Ելք 25։1-40
25 Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Ասա Իսրայելի ժողովրդին, որ ինձ համար նվիրաբերություն անեն. ինձ համար նվիրաբերություն ընդունեք յուրաքանչյուր մարդուց, ում սիրտը մղում է տալու:+
3 Ահա թե ինչ պետք է ընդունեք նրանցից որպես նվիրաբերություն. ոսկի,+ արծաթ,+ պղինձ,+
4 կապույտ թել, մանուշակագույն* ներկված բուրդ, վառ կարմիր* մանվածք, բարձրորակ վուշ,* այծի մազ,
5 խոյի* կարմիր ներկված կաշի, փոկի կաշի, ակացիայի փայտ,+
6 յուղ՝ ճրագակալի համար,+ բալասան՝ օծման յուղի+ և անուշահոտ խնկի+ համար,
7 եղնգնաքարեր* և այլ քարեր՝ եփուդի*+ ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար:
8 Դուք պետք է սուրբ վրան* շինեք ինձ երկրպագելու համար, և ես կբնակվեմ ձեր մեջ:+
9 Այդ խորանն* ու դրա ամբողջ կահկարասին պետք է պատրաստեք այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց կտամ:+
10 Ակացիայի փայտից տապանակ պետք է պատրաստեք՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ:*+
11 Ապա այն պետք է պատեք մաքուր ոսկով:+ Պատեք այն ներսից ու դրսից և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք:+
12 Չորս ոսկե օղակ ձուլեք տապանակի համար և ամրացրեք դրա չորս ոտքերի վերևում. երկու օղակ՝ տապանակի մի կողմում, երկու օղակ՝ մյուս կողմում:
13 Ակացիայի փայտից ձողեր պատրաստեք և դրանք պատեք ոսկով:+
14 Ձողերն անցկացրեք տապանակի երկու կողմերի օղակների միջով, որ տապանակը դրանցով տանեն:
15 Ձողերը պետք է մնան տապանակի օղակների մեջ: Դրանք չպետք է հանվեն այնտեղից:+
16 Տապանակի մեջ կդնես Վկայության տախտակները,*+ որ ես կտամ քեզ:
17 Մաքուր ոսկուց կափարիչ պատրաստեք՝ երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ:+
18 Պատրաստեք նաև երկու ոսկե քերովբեներ: Դրանք պետք է կոփելով պատրաստեք և դնեք կափարիչի երկու ծայրերին:+
19 Քերովբեները պետք է լինեն կափարիչի երկու ծայրերին, ամեն ծայրին՝ մեկ քերովբե:
20 Քերովբեների երկու թևերը պետք է տարածված լինեն դեպի վեր՝ ծածկելով կափարիչը:+ Քերովբեները պետք է դեմ դիմաց լինեն: Նրանց երեսները պետք է դեպի կափարիչն ուղղված լինեն:
21 Կափարիչը տապանակի վրա կդնես:+ Վկայության տախտակները, որ կտամ քեզ, կդնես տապանակի մեջ:
22 Ես կհայտնվեմ քեզ կափարիչի վերևում՝+ Վկայության տապանակի վրայի երկու քերովբեների մեջտեղում, և կխոսեմ քեզ հետ ու կհայտնեմ այն բոլոր պատվիրանները, որ պետք է հաղորդես իսրայելացիներին:
23 Նաև ակացիայի փայտից մի սեղան+ պատրաստեք՝ երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ:*+
24 Պատեք այն մաքուր ոսկով և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք:
25 Ապա սեղանը շրջանակող եզրակալ տեղադրեք՝ ափի լայնությամբ,* և դրա շուրջբոլորը եզերելու համար ևս մեկ ոսկե եզրազարդ պատրաստեք:
26 Սեղանի համար չորս ոսկե օղակ պատրաստեք և ամրացրեք չորս անկյուններին այն հատվածներում, որտեղ չորս ոտքերն են ամրացվելու:
27 Օղակները պետք է լինեն եզրակալի անմիջապես ներքևում, և դրանց միջով պետք է ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար:
28 Ձողերը ակացիայի փայտից պատրաստեք ու ոսկով պատեք. սեղանը դրանցով պետք է տանեք:
29 Պատրաստեք դրա վրա դրվելիք ափսեները, անոթները, ինչպես նաև կժերը և թասերը, որոնցով ըմպելիքի ընծաներ պետք է մատուցվեն: Այդ ամենը պետք է մաքուր ոսկուց պատրաստեք:+
30 Սեղանի վրա կանոնավորաբար պետք է դրվեն այն հացերը, որոնք պետք է իմ առաջ լինեն:+
31 Մաքուր ոսկուց ճրագակալ+ պատրաստեք: Այն պետք է կոփելով պատրաստեք: Դրա պատվանդանը, բունը, ճյուղերը, ծաղկաբաժակները, կոկոնները և ծաղիկները պետք է մեկ ամբողջական կտոր լինեն:+
32 Ճրագակալի բնից վեց ճյուղ պետք է դուրս գա. երեք ճյուղ՝ մի կողմից, երեք ճյուղ՝ մյուս կողմից:
33 Ճրագակալի մի կողմի ճյուղերից յուրաքանչյուրի վրա պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: Ճրագակալի մյուս կողմի ճյուղերից յուրաքանչյուրի վրա նույնպես պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: Այսպիսին պետք է լինեն ճրագակալի բնից դուրս եկող վեց ճյուղերը:
34 Իսկ ճրագակալի բնի վրա պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող չորս ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար:
35 Բնի վրա՝ դրանից դուրս եկող առաջին երկու ճյուղերի տակ, պետք է լինի մեկ կոկոն: Մեկ կոկոն էլ պետք է լինի հաջորդ երկու ճյուղերի տակ, և մեկ կոկոն՝ վերջին երկու ճյուղերի տակ: Այսպես պետք է դասավորված լինեն կոկոնները բնի վրա՝ դրանից դուրս եկող վեց ճյուղերի տակ:
36 Կոկոնները, ճյուղերը և ողջ ճրագակալը պետք է մեկ ամբողջական կտոր լինեն՝ կոփված մաքուր ոսկուց:+
37 Յոթ ճրագ պետք է պատրաստեք ճրագակալի համար: Եվ երբ ճրագները վառված լինեն, կլուսավորեն դիմացի տարածությունը:+
38 Ճրագների պատրույգը հանելու ունելիներն ու ամանները պետք է մաքուր ոսկուց լինեն:+
39 Ճրագակալն իր պիտույքներով պետք է պատրաստվի մեկ տաղանդ* մաքուր ոսկուց:
40 Հետևիր, որ դրանք պատրաստվեն այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «կարմրավուն մանուշակագույն»:
^ Կամ՝ «որդան կարմրով ներկված»:
^ Կամ՝ «կտավ»:
^ Այսինքն՝ արու ոչխարի:
^ Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
^ Կամ՝ «օնիքսներ»:
^ Կամ՝ «սրբարան»:
^ Երկրպագության համար նախատեսված շարժական վրան, որ օգտագործում էին իսրայելացիները: Կոչվում է նաև «հանդիպման վրան»:
^ Տապանակի չափսերը՝ մոտ 111 × 67 × 67 սմ: Տես հավելված Բ14:
^ Սա վերաբերում է Տասը պատվիրանների տախտակներին:
^ Սեղանի չափսերը՝ մոտ 89 × 45 × 67 սմ:
^ Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 34,2 կգ: Տես հավելված Բ14: