Ելք 14։1-31

  • Իսրայելացիները հասնում են Կարմիր ծով (1-4)

  • Փարավոնը հետապնդում է իսրայելացիներին (5-14)

  • Իսրայելացիներն անցնում են Կարմիր ծովի միջով (15-25)

  • Եգիպտացիները խորտակվում են ծովում (26-28)

  • Իսրայելացիները Եհովայի հանդեպ հավատով են լցվում (29-31)

14  Եհովան ասաց Մովսեսին.  «Պատվիրիր իսրայելացիներին, որ հետ շրջվեն, գնան ու ճամբար դնեն Փիաիրոթի դիմաց՝ Մագդոլի և ծովի միջև ընկած տարածքում, որտեղից երևում է Բաալ-Սեֆոնը:+ Ճամբար դրեք դրա հանդիպակաց կողմում՝ ծովի մոտ:  Այդ ժամանակ փարավոնը իսրայելացիների մասին կասի. «Նրանք մոլորված թափառում են, թակարդի մեջ են. շուրջբոլորն անապատ է»:  Ես կթողնեմ, որ փարավոնի սիրտը համառ դառնա,+ և նա կհետապնդի իսրայելացիներին: Ես կփառավորեմ ինձ՝ պարտության մատնելով փարավոնին ու նրա ողջ զորքին:+ Եվ եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+ Իսրայելացիներն արեցին այնպես, ինչպես իրենց ասվեց:  Եգիպտոսի թագավորին տեղեկացրին, որ իսրայելացիները հեռացել են: Փարավոնն ու իր ծառաները փոշմանեցին, որ ազատ են արձակել ժողովրդին,+ և ասացին. «Այս ի՞նչ արեցինք: Ինչո՞ւ ազատ արձակեցինք իսրայելացիներին՝ մեր ստրուկներին»:  Ուստի փարավոնը պատրաստեց իր մարտակառքերը և հավաքեց իր ռազմիկներին:+  Նա վերցրեց 600 ընտիր կառք և Եգիպտոսի մյուս բոլոր մարտակառքերը՝ ռազմիկներ կարգելով դրանցից յուրաքանչյուրի վրա:  Եհովան թողեց, որ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի սիրտը համառ դառնա, և փարավոնն ընկավ իսրայելացիների հետևից, մինչ նրանք հաղթական* դուրս էին գալիս երկրից:+  Եգիպտացիները հետապնդեցին նրանց:+ Փարավոնն իր բոլոր ձիակառքերով, հեծելազորով ու զորքով գրեթե հասավ նրանց, երբ ճամբար էին դրել ծովի մոտ՝ Փիաիրոթի մերձակայքում՝ Բաալ-Սեֆոնի հանդիպակաց կողմում: 10  Երբ փարավոնը մոտեցավ, իսրայելացիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից: Իսրայելացիները սարսափահար եղան ու սկսեցին օգնության կանչել Եհովային:+ 11  Նրանք ասացին Մովսեսին. «Ի՞նչ է, Եգիպտոսում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում մեռնելու:+ Այս ի՞նչ արեցիր մեզ, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից: 12  Այնտեղ քեզ չէինք ասո՞ւմ. «Հանգի՛ստ թող մեզ: Թող ծառայենք եգիպտացիներին»: Ավելի լավ է՝ ծառայենք եգիպտացիներին, քան մեռնենք անապատում»:+ 13  Այդ ժամանակ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք:+ Անվրդով կանգնե՛ք և տեսե՛ք, թե Եհովան ինչպես է փրկելու ձեզ այսօր:+ Այս եգիպտացիներին, որոնց այսօր տեսնում եք, այլևս երբեք չեք տեսնի:+ 14  Եհովան ինքը կպատերազմի ձեզ համար,+ իսկ դուք հանգիստ կանգնած կլինեք»: 15  Եհովան ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես այդպես անհանգստացած օգնության կանչում ինձ: Իսրայելացիներին ասա, որ հավաքեն ճամբարը: 16  Իսկ դու ձեռքիդ գավազանը մեկնիր դեպի ծովը և բաժանիր այն, որ նրանք չոր հատակի վրայով անցնեն դրա միջով: 17  Ես կթողնեմ, որ եգիպտացիների սիրտը համառ դառնա, ու նրանք կհետապնդեն իսրայելացիներին: Այդ ժամանակ ես պարտության կմատնեմ փարավոնին իր ողջ զորքով, մարտակառքերով ու հեծելազորով հանդերձ և այդպիսով կփառավորեմ ինձ:+ 18  Երբ փառավորեմ ինձ՝ պարտության մատնելով փարավոնին իր մարտակառքերով ու հեծելազորով հանդերձ, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+ 19  Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը,+ որ գնում էր Իսրայելի ճամբարի առջևից, գնաց ու կանգնեց նրանց հետևի կողմում: Եվ ամպի սյունը, որ նրանց առջևում էր, տեղափոխվեց նրանց հետևի կողմը:+ 20  Այդպես այն կանգնեց եգիպտացիների ու իսրայելացիների ճամբարների միջև:+ Մի կողմի համար այն խավար ամպ էր, իսկ մյուս կողմում լուսավորում էր գիշերը,+ այնպես որ եգիպտացիները ամբողջ գիշեր չմոտեցան իսրայելացիներին: 21  Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի ծովը,+ ու Եհովան արևելյան ուժգին քամի բերեց: Այն ամբողջ գիշեր փչելով՝ ծովը հետ քշեց, այնպես որ ջրերը բաժանվեցին,+ և ծովի հատակը չորացավ:+ 22  Իսրայելացիները անցան ծովի միջով՝ չոր գետնի վրայով,+ մինչ ջրերը պատի նման վեր էին խոյացել նրանց աջ ու ձախ կողմերում:+ 23  Եգիպտացիներն էլ հետապնդեցին նրանց: Փարավոնի բոլոր ձիերը, մարտակառքերն ու հեծելազորը նրանց հետևից ծովը մտան:+ 24  Լուսադեմին* Եհովան ամպի ու կրակի սյան+ միջից նայեց եգիպտացիների զորքին և խուճապի մեջ գցեց նրանց: 25  Նա սկսեց հանել կառքերի անիվները, ուստի նրանք դժվարությամբ էին առաջ շարժվում: Եգիպտացիներն ասացին. «Եկեք փախչե՜նք իսրայելացիներից, որովհետև Եհովան նրանց համար պատերազմում է մեր դեմ»:+ 26  Եհովան Մովսեսին ասաց. «Ձեռքդ մեկնիր դեպի ծովը, որ ջրերը հետ գան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց մարտակառքերն ու հեծելազորը»: 27  Մովսեսն իսկույն ձեռքը մեկնեց դեպի ծովը, և առավոտյան դեմ հետ քաշված ջրերը վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել, բայց Եհովան նրանց բոլորին հետ շպրտեց ծովը:+ 28  Հետ եկող ջրերը ծածկեցին մարտակառքերը, հեծելազորը և փարավոնի ողջ զորքը, որ իսրայելացիների հետևից ծովն էին մտել:+ Նրանցից մեկն անգամ ողջ չմնաց:+ 29  Իսկ իսրայելացիներն անցան ծովի չոր հատակի վրայով,+ մինչ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերում պատի նման վեր էին խոյացել:+ 30  Այսպիսով՝ Եհովան այդ օրը Իսրայելին փրկեց եգիպտացիների ձեռքից:+ Իսրայելացիները եգիպտացիներին մեռած տեսան ծովի ափին: 31  Իսրայելի ժողովուրդը տեսավ, թե Եհովան ինչ մեծ զորությամբ* գործեց եգիպտացիների դեմ, և Եհովայի հանդեպ վախով լցվեց, սկսեց հավատալ Եհովային ու նրա ծառա Մովսեսին:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բարձրացրած ձեռքով»:
Բռց.՝ «Առավոտյան պահին»: Այսինքն՝ գիշերվա մոտ ժ. 2:00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6:00-ն:
Բռց.՝ «ձեռքով»: