Ելք 10։1-29
10 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ: Ես թույլ եմ տվել, որ նրա և իր ծառաների սիրտը կարծրանա,+ որպեսզի իմ այս հրաշքներն անեմ նրա առաջ,+
2 և որպեսզի որդիներիդ ու թոռներիդ պատմես, թե ինչպիսի խստությամբ պատժեցի եգիպտացիներին, թե ինչ հրաշքներ արեցի նրանց մեջ:+ Այդ ժամանակ բոլորդ կիմանաք, որ ես Եհովան եմ»:
3 Ուստի Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և ասացին. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Մինչև ե՞րբ ես հրաժարվելու ինձ ենթարկվել:+ Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ:
4 Եթե այսուհետ էլ բաց չթողնես իմ ժողովրդին, վաղը մորեխներ կուղարկեմ քո երկիր:
5 Դրանք կծածկեն երկրի երեսը, և գետինը չի երևա: Դրանք կխժռեն այն, ինչ մնացել է կարկուտից հետո, և կուտեն ձեր դաշտերում աճող բոլոր ծառերը:+
6 Դրանք կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և ամբողջ Եգիպտոսի տները, այնպիսի քանակությամբ կգան, որ քո հայրերն ու պապերը չեն տեսել այս երկրում իրենց օրերից մինչև այսօր»»:+ Այս խոսքերն ասելով՝ նրանք շրջվեցին ու դուրս եկան փարավոնի մոտից:
7 Դրանից հետո փարավոնի ծառաներն ասացին նրան. «Մինչև ե՞րբ է այս մարդը սպառնալիք* լինելու մեզ համար: Ազատ արձակիր նրանց, որ ծառայեն իրենց Աստված Եհովային: Մի՞թե դեռ չես գիտակցում, որ Եգիպտոսը կործանվել է»:
8 Ուստի Մովսեսին ու Ահարոնին հետ կանչեցին փարավոնի մոտ, և նա ասաց նրանց. «Գնացե՛ք, ծառայե՛ք ձեր Աստված Եհովային: Իսկ ովքե՞ր են լինելու գնացողները»:
9 Մովսեսն ասաց. «Մենք գնալու ենք մեր երեխաների, ծերերի, որդիների ու դուստրերի հետ և մեզ հետ տանելու ենք մեր ոչխարներն ու խոշոր եղջերավոր անասունները,+ քանի որ Եհովայի պատվին տոն ենք նշելու»:+
10 Նա էլ ասաց. «Մի՞թե կարծում եք, թե ես բաց կթողնեմ ձեզ ու ձեր երեխաներին: Եթե երբևէ նման բան լինի, ուրեմն Եհովան իսկապես ձեզ հետ է:+ Միանգամայն պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք:
11 Ձեր ասածով չի՛ լինի: Ձեր ուզածը Եհովային ծառայելը չէ՞: Ուրեմն թող միայն ձեր տղամարդի՛կ գնան ու ծառայեն նրան»: Եվ նրանց դուրս արեցին փարավոնի մոտից:
12 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնիր դեպի եգիպտացիների երկիրը, որ մորեխներ հարձակվեն Եգիպտոսի վրա և խժռեն երկրի ողջ բուսականությունը՝ այն ամենը, ինչ մնացել է կարկուտից հետո»:
13 Մովսեսն իսկույն գավազանը մեկնեց դեպի եգիպտացիների երկիրը, և Եհովան երկրի վրա արևելյան քամի բերեց, որը փչեց այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը՝ մինչև առավոտ: Այդ քամին իր հետ մորեխներ բերեց:
14 Մորեխները հարձակվեցին ամբողջ Եգիպտոսի վրա ու ծածկեցին երկրի ողջ տարածքը:+ Հարձակումը շատ աղետալի էր.+ այդքան շատ մորեխ նախկինում երբեք չէր եղել և հետո էլ չէր լինելու:
15 Մորեխները ծածկեցին ողջ երկիրը, և երկիրը մթնեց:* Մորեխները խժռեցին երկրի ողջ բուսականությունն ու ծառերի բոլոր պտուղները, որ մնացել էին կարկուտից հետո: Ամբողջ Եգիպտոսում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի վրա, ո՛չ էլ դաշտերում:
16 Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Ես մեղք եմ գործել ձեր Աստված Եհովայի ու ձեր դեմ:
17 Խնդրում եմ, այս անգամ էլ թող իմ մեղքը ներվի: Աղաչե՛ք ձեր Աստված Եհովային, որ այս մահաբեր պատուհասը հեռացնի ինձանից»:
18 Նա* էլ գնաց փարավոնի մոտից ու աղաչեց Եհովային:+
19 Այդ ժամանակ Եհովան փոխեց քամու ուղղությունը, և ուժգին արևմտյան քամի փչեց: Այն քշեց մորեխներին ու լցրեց Կարմիր ծովը: Եգիպտոսի ողջ տարածքում մի մորեխ անգամ չմնաց:
20 Սակայն Եհովան թույլ տվեց, որ փարավոնի սիրտը կրկին համառ դառնա,+ և նա բաց չթողեց իսրայելացիներին:
21 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնիր դեպի երկինք, որ Եգիպտոսի վրա խավար իջնի՝ շատ թանձր, ասես շոշափելի խավար»:
22 Մովսեսն անմիջապես ձեռքը մեկնեց դեպի երկինք, և ողջ Եգիպտոսի վրա թանձր խավար իջավ,+ որը տևեց երեք օր:
23 Մարդիկ իրար չէին տեսնում, և երեք օր շարունակ ոչ ոք իր տեղից վեր չէր կենում, մինչդեռ իսրայելացիների բնակավայրերում լույս էր:+
24 Այդ ժամանակ փարավոնը կանչեց Մովսեսին ու ասաց. «Գնացե՛ք, ծառայե՛ք Եհովային:+ Ձեր երեխաներն էլ կարող են գալ ձեզ հետ: Միայն թե ձեր ոչխարներն ու խոշոր եղջերավոր անասունները պետք է մնան»:
25 Բայց Մովսեսն ասաց. «Ո՛չ, դու կենդանիներին էլ մեր ձեռքը կտաս զոհաբերությունների ու ողջակեզների համար, և մենք դրանք կմատուցենք մեր Աստված Եհովային:+
26 Այնպես որ մեր անասուններն էլ կգան մեզ հետ: Մի անասուն անգամ չի մնա, որովհետև մենք պետք է այդ կենդանիներից զոհ մատուցենք մեր Աստված Եհովային՝ նրան պաշտելու համար, և մինչև տեղ չհասնենք, չենք կարող իմանալ, թե ինչ ենք մատուցելու Եհովային որպես զոհ»:
27 Եհովան թողեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա չհամաձայնվեց ազատ արձակել իսրայելացիներին:+
28 Փարավոնն ասաց Մովսեսին. «Չքվի՛ր աչքիցս: Էլ չփորձե՛ս հանդիպել ինձ հետ, այլապես հենց նույն օրը կմեռնես»:
29 Մովսեսը պատասխանեց. «Թող քո ասածով լինի: Ես այլևս չեմ փորձի հանդիպել քեզ հետ»: