Ելք 32։1-35
32 Այդ ընթացքում ժողովուրդը, տեսնելով, որ Մովսեսը երկար ժամանակ չի իջնում լեռան վրայից,+ հավաքվեց Ահարոնի շուրջն ու ասաց. «Վե՛ր կաց, մեզ համար մի աստվա՛ծ շինիր, որ առաջնորդի մեզ,+ որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել այդ Մովսեսին, ով հանեց մեզ Եգիպտոսից»:
2 Ահարոնն էլ ասաց նրանց. «Ձեր կանանց, որդիների ու աղջիկների ականջներից հանեք ոսկե օղերը+ և բերեք ինձ մոտ»:
3 Եվ ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերն ու բերեց Ահարոնի մոտ:
4 Նա վերցրեց նրանց բերած ոսկին և հորթի արձան պատրաստեց՝ քանդակելու գործիքով վերջնական տեսք տալով դրան:+ Ապա ժողովուրդը սկսեց բացականչել. «Ո՜վ Իսրայել, սա է մեր Աստվածը, որը հանեց մեզ Եգիպտոսից»:+
5 Դա տեսնելով՝ Ահարոնը հորթի առաջ մի զոհասեղան շինեց: Հետո ասաց. «Վաղը տոն է Եհովայի պատվին»:
6 Ուստի հաջորդ օրը ժողովուրդը վաղ առավոտյան արթնացավ և սկսեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցել: Ապա նստեց կերուխում անելու, իսկ հետո սկսեց զվարճանալ:+
7 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Իջի՛ր, գնա՛, որովհետև քո ժողովուրդը, որին հանել ես Եգիպտոսից, ապականվել է:+
8 Նրանք շատ շուտ շեղվեցին այն ուղուց, որով պատվիրել եմ գնալ:+ Իրենց համար հորթի արձան են շինել, խոնարհվում են դրա առաջ, զոհեր մատուցում և ասում. «Ո՜վ Իսրայել, սա է մեր Աստվածը, որը հանեց մեզ Եգիպտոսից»»:
9 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Տեսնում եմ, որ սա համառ* ժողովուրդ է:+
10 Սաստիկ բարկացած եմ նրանց վրա. թող՝ ոչնչացնեմ նրանց ու փոխարենը քեզնի՛ց մեծ ազգ ստեղծեմ»:+
11 Մովսեսը սկսեց իր Աստված Եհովային աղերսել.*+ «Ո՜վ Եհովա, դու քո ժողովրդին հանեցիր Եգիպտոսից մեծ զորությամբ ու հզոր բազկով, ուրեմն ինչո՞ւ հիմա քո մեծ բարկությունը թափես նրանց վրա:+
12 Ինչո՞ւ եգիպտացիներն ասեն. «Նա չար միտումով հանեց նրանց: Ուզում էր նրանց սպանել լեռներում ու բնաջնջել երկրի երեսից»:+ Խնդրում եմ, մի՛ թափիր բորբոքված բարկությունդ և փոխիր քո ժողովրդին բնաջնջելու որոշումդ:*
13 Հիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց երդվել ես քո անձով ու ասել. «Քո սերունդը երկնքի աստղերի չափ կշատացնեմ+ և քո սերնդին կտամ այն երկիրը, որը նախատեսել եմ նրանց համար, որպեսզի այն դարեդար նրանց սեփականությունը լինի»»:+
14 Այդ ժամանակ Եհովան փոխեց ժողովրդին կործանելու իր որոշումը,* որի մասին ասել էր:+
15 Մովսեսը հետ դարձավ ու իջավ լեռան վրայից՝ Վկայության երկու քարե տախտակները+ ձեռքին:+ Դրանք երկու կողմից փորագրված էին՝ թե՛ առջևի կողմից, թե՛ հետևի:
16 Աստված ինքն էր պատրաստել այդ քարե տախտակները և իր խոսքերը փորագրել դրանց վրա:+
17 Հեսուն, լսելով ժողովրդի բարձրացրած աղմուկն ու նրանց բացականչությունները, Մովսեսին ասաց. «Ճամբարից պատերազմի ձայներ են լսվում»:
18 Սակայն Մովսեսն ասաց.
«Սա երգի ձայն է,Բայց ո՛չ հաղթական երգի,Ո՛չ էլ պարտության ողբերգի:
Ես ուրիշ երգի ձայն եմ լսում»:
19 Հենց որ Մովսեսը մոտեցավ ճամբարին և տեսավ հորթն+ ու մարդկանց պարերը, նրա բարկությունը բորբոքվեց, և նա ցած գցեց քարե տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լեռան ստորոտում:+
20 Այնուհետև նա վերցրեց նրանց շինած հորթը, այրեց այն, փշրելով փոշու վերածեց,+ հետո փոշին շաղ տվեց ջրի երեսին ու խմել տվեց իսրայելացիներին:+
21 Ապա ասաց Ահարոնին. «Ինչպե՞ս այս ժողովուրդը համոզեց քեզ, որ դու այսպիսի մեծ մեղքի մեջ գցեցիր նրանց»:
22 Ահարոնը պատասխանեց. «Մի՛ բորբոքվիր, տե՛ր իմ: Դու լավ գիտես, որ այս ժողովուրդը հակված է չարն անելու:+
23 Նրանք ինձ ասացին. «Մեզ համար մի աստված շինիր, որ առաջնորդի մեզ, որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել այդ Մովսեսին, ով հանեց մեզ Եգիպտոսից»:+
24 Ուստի ես ասացի նրանց. «Ով որ ոսկի ունի, թող հանի և ինձ տա»: Ես այն գցեցի կրակը, և այս հորթը ստացվեց»:
25 Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը սանձարձակ է դարձել, քանի որ Ահարոնը թույլ էր տվել դա: Իր այդ վարքով ժողովուրդը խայտառակել էր իրեն թշնամիների առաջ:
26 Ուստի Մովսեսը կանգնեց ճամբարի մուտքի մոտ ու ասաց. «Ո՞վ է Եհովայի կողմը. ինձ մո՛տ եկեք»:+ Եվ բոլոր ղևտացիները հավաքվեցին նրա շուրջը:
27 Նա ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ձեզնից ամեն մեկը թող կապի իր սուրը և անցնի ողջ ճամբարի միջով՝ մի ծայրից մյուսը՝* սպանելով բոլոր մեղք գործածներին՝ լինի դա իր եղբայրը, հարևանը, թե մտերիմ ընկերը»»:+
28 Ղևտացիներն արեցին Մովսեսի ասածը: Այդ օրը ժողովրդից մոտ 3 000 տղամարդ սպանվեց:
29 Հետո Մովսեսն ասաց. «Առանձնացե՛ք այսօր, որ ծառայեք Եհովային: Աստված կօրհնի ձեզ այսօր,+ քանի որ դուք պատրաստ եղաք դուրս գալ ձեր իսկ որդիների ու եղբայրների դեմ»:+
30 Հաջորդ օրը Մովսեսը ժողովրդին ասաց. «Դուք շատ մեծ մեղք եք գործել: Հիմա ես լեռը կբարձրանամ՝ Եհովայի մոտ. տեսնեմ՝ կկարողանա՞մ արդյոք քավություն անել ձեր մեղքի համար»:+
31 Այսպիսով՝ Մովսեսը վերադարձավ Եհովայի մոտ ու ասաց. «Այս ժողովուրդը շա՜տ մեծ մեղք է գործել՝ իր համար ոսկե աստվա՜ծ է շինել:+
32 Բայց դու ներիր նրանց, եթե կկամենաս:+ Եթե ոչ, ապա խնդրում եմ, ջնջիր իմ անունը քո գրքից»:+
33 Սակայն Եհովան Մովսեսին ասաց. «Ով իմ դեմ մեղք է գործել, ես նրա՛ անունը կջնջեմ իմ գրքից:
34 Այժմ գնա, առաջնորդիր ժողովրդին այն տեղը, որի մասին ասել եմ քեզ: Իմ հրեշտակը կգնա քո առջևից:+ Եվ այն օրը, երբ ես նրանցից հաշիվ պահանջեմ, նրանց կպատժեմ իրենց մեղքի համար»:
35 Եվ Եհովան պատուհասեց ժողովրդին նրանց շինած հորթի համար՝ այն հորթի, որ Ահարոնն էր շինել:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «խստապարանոց»:
^ Բռց.՝ «իր Աստված Եհովայի երեսը փափկացնել»:
^ Կամ՝ «ափսոսա քո ժողովրդի դեմ մտադրած չարիքի համար»:
^ Կամ՝ «ափսոսաց իր ժողովրդի դեմ մտադրած չարիքի համար»:
^ Բռց.՝ «մի մուտքից մյուսը»: