Ելք 12։1-51

  • Սահմանվում է Պասեքը տոնելու կարգը (1-28)

    • Արյունը պետք է քսվի դռան կողափայտերին (7)

  • Պատուհաս 10. առաջնեկները սպանվում են (29-32)

  • Իսրայելացիները դուրս են գալիս Եգիպտոսից (33-42)

    • 430 տարիներն ավարտվում են (40, 41)

  • Սահմանվում է, թե ովքեր կարող են մասնակցել Պասեքին (43-51)

12  Եգիպտոսում Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.  «Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբը կլինի: Ձեզ համար այն առաջինը կլինի տարվա ամիսների մեջ:+  Խոսեք Իսրայելի ողջ հանրության առաջ և ասեք. «Այս ամսվա տասներորդ օրը ձեզանից յուրաքանչյուրը թող մի գառ+ վերցնի իր ընտանիքի* համար, մի տան համար՝ մի գառ:  Բայց եթե ընտանիքն այնքան փոքր է, որ չի կարող մի ամբողջ գառ ուտել, թող իր տուն հրավիրի հարևան ընտանիքին և գառը բաժանի ըստ մարդկանց թվի: Բաշխելիս հաշվի առեք, թե ով ինչքան կուտի:  Գառը պետք է լինի առանց արատի:+ Այն պետք է մեկ տարեկան արու լինի: Գառան փոխարեն կարող եք ուլ վերցնել:  Պահեք այն մինչև այս ամսվա 14-րդ օրը,+ և Իսրայելի ժողովրդի ամեն ընտանիք* թող մթնշաղին* մորթի այն:+  Վերցրեք դրա արյունից և այն տներում, որտեղ ուտելու եք գառը, արյունը ցողեք դռան երկու կողափայտերին ու շեմքի վերին հատվածին:+  Միսը պետք է այդ գիշեր ուտեք:+ Այն պետք է խորովեք կրակի վրա և ուտեք անթթխմոր հացով+ ու դառը խոտաբույսերով:+  Միսը հում* կամ խաշած չուտեք, այլ կխորովեք կրակի վրա գլխի, սրունքների և փորոտիքի հետ միասին: 10  Դրանից ոչինչ չպահեք մինչև առավոտ. ինչ որ մնա մինչև առավոտ, պետք է այրեք:+ 11  Երբ գառն ուտելիս լինեք, ձեր գոտին պետք է ամուր կապված լինի, սանդալները ձեր ոտքերին լինեն, և ցուպը՝ ձեր ձեռքին: Շտապելո՛վ կերեք այն: Դա Եհովայի Պասեքն* է: 12  Այդ գիշեր ես կանցնեմ Եգիպտոսի միջով և կհարվածեմ Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև կենդանի:+ Եգիպտոսի բոլոր աստվածների նկատմամբ դատաստան կտեսնեմ:+ Ես Եհովան եմ: 13  Արյունը, որ ցողված կլինի այն տների վրա, որտեղ կգտնվեք, որպես նշան կծառայի: Ես կտեսնեմ այն և կանցնեմ ձեր կողքով, ու երբ հարվածեմ Եգիպտոսին, կործանիչ պատուհասը ձեզ վրա չի գա:+ 14  Այդ օրը ձեզ համար հիշարժան օր կլինի: Սերնդեսերունդ պետք է այն նշեք որպես տոն Եհովայի պատվին: Տոնեք այն. դա մնայուն կանոն է: 15  Յոթ օր անթթխմոր հաց կերեք:+ Առաջին իսկ օրը ձեր տներից հանեք թթխմորը, որովհետև նա, ով առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով պատրաստված որևէ բան ուտի, պետք է վերացվի Իսրայելի միջից: 16  Առաջին օրը սուրբ հավաքույթ կազմակերպեք: Մեկ այլ սուրբ հավաքույթ էլ կազմակերպեք յոթերորդ օրը: Այդ երկու օրերին ոչ մի գործ չպետք է անեք,+ այլ միայն կերակուր պատրաստեք, որ ամեն մարդ ուտելու բան ունենա: 17  Դուք պետք է նշեք Անթթխմոր հացերի տոնը,+ որովհետև հենց այդ օրը ես Եգիպտոսից հանելու եմ ձեզ՝ այս մեծաթիվ ժողովրդին:* Նշեք այդ օրը սերնդեսերունդ. սա մնայուն կանոն է: 18  Առաջին ամսվա 14-րդ օրվա երեկոյից մինչև այդ ամսվա 21-րդ օրվա երեկոն անթթխմոր հաց պետք է ուտեք.+ 19  յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է լինի, որովհետև եթե որևէ մեկը թթխմորով պատրաստված բան ուտի՝ լինի պանդուխտ, թե բնիկ,+ պետք է վերացվի Իսրայելի հանրության միջից:+ 20  Թթխմորով պատրաստված ոչ մի բան չուտեք: Ձեր բոլոր տներում անթթխմոր հաց պետք է ուտեք»»: 21  Մովսեսն անմիջապես կանչեց Իսրայելի բոլոր երեցներին+ ու ասաց. «Գնացեք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մատղաշ անասուն* ընտրեք և մորթեք որպես Պասեքի զոհ: 22  Վերցրեք մի փունջ զոպա,* թաթախեք տաշտում լցված արյան մեջ և ցողեք տան շեմքի վերին հատվածին ու դռան երկու կողափայտերին: Մինչև առավոտ ձեզնից ոչ ոք իր տան շեմքից չպետք է դուրս գա: 23  Երբ Եհովան անցնելիս լինի եգիպտացիներին պատուհասելու համար ու տեսնի շեմքի վերին հատվածին և դռան երկու կողափայտերին ցողված արյունը, Եհովան կանցնի մուտքի կողքով ու թույլ չի տա, որ մահաբեր պատուհասը մտնի ձեր տները:+ 24  Նշեք այս տոնը. այն մնայուն կանոն է ձեզ համար և ձեր որդիների համար:+ 25  Երբ գնաք այն երկիր, որը Եհովան խոստացել է տալ ձեզ, շարունակեք կատարել այս արարողությունը:+ 26  Եթե ձեր որդիները հարցնեն՝ «Ի՞նչ նշանակություն ունի այս արարողությունը»,+ 27  նրանց ասեք. «Սա Պասեքի զոհն է, որ մատուցվում է Եհովային. նա եգիպտացիներին պատուհասելիս անցավ Եգիպտոսում գտնվող մեր տների կողքով և խնայեց մեր ընտանիքները»»: Այդ ժամանակ ժողովուրդը ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց: 28  Իսրայելացիները գնացին և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին:+ Նրանք հենց այդպես արեցին: 29  Կեսգիշերին Եհովան հարվածեց Եգիպտոսի ամեն առաջնեկի՝+ գահին նստող փարավոնի առաջնեկից մինչև բանտում գտնվող կալանավորի առաջնեկը, ինչպես նաև անասունների բոլոր առաջնեկները:+ 30  Գիշերը փարավոնը վեր կացավ, նրա հետ՝ նաև իր բոլոր ծառաներն ու մյուս բոլոր եգիպտացիները: Եվ մեծ ողբ բարձրացավ եգիպտացիների մեջ, քանի որ տուն չկար, որտեղ մեկը մեռած չլիներ:+ 31  Հենց այդ գիշեր փարավոնը իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին+ և ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք իմ ժողովրդի միջից դուք և մյուս բոլոր իսրայելացիները: Գնացե՛ք, ծառայե՛ք Եհովային, ինչպես որ ասում էիք:+ 32  Ձեր ասածի պես վերցրե՛ք ձեր հոտերն ու նախիրները և գնացե՛ք:+ Բայց նաև խնդրե՛ք Աստծուն, որ օրհնի ինձ»: 33  Եգիպտացիները սկսեցին շտապեցնել ժողովրդին,+ որ արագ հեռանան երկրից, քանի որ ասում էին. «Մենք բոլորս կմեռնենք»:+ 34  Ուստի իսրայելացիները վերցրին իրենց պատրաստած խմորը, որի մեջ թթխմոր չէին ավելացրել, և խմորատաշտերը շորի մեջ փաթաթելով, իրենց ուսերին դրած՝ տարան: 35  Իսրայելացիները արեցին այն, ինչ Մովսեսն ասել էր իրենց. եգիպտացիներից արծաթյա ու ոսկյա իրեր և հագուստներ խնդրեցին:+ 36  Եհովան այնպես արեց, որ եգիպտացիները բարեհաճ եղան ժողովրդի հանդեպ, ուստի տվեցին նրանց խնդրածը: Այդպես իսրայելացիները ավար վերցրին եգիպտացիներից:+ 37  Իսրայելացիները՝ մոտ 600 000 տղամարդ՝* չհաշված երեխաներին,+ Ռամսեսից+ ճանապարհ ընկան դեպի Սոկքոթ:+ 38  Նրանց հետ դուրս եկավ նաև մի խառը բազմություն,*+ ինչպես նաև հոտեր ու նախիրներ՝ մեծ թվով անասուններ: 39  Նրանք Եգիպտոսից բերած խմորից կլոր հացեր թխեցին՝ անթթխմոր հացեր: Խմորը դեռ չէր հասունացել, քանի որ նրանց շտապ դուրս էին արել Եգիպտոսից, և նրանք չէին հասցրել պաշար պատրաստել:+ 40  Երբ իսրայելացիները դուրս էին գալիս Եգիպտոսից,+ այդ ժամանակ նրանք արդեն 430 տարի էր՝+ օտարության մեջ էին: 41  Երբ ավարտվեցին 430 տարիները, հենց նույն օրը Եհովայի մեծաթիվ ժողովուրդը* դուրս եկավ Եգիպտոսից: 42  Եվ քանի որ այդ գիշեր Եհովան նրանց հանեց Եգիպտոսից, նրանք պետք է տոն նշեն ի հիշատակ այդ իրադարձության: Բոլոր իսրայելացիները սերնդեսերունդ պետք է այդ գիշերը նշեն որպես տոն Եհովայի պատվին:+ 43  Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Պասեքի վերաբերյալ կանոնը սա է. ոչ մի օտարական չպետք է ուտի Պասեքի զոհից:+ 44  Փողով գնված ծառա ունեցողը նախ պետք է թլփատի նրան.+ միայն այդ դեպքում ծառան կարող է ուտել դրանից: 45  Եկվորն ու վարձու աշխատողը չեն կարող ուտել այդ զոհից: 46  Այն պետք է մի տան մեջ ուտվի: Զոհի մսից ոչ մի կտոր դուրս չհանեք տնից և դրա ոսկորներից ոչ մեկը չկոտրեք:+ 47  Իսրայելի ողջ հանրությունը պետք է նշի Պասեքը: 48  Եթե որևէ օտարական, որ բնակվում է ձեզ հետ, ցանկանա տոնել Պասեքը Եհովայի պատվին, նա և իր տան արական սեռի բոլոր անդամները պետք է թլփատվեն: Միայն այդ ժամանակ նա կարող է տոնել այն, և նա բնիկի պես կդառնա: Բայց ոչ մի անթլփատ մարդ չի կարող ուտել Պասեքի զոհից:+ 49  Մեկ օրենք պետք է լինի թե՛ բնիկի, թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտի համար»:+ 50  Բոլոր իսրայելացիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին: Նրանք հենց այդպես արեցին: 51  Հենց այդ օրը Եհովան բոլոր իսրայելացիներին* հանեց Եգիպտոսից:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հայրերի տան»:
Բռց.՝ «Իսրայելի հանրության ողջ ժողովը»:
Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
Այսինքն՝ հում կամ կիսահում:
Նշանակում է «վրայից անցնել», «կողքով անցնել»: Բառարանում տես «Պասեք»:
Բռց.՝ «զորքերը»:
Այսինքն՝ գառ կամ ուլ:
Բառարանում տես «Զոպա»:
Բռց.՝ «հետևակ տղամարդ»: Ըստ ամենայնի, վերաբերում է զինվորական ծառայության համար պիտանի տղամարդկանց:
Այսինքն՝ ոչ իսրայելացիներից կազմված բազմություն, որոնց մեջ կային նաև եգիպտացիներ:
Բռց.՝ «զորքերը»:
Բռց.՝ «Իսրայելի որդիներին իրենց զորքերով հանդերձ»: