հանդիպակաց կողմը: Սա արևմտյան սահմանն է»: 21  «Երկիրը բաժանեք ձեր միջև՝ Իսրայելի 12 ցեղերի միջև: 22  Այն որպես ժառանգություն բաշխեք ձեր և ձեզ հետ ապրող պանդուխտների միջև, որոնք բնակություն են հաստատել ձեր մեջ ու երեխաներ են ունեցել: Նրանք ձեզ համար բնիկ իսրայելացու պես կլինեն: Իսրայելի ցեղերի մեջ ձեզ հետ նրանք էլ ժառանգություն կստանան: 23  Որ ցեղի տարածքում որ պանդուխտը բնակություն է հաստատել, այնտեղ էլ նրան ժառանգություն տվեք»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:

Ծանոթագրություններ

Մոտ 518 մ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Կամ՝ «անապատային հարթավայրով»:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Բռց.՝ «երկու գետերը»:
Այսինքն՝ Միջերկրական ծովում:
Բռց.՝ «ձեզ կընկնի»:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Այսինքն՝ Եգիպտոսի հեղեղատը: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «Եմաթի մուտքի»: