Եզրաս 9։1-15

  • Իսրայելացիների ամուսնությունը օտարազգիների հետ (1-4)

  • Եզրասն իր աղոթքում խոստովանում է ժողովրդի մեղքերը (5-15)

9  Այդ ամենից հետո իշխանները եկան ինձ մոտ ու ասացին. «Իսրայելի ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները հեռու չեն մնացել այս տարածքի ժողովուրդների՝ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների+ և ամորհացիների+ գարշելի սովորույթներից:+  Նրանք իրենց և իրենց որդիների համար կնության են առել այդ ժողովուրդների աղջիկներից:+ Այդպիսով սուրբ ժողովուրդը*+ խառնակվել է այս տարածքի ժողովուրդների հետ,+ ընդ որում՝ այդ անհավատարմության մեջ առաջինը իշխաններն ու փոխկառավարիչներն են եղել»:  Դա լսելով՝ ես պատռեցի հագուստս, մազերս ու մորուքս փետեցի և այդ ամենից ցնցված՝ քարացած նստեցի:  Այդպես վշտահար նստած մնացի մինչև երեկոյան հացի ընծայի մատուցվելը,+ իսկ այդ ընթացքում շուրջս հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր ակնածանքով* էին վերաբերվում Իսրայելի Աստծու խոսքերին և մտահոգված էին գերությունից վերադարձած ժողովրդի անհավատարմության պատճառով:  Իսկ երբ հասավ երեկոյան հացի ընծայի ժամանակը,+ ես վեր կացա այն տեղից, որտեղ նստած սուգ էի անում: Ապա, պատառոտված հագուստը հագիս, ծնկի եկա ու ձեռքերս դեպի վեր տարածելով՝ աղոթեցի իմ Աստված Եհովային:  Ես ասացի. «Ո՜վ իմ Աստված, ամոթից չգիտեմ՝ ինչ անել: Չեմ համարձակվում երեսս վեր բարձրացնել դեպի քեզ, ո՜վ իմ Աստված, քանի որ ոտքից գլուխ թաղված ենք մեր հանցանքների մեջ, մեր մեղքերը մինչև երկինք են հասել:+  Մեր նախահայրերի օրերից մինչև հիմա կռացած ենք մեր բազում մեղքերի ծանրության տակ:+ Մեր հանցանքների պատճառով մենք, մեր թագավորներն ու քահանաները այլ երկրների թագավորների ձեռքն ենք տրվել, սրի,+ գերության,+ թալանի+ ու խայտառակության ենք մատնվել և մինչև օրս էլ այդ վիճակում ենք:+  Բայց հիմա դու, ո՜վ մեր Աստված Եհովա, մի ակնթարթ բարեհաճություն ես դրսևորել մեր հանդեպ՝ թույլ ես տվել, որ մեր ժողովրդից վերապրողներ լինեն, և մեզ ապահով հանգրվան ես տվել քո սուրբ վայրում,+ որ մեր աչքերը փայլեն ուրախությունից, և որ գեթ մի փոքր կենդանություն տաս ստրկության մեջ եղողներիս, ո՜վ մեր Աստված:  Թեև մենք ստրուկներ ենք,+ բայց դու, մեր Աստվա՜ծ, մեզ չես լքել մեր ստրկության մեջ, այլ մեր հանդեպ հավատարիմ սեր ես դրսևորել՝ Պարսկաստանի թագավորների բարեհաճությունը շնորհելով մեզ:+ Կենդանություն ես տվել մեզ, ո՜վ մեր Աստված, որ վերակառուցենք քո տունը+ և ավերակներից վեր բարձրացնենք այն, դու պաշտպանության պարիսպ* ես տվել մեզ Հուդայում ու Երուսաղեմում: 10  Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, էլ ի՞նչ կարող ենք ասել այս ամենից հետո: Մենք անտեսել ենք քո պատվիրանները, 11  որ տվել ես քո ծառաների՝ մարգարեների միջոցով՝ ասելով. «Այն երկիրը, որին պատրաստվում եք տիրանալ, պղծվել է այդ տարածքի ժողովուրդների անմաքրության պատճառով: Նրանք պղծել են երկիրը՝ ծայրից ծայր լցնելով այն իրենց գարշելի սովորույթներով:+ 12  Ձեր աղջիկներին նրանց որդիներին կնության չտաք և նրանց աղջիկներին ձեր որդիների համար հարս չբերեք:+ Երբեք նրանց խաղաղությանն ու բարգավաճմանը չնպաստեք,+ որպեսզի հզորանաք ու օգտվեք այդ երկրի բարիքներից, և այն ընդմիշտ ձեր ու ձեր որդիների սեփականությունը դառնա»: 13  Այն ամենից հետո, ինչ եկավ մեր գլխին մեր վատ գործերի և բազմաթիվ մեղքերի պատճառով (թեև դու, ո՜վ մեր Աստված, մեր հանցանքներին արժանի պատիժ չես տվել մեզ+ և այստեղ եկածներիս փրկություն ես շնորհել),+ 14  ինչպե՞ս ենք հիմա նորից խախտում քո պատվիրանները և ամուսնական կապեր հաստատում գարշելի բաներ անող այդ ժողովուրդների մարդկանց հետ:+ Չէ՞ որ դու այնպիսի ցասումով կլցվես մեր հանդեպ, որ իսպառ կոչնչացնես մեզ, ու ոչ ոք կենդանի չի մնա, վերապրող չի լինի: 15  Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, դու արդար ես,+ դու թույլ ես տվել, որ մեզնից վերապրողներ լինեն առայսօր: Եվ ահա մենք՝ հանցավորներս, քո առաջ ենք, թեև մեր արածներից հետո իրավունք չունենք քո առաջ կանգնելու»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «սերունդը»:
Կամ՝ «խորին հարգանքով»:
Բռց.՝ «քարե պարիսպ»: