Ելք 17։1-16
17 Իսրայելի ողջ հանրությունը ճանապարհ ընկավ Սին անապատից՝+ Եհովայի կարգադրությամբ գնալով մի վայրից մյուսը:+ Ի վերջո նրանք ճամբար դրեցին Ռաֆիդիմում:+ Սակայն այնտեղ ջուր չկար, որ ժողովուրդը խմեր:
2 Այդ պատճառով նրանք սկսեցին վիճել Մովսեսի հետ՝+ ասելով. «Ջո՛ւր տուր՝ խմենք»: Իսկ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք վիճում ինձ հետ: Ինչո՞ւ եք անընդհատ փորձում Եհովային»:+
3 Բայց մարդիկ շատ ծարավ էին, ուստի շարունակեցին տրտնջալ Մովսեսի դեմ+ և ասել. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից: Որ մենք, մեր որդիներն ու անասունները ծարավից մեռնե՞նք»:
4 Ի վերջո Մովսեսը, դիմելով Եհովային, աղաղակեց. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին: Քիչ է մնում՝ քարկոծեն ինձ»:
5 Եհովան ասաց Մովսեսին. «Ժողովրդից առաջ անցիր՝ քեզ հետ վերցնելով Իսրայելի երեցներից մի քանիսին, նաև քո գավազանը, որով հարվածեցիր Նեղոս+ գետին: Այն ձեռքդ վերցրու և գնա:
6 Քորեբի մոտ ես կկանգնեմ քո առաջ՝ ժայռի վրա: Դու կհարվածես ժայռին. այնտեղից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»:+ Մովսեսը Իսրայելի երեցների աչքի առաջ հենց այդպես էլ արեց:
7 Նա այդ վայրը կոչեց Մասսա*+ և Մերիբա,*+ քանի որ իսրայելացիները վիճեցին իր հետ ու փորձեցին Եհովային՝+ ասելով. «Եհովան մեզ հե՞տ է, թե՞ ոչ»:
8 Հետո ամաղեկացիները+ եկան ու Ռաֆիդիմում կռվեցին Իսրայելի դեմ:+
9 Այդ ժամանակ Մովսեսն ասաց Հեսուին.+ «Մարդիկ ընտրիր ու գնա կռվիր ամաղեկացիների դեմ: Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ ճշմարիտ Աստծու գավազանը ձեռքիս»:
10 Հեսուն արեց ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն ասաց իրեն,+ և գնաց կռվելու ամաղեկացիների դեմ: Իսկ Մովսեսը, Ահարոնն ու Հուրը+ բլրի գագաթը բարձրացան:
11 Քանի դեռ Մովսեսն իր ձեռքերը բարձրացրած էր պահում, իսրայելացիներն էին հաղթում, բայց երբ իջեցնում էր, ամաղեկացիներն էին հաղթում:
12 Երբ Մովսեսի ձեռքերը հոգնեցին, Ահարոնն ու Հուրը մի քար բերեցին, որ նա նստի դրա վրա, իսկ իրենք պահում էին նրա ձեռքերը, մեկը՝ մի կողմից, մյուսն էլ՝ մյուս կողմից, այնպես որ Մովսեսի ձեռքերը մինչև մայրամուտ անշարժ մնացին:
13 Այդպիսով՝ Հեսուն հաղթեց ամաղեկացիներին և սրի քաշեց նրանց:+
14 Եհովան ասաց Մովսեսին. «Հետևյալ խոսքերը գրքում գրիր որպես հիշեցում և Հեսուին էլ հաղորդիր դրանք. «Ես լիովին բնաջինջ կանեմ ամաղեկացիներին, և նրանց հիշատակն անգամ չի մնա երկնքի տակ»»:+
15 Մովսեսը մի զոհասեղան շինեց և այն Եհովա-Նիսսի* կոչեց՝
16 ասելով. «Քանի որ Ամաղեկն իր ձեռքը բարձրացրել է Յահի+ գահի դեմ, Եհովան կպատերազմի նրա դեմ սերնդեսերունդ»:+
Ծանոթագրություններ
^ Նշանակում է «ստուգում», «փորձություն»:
^ Նշանակում է «վեճ»:
^ Նշանակում է «Եհովան իմ նշանասյունն է»: