Ելք 16։1-36

  • Ժողովուրդը ուտելիքի համար տրտնջում է (1-3)

  • Եհովան լսում է նրանց տրտունջները (4-12)

  • Եհովան լորեր ու մանանա է տալիս (13-21)

  • Շաբաթ օրը մանանա չէր լինելու (22-30)

  • Սափորի մեջ մանանա պետք է պահվեր որպես հիշեցում (31-36)

16  Իսրայելի ողջ հանրությունը Ելիմից մեկնեց և Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ ամսվա 15-րդ օրը եկավ Սին անապատ,+ որը գտնվում է Ելիմի ու Սինայի միջև:  Անապատում ողջ հանրությունը սկսեց տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ:+  Նրանք ասում էին. «Երանի՜ թե Եհովայի ձեռքով մեռնեինք Եգիպտոսում, որտեղ նստում էինք մսի կաթսաների մոտ+ և կուշտ հաց էինք ուտում: Իսկ հիմա դուք մեզ այս անապատն եք բերել, որ այս ողջ ժողովրդին* սովամահ անեք»:+  Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Ես հաց կտեղամ երկնքից,+ ու թող յուրաքանչյուր մարդ ամեն օր դուրս գա, որ հավաքի այնքան, որքան իրեն պետք է օրվա համար:+ Այդպես ես կստուգեմ նրանց, որ տեսնեմ՝ կվարվե՞ն իմ օրենքի համաձայն, թե՞ ոչ:+  Բայց վեցերորդ օրը+ նրանք թող ամեն օրվա հավաքածից կրկնակի շատ հավաքեն ու պատրաստեն»:+  Մովսեսն ու Ահարոնը բոլոր իսրայելացիներին ասացին. «Երեկոյան դուք կիմանաք, որ Եհովան է ձեզ հանել Եգիպտոսից:+  Իսկ առավոտյան կտեսնեք Եհովայի փառքը, որովհետև Եհովան լսել է իր դեմ ուղղված ձեր տրտունջները: Մենք ո՞վ ենք, որ մեր դեմ եք տրտնջում»:  Մովսեսը շարունակեց. «Երեկոյան Եհովան ձեզ միս կտա, որ ուտեք, իսկ առավոտյան՝ կշտանալու չափ հաց: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Եհովան լսել է իր դեմ ուղղված ձեր տրտունջները: Մենք ո՞վ ենք: Ձեր տրտունջները մեր դեմ չեն, այլ Եհովայի դեմ են»:+  Ապա Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի ողջ հանրությանն ասա. «Եկեք ու կանգնեք Եհովայի առաջ, քանի որ նա լսել է ձեր տրտունջները»»:+ 10  Հենց որ Ահարոնը խոսեց իսրայելացիների հետ, նրանք շրջվեցին դեմքով դեպի անապատը և տեսան Եհովայի փառքը՝ ամպով հայտնված:+ 11  Եհովան ասաց Մովսեսին. 12  «Ես լսեցի իսրայելացիների տրտունջները:+ Նրանց ասա. «Մթնշաղին* միս կուտեք, իսկ առավոտյան հացով կկշտանաք,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:+ 13  Այդ երեկո լորեր թռան եկան ու ծածկեցին ճամբարը,+ իսկ առավոտյան ճամբարի շուրջբոլորը ցող էր նստել: 14  Երբ ցողը գոլորշիացավ, անապատում՝ գետնի երեսին, թեփանման ինչ-որ մանր բան երևաց՝+ գետնին նստող եղյամի պես մանր: 15  Երբ իսրայելացիները տեսան դա, չիմանալով, թե ինչ է՝ իրար հարցրին. «Ի՞նչ է սա»: Մովսեսն ասաց. «Սա այն հացն է, որ Եհովան տվել է ձեզ՝ ուտելու համար:+ 16  Ահա թե ինչ է պատվիրում Եհովան. «Ձեզնից յուրաքանչյուրը թող հավաքի այնքան, ինչքան կարող է ուտել: Ամեն մարդու համար մեկ օմեր*+ հավաքեք ըստ ձեր վրանում բնակվող մարդկանց թվի»»: 17  Իսրայելացիներն այդպես էլ արեցին՝ գնացին ու հավաքեցին, ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ: 18  Երբ հավաքածը օմերով չափեցին, տեսան, որ շատ հավաքողը ավելցուկ չուներ, իսկ քիչ հավաքողը՝ պակասորդ:+ Ամեն մեկը հավաքեց այնքան, ինչքան կարող էր ուտել: 19  Հետո Մովսեսն ասաց իսրայելացիներին. «Ոչ մեկը չպետք է դրանից թողնի մինչև առավոտ»:+ 20  Բայց նրանք չլսեցին Մովսեսին: Ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ, և այն որդնեց ու հոտեց: Մովսեսը բարկացավ նրանց վրա: 21  Եվ այսպես՝ ամեն առավոտ նրանք հավաքում էին այդ հացից, յուրաքանչյուրն այնքան, ինչքան կարող էր ուտել: Երբ արևը թեժանում էր, այն հալվում էր: 22  Վեցերորդ օրը նրանք երկու անգամ շատ հավաքեցին այդ հացից,+ յուրաքանչյուր մարդու համար՝ երկու օմեր: Ժողովրդի բոլոր տոհմապետները եկան ու դրա մասին տեղեկացրին Մովսեսին: 23  Այդ ժամանակ նա ասաց. «Եհովան ասել է. «Վաղը կլինի հանգստի հատուկ օր՝* սուրբ Շաբաթ Եհովայի պատվին:+ Ինչ որ թխելու եք, թխեք, ինչ որ եփելու եք, եփեք,+ ինչ էլ կավելանա, հավաքեք ու պահեք մինչև առավոտ»»: 24  Նրանք էլ պահեցին մինչև առավոտ, ինչպես որ Մովսեսը պատվիրեց, և այն չհոտեց, ու դրա մեջ որդեր չառաջացան: 25  Ապա Մովսեսն ասաց. «Այսօր կերեք ձեր պահածը, որովհետև այսօր Շաբաթ է Եհովայի պատվին, և դուք գետնին ոչինչ չեք գտնի: 26  Վեց օր հավաքեք, իսկ յոթերորդ օրը, որ Շաբաթ է,+ ոչինչ չեք գտնի»: 27  Այդուհանդերձ, ժողովրդից ոմանք յոթերորդ օրը գնացին հավաքելու, բայց ոչինչ չգտան: 28  Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ եք հրաժարվելու պահել իմ պատվիրաններն ու օրենքները:+ 29  Մի՛ մոռացեք, որ ես՝ Եհովաս, ձեզ տվել եմ Շաբաթը+ որպես հանգստի օր: Դրա համար էլ վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց եմ տալիս: Յոթերորդ օրը բոլորը պետք է իրենց տեղում մնան. թող ոչ ոք ոչ մի տեղ չգնա»: 30  Այսպիսով՝ ժողովուրդը յոթերորդ օրը սկսեց պահել Շաբաթը:*+ 31  Իսրայելի ժողովուրդը այդ հացը մանանա* կոչեց: Այն համեմի սերմի պես սպիտակավուն էր, իսկ համը մեղրաբլիթի համի էր նման:+ 32  Հետո Մովսեսն ասաց. «Ահա թե ինչ է պատվիրել Եհովան. «Դրանից մեկ օմեր հավաքեք ու պահեք սերնդեսերունդ, որ ձեր սերունդները տեսնեն այն հացը, որ տվեցի ձեզ անապատում, երբ հանեցի Եգիպտոսից»»:+ 33  Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի սափոր վերցրու, դրա մեջ մեկ օմեր մանանա լցրու և դիր Եհովայի առաջ, որ պահվի սերնդեսերունդ»:+ 34  Ահարոնը մանանան դրեց Վկայության*+ առաջ, որ պահվի, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: 35  Իսրայելացիները 40 տարի շարունակ մանանա կերան,+ մինչև որ եկան բնակեցված երկիր:+ Մինչև Քանանի երկրի սահման+ հասնելը նրանք մանանա կերան: 36  (Օմերը արդուի* տասներորդ մասն է):

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ժողովը»:
Բռց.՝ «Երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Շաբաթ պահելու օր»:
Կամ՝ «հանգստանալ»:
Հավանաբար ծագել է եբր. մա՞ն հու արտահայտությունից, որը նշանակում է «ի՞նչ է սա»:
Այստեղ «Վկայությունը», ըստ ամենայնի, վերաբերում է մի արկղի, որն օգտագործվում էր որպես պահոց կարևոր արձանագրությունների համար:
1 արդուն մոտ 22 լ է: Տես հավելված Բ14: