Ելք 29։1-46

  • Քահանաների նշանակումը (1-37)

  • Ամենօրյա մատուցվելիք ընծաները (38-46)

29  «Ահա թե ինչ պետք է անես Ահարոնին ու նրա որդիներին սրբագործելու* համար, որպեսզի նրանք ծառայեն ինձ որպես քահանաներ. վերցրու մեկ մատղաշ ցուլ ու երկու անարատ արու ոչխար,+  ինչպես նաև անթթխմոր հացեր, յուղով հունցած օղակաձև անթթխմոր հացեր և վրան յուղ քսած անթթխմոր լոշիկներ,+ որոնք պետք է պատրաստվեն ցորենի մանր աղացած* ալյուրից:  Դրանք տեղավորիր զամբյուղի+ մեջ և բեր դիր իմ առաջ, նաև բեր ցուլն ու երկու արու ոչխարները:  Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի մոտ+ և ջրով լվացվել տուր* նրանց:+  Հետո Ահարոնին հագցրու երկար զգեստը,+ եփուդի* տակից հագնելու անթև վերնահագուստը, եփուդը և կրծքապանակը: Հետո եփուդի գոտին ամուր կապիր նրա մեջքին:+  Գլխափաթթոցը նրա գլխին դիր և նվիրման սուրբ նշանը* կապիր գլխափաթթոցի վրա:+  Վերցրու օծման յուղը+ և նրա գլխին լցնելով՝ օծիր նրան:+  Այնուհետև իմ առաջ բեր Ահարոնի որդիներին ու նրանց հագցրու երկար զգեստները,+  կապիր նրանց գոտիները, ինչպես որ Ահարոնինը, ու նրանց գլխադիրները դիր գլխներին: Քահանայությունը նրանց է պատկանելու. սա մնայուն կանոն է:+ Այսպես պետք է Ահարոնին ու նրա որդիներին նշանակես, որ ծառայեն ինձ որպես քահանաներ:*+ 10  Ապա ցուլը բեր հանդիպման վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը ցլի գլխին դնեն:+ 11  Ցուլը մորթիր Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ:+ 12  Վերցրու ցլի արյունից ու մատով քսիր զոհասեղանի եղջյուրներին,+ իսկ մնացած ամբողջ արյունը լցրու զոհասեղանի հիմքի մոտ:+ 13  Վերցրու փորի ամբողջ ճարպը,+ լյարդի վրայի ճարպոտ մասը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և այրիր զոհասեղանի վրա,+ որ դրանց ծուխը վեր բարձրանա: 14  Իսկ ցլի միսը, կաշին ու աղիքների պարունակությունը այրիր ճամբարից դուրս: Սա մեղքի զոհ է: 15  Հետո բեր արու ոչխարներից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դրա գլխին դնեն:+ 16  Մորթիր արու ոչխարը, ապա վերցրու դրա արյունն ու շաղ տուր զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 17  Ոչխարը կտոր-կտոր արա, լվա դրա փորոտիքն ու սրունքները+ և այդ բոլոր կտորները գլխի հետ միասին հերթով շարիր զոհասեղանի վրա: 18  Ոչխարն ամբողջությամբ այրիր զոհասեղանի վրա, որ դրա ծուխը վեր բարձրանա: Սա Եհովային մատուցվող ողջակեզ է, որի բույրը հաճելի է* նրան:+ Սա հրկիզվող ընծա է Եհովային: 19  Ապա բեր մյուս արու ոչխարը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն դրա գլխին:+ 20  Ոչխարը մորթիր, վերցրու դրա արյունից ու քսիր Ահարոնի և նրա որդիների աջ ականջի բլթակին, նրանց աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին: Հետո արյունը շաղ տուր զոհասեղանի բոլոր կողապատերին: 21  Վերցրու զոհասեղանի վրայի արյունից, նաև օծման յուղից+ և ցողիր Ահարոնի ու նրա հագուստների, ինչպես նաև նրա որդիների ու նրանց հագուստների վրա, որպեսզի Ահարոնն ու նրա որդիները և նրանց հագուստները սուրբ լինեն:+ 22  Վերցրու արու ոչխարի ճարպը, այսինքն՝ դմակը, փորի ճարպը, լյարդի վրայի ճարպոտ մասը, ինչպես նաև երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը+ և աջ ոտքը. սա քահանաների նշանակման համար մատուցվող արու ոչխարն է:+ 23  Նաև Եհովայի առաջ դրված անթթխմոր հացերի զամբյուղից վերցրու մի կլոր հաց, մի օղակաձև հաց՝ յուղով հունցած, և մի լոշիկ: 24  Այդ ամենը դիր Ահարոնի ու նրա որդիների ձեռքերին և տարուբերելով երերացնելու ընծա մատուցիր Եհովային: 25  Հետո դրանք վերցրու նրանց ձեռքից և զոհասեղանին եղած ողջակեզի վրա դնելով՝ այրիր, որ Եհովան առնի դրանց հաճելի* բուրմունքը: Դա հրկիզվող ընծա է Եհովային: 26  Այնուհետև վերցրու Ահարոնի նշանակման համար մատուցված արու ոչխարի կրծքամասը+ և երերացրու այն՝ երերացնելու ընծա մատուցելով Եհովային. դա քո բաժինը կլինի: 27  Ապա որպես քահանաների բաժին առանձնացրու* Ահարոնի ու նրա որդիների նշանակման համար մատուցված արու ոչխարի կրծքամասը, որը մատուցվել է որպես երերացնելու ընծա,+ և ոտքը, որը մատուցվել է որպես սուրբ բաժին: 28  Դրանք պետք է Ահարոնինը և նրա որդիներինը լինեն որպես սուրբ բաժին. սա մնայուն կանոն է, որին պետք է հետևեն իսրայելացիները: Դա կլինի իսրայելացիների տված սուրբ բաժինը՝+ այն սուրբ բաժինը, որ նրանք Եհովային կտան իրենց խաղաղության զոհերից:+ 29  Ահարոնի սուրբ հանդերձանքը+ կօգտագործեն իր որդիները,+ որոնք կհաջորդեն իրեն, երբ օծվեն ու քահանա նշանակվեն: 30  Ահարոնի որդիներից այն քահանան, որը կհաջորդի նրան և կմտնի հանդիպման վրան՝ սուրբ վայրում ծառայություն անելու, յոթ օր շարունակ պետք է կրի այդ հագուստները:+ 31  Վերցրու նշանակման համար մատուցված արու ոչխարի միսը և սուրբ վայրում եփիր այն:+ 32  Ահարոնն ու նրա որդիները հանդիպման վրանի մուտքի մոտ պետք է ուտեն+ ոչխարի միսը և զամբյուղի միջի հացը: 33  Նրանք պետք է ուտեն այն, ինչով քավություն է արվել իրենց քահանա նշանակելու* և սրբագործելու համար: Բայց քահանա չեղող* ոչ մի մարդ չի կարող ուտել դրանք, որովհետև դրանք սուրբ են:+ 34  Իսկ եթե նշանակման արարողության զոհի մսից ու հացից մինչև առավոտ ինչ-որ բան մնա, ապա այդ մնացորդը այրիր:+ Այն չի կարելի ուտել, քանի որ սուրբ է: 35  Ահարոնի ու նրա որդիների հետ կապված ամեն բան արա այնպես, ինչպես պատվիրեցի քեզ: Նրանց քահանա նշանակելու* արարողությունը յոթ օր կտևի:+ 36  Ամեն օր քավության համար մեկ ցուլ մատուցիր որպես մեղքի զոհ. այդպիսով մաքրագործիր զոհասեղանը և օծելով սրբագործիր այն:+ 37  Զոհասեղանի քավության համար քեզանից յոթ օր կպահանջվի. այն պետք է սրբագործես, որ անչափ սուրբ դառնա:+ Զոհասեղանին դիպչողը պետք է սուրբ լինի: 38  Ահա թե ինչ պետք է մշտապես մատուցվի զոհասեղանի վրա. ամեն օր մեկ տարեկան երկու արու գառ մատուցեք:+ 39  Մի գառը մատուցեք առավոտյան, իսկ մյուսը՝ մթնշաղին:*+ 40  Առաջին գառան հետ պետք է մատուցվի մանր աղացած ալյուր՝ մեկ տասներորդ արդուի* չափ, որը պետք է խառնած լինի մեկ քառորդ հիմեն* ծեծված ձիթապտղի յուղի հետ: Նաև պետք է մեկ քառորդ հիմեն գինի մատուցեք որպես ըմպելիքի ընծա: 41  Երկրորդ արու գառը, որը մատուցվելու է մթնշաղին, մատուցեք հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ, ինչպես որ առավոտյան: Այն մատուցեք Եհովային որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: 42  Այս ողջակեզը ամեն օր սերնդեսերունդ պետք է մատուցվի հանդիպման վրանի մուտքի մոտ՝ իմ՝ Եհովայիս առաջ, որտեղ ես կհայտնվեմ իմ ժողովրդին ու կխոսեմ քեզ հետ:+ 43  Այնտեղ ես կհայտնվեմ իսրայելացիներին, և իմ փառքով այդ վայրը կսրբագործվի:+ 44  Ես կսրբագործեմ հանդիպման վրանն ու զոհասեղանը, կսրբագործեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին,+ որ ծառայեն ինձ որպես քահանաներ: 45  Ես կբնակվեմ Իսրայելի ժողովրդի մեջ ու նրանց Աստվածը կլինեմ:+ 46  Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ իրենց Աստվածը, որ իրենց հանեցի Եգիպտոսից, որպեսզի բնակվեմ իրենց մեջ:+ Ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «բարձրորակ»:
Բռց.՝ «ջրով լվա»:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Կամ՝ «սուրբ պսակը»:
Բռց.՝ «լցնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքը»:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:
Բռց.՝ «սրբագործիր»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:
Բռց.՝ «իրենց ձեռքը լցնելու»:
Բռց.՝ «նրանց ձեռքը լցնելու»:
Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»: