Ելք 3։1-22

  • Եհովայի հրեշտակը հայտնվում է Մովսեսին այրվող փշաթփի մեջ (1-12)

  • Եհովան բացատրում է իր անվան նշանակությունը (13-15)

  • Եհովան հրահանգներ է տալիս Մովսեսին (16-22)

3  Մովսեսը սկսեց հովվել Մադիանի քահանա Հոթորի՝+ իր աներոջ հոտը: Մի անգամ, երբ նա հոտը տանում էր դեպի անապատի արևմտյան կողմը, հասավ Քորեբ՝ ճշմարիտ Աստծու լեռը:+  Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը հայտնվեց նրան մի այրվող փշաթփի բոցի մեջ:+ Մովսեսը նայեց ու տեսավ, որ թեև թուփն այրվում է, բայց չի սպառվում:  Ուստի ասաց. «Գնամ տեսնեմ, թե այդ ինչ արտասովոր երևույթ է՝ ինչպես է, որ թուփը այրվում է, բայց չի սպառվում»:  Երբ Եհովան տեսավ, որ նա մոտ է գալիս, որ նայի, կանչեց նրան թփի միջից՝ ասելով. «Մովսե՛ս, Մովսե՛ս»: Նա էլ ասաց. «Լսում եմ»:  Աստված ասաց. «Դրանից ավել մի՛ մոտեցիր: Հանի՛ր սանդալներդ, որովհետև սուրբ հողի վրա ես կանգնած»:  Նա շարունակեց. «Ես քո հայրերի* Աստվածն եմ՝ Աբրահամի Աստվածը,+ Իսահակի Աստվածը+ և Հակոբի Աստվածը»:+ Մովսեսը ծածկեց երեսը, որովհետև վախենում էր նայել ճշմարիտ Աստծուն:  Եհովան ավելացրեց. «Ես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի կեղեքիչների լծի պատճառով նրանց բարձրացրած աղաղակը: Ես լավ գիտեմ, թե ինչ տառապանքներ են նրանք կրում:+  Ուստի կիջնեմ,* որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից,+ հանեմ այդ երկրից ու տանեմ մի բարեբեր, ընդարձակ երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում՝+ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների+ երկիրը:  Իսրայելի ժողովրդի աղաղակը ինձ հասավ, ու ես տեսա, թե եգիպտացիներն ինչպես են անգթորեն չարչարում նրանց:+ 10  Հիմա ես քեզ կուղարկեմ փարավոնի մոտ, և դու իմ ժողովրդին՝ իսրայելացիներին, կհանես Եգիպտոսից»:+ 11  Բայց Մովսեսն ասաց ճշմարիտ Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և իսրայելացիներին հանեմ Եգիպտոսից»: 12  Նա էլ ասաց. «Ես քեզ հետ կլինեմ,+ և ահա թե ինչը նշան կլինի, որ ես եմ քեզ ուղարկել. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա+ դուք կպաշտեք* ճշմարիտ Աստծուն»: 13  Սակայն Մովսեսն ասաց ճշմարիտ Աստծուն. «Ենթադրենք՝ գնամ իսրայելացիների մոտ ու ասեմ՝ «Ձեր նախահայրերի Աստվածը ինձ ուղարկել է ձեզ մոտ», և նրանք հարցնեն՝ «Ի՞նչ է նրա անունը»,+ այդ դեպքում ի՞նչ ասեմ նրանց»: 14  Աստված ասաց Մովսեսին. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ»:*+ Եվ ավելացրեց. «Ահա թե ինչ կասես իսրայելացիներին. ««Ես կդառնամ»-ն է ինձ ուղարկել ձեզ մոտ»»:+ 15  Աստված կրկին ասաց Մովսեսին. «Իսրայելացիներին ասա. «Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ՝ ձեր նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը,+ Իսահակի Աստվածը+ և Հակոբի Աստվածը»:+ Սա է իմ անունը հավիտյան,+ և այս անունով ինձ կհիշեն սերնդեսերունդ: 16  Գնա, հավաքիր Իսրայելի երեցներին ու ասա նրանց. «Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, հայտնվեց ինձ ու ասաց. «Ես ուշադրություն եմ դարձրել ձեզ+ և տեսել եմ, թե ձեզ հետ ինչպես են վարվում Եգիպտոսում: 17  Ուստի ասում եմ՝ ես կազատեմ ձեզ եգիպտացիների կեղեքումից+ ու կտանեմ քանանացիների, քետացիների, ամորհացիների,+ փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ երկիրը՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում»»:+ 18  Նրանք հաստատ կլսեն քո ձայնին,+ և դու Իսրայելի երեցների հետ կգնաս Եգիպտոսի թագավորի մոտ: Նրան կասեք. «Եբրայեցիների+ Աստված Եհովան խոսել է մեզ հետ: Ուստի խնդրում ենք, թող երեք օրով* գնանք անապատ և զոհ մատուցենք մեր Աստված Եհովային»:+ 19  Բայց ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թույլ չի տա գնալ, մինչև որ մի զորավոր ձեռք չստիպի նրան:+ 20  Ուստի ես կմեկնեմ ձեռքս ու չտեսնված բաներ անելով՝ կհարվածեմ Եգիպտոսին. դրանից հետո նա ազատ կարձակի ձեզ:+ 21  Ես այնպես կանեմ, որ եգիպտացիները բարեհաճ լինեն ձեր հանդեպ, և հեռանալիս բնավ դատարկաձեռն+ չեք գնա: 22  Յուրաքանչյուր կին իր հարևանից և իր տանն ապրող կնոջից պետք է արծաթյա ու ոսկյա իրեր խնդրի, ինչպես նաև հագուստներ. դրանք կհագցնեք ձեր որդիներին ու աղջիկներին: Այդպես ավար կվերցնեք եգիպտացիներից»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հոր»:
Խոսքը ուշադրություն դարձնելու մասին է:
Բռց.՝ «կծառայեք»:
Կամ՝ «Ես կլինեմ այն, ինչ կլինեմ»: Տես հավելված Ա4:
Կամ հնարավոր է՝ «երեք օրվա ճանապարհ»: