Ելք 37։1-29

  • Տապանակի պատրաստումը (1-9)

  • Սեղանը (10-16)

  • Ճրագակալը (17-24)

  • Խնկարկության սեղանը (25-29)

37  Բեսելիելը+ ակացիայի փայտից պատրաստեց տապանակը:+ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:*+  Նա ներսից ու դրսից մաքուր ոսկով պատեց այն և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց:+  Հետո չորս ոսկե օղակ ձուլեց տապանակի համար, որ ամրացվեն դրա չորս ոտքերի վերևում. երկու օղակ՝ մի կողմում, երկու օղակ՝ մյուս կողմում:  Այնուհետև ակացիայի փայտից ձողեր պատրաստեց ու դրանք ոսկով պատեց:+  Ձողերն անցկացրեց տապանակի երկու կողմերի օղակների միջով, որ տապանակը դրանցով տանեն:+  Հետո մաքուր ոսկուց կափարիչ պատրաստեց:+ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն:+  Նաև կոփելով պատրաստեց երկու ոսկե քերովբեներ+ և դրեց կափարիչի երկու ծայրերին:+  Մի քերովբեն մի ծայրին էր, իսկ մյուս քերովբեն՝ մյուս ծայրին: Քերովբեները կափարիչի երկու ծայրերին էին:  Քերովբեների երկու թևերը տարածված էին դեպի վեր և ծածկում էին կափարիչը:+ Քերովբեները դեմ դիմաց էին: Նրանց երեսները ուղղված էին դեպի կափարիչը:+ 10  Հետո նա ակացիայի փայտից պատրաստեց սեղանը:+ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:*+ 11  Այն մաքուր ոսկով պատեց ու դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց: 12  Ապա սեղանը շրջանակող եզրակալ տեղադրեց՝ ափի լայնությամբ,* և դրա շուրջբոլորը եզերելու համար ևս մեկ ոսկե եզրազարդ պատրաստեց: 13  Այնուհետև սեղանի համար չորս ոսկե օղակ ձուլեց և ամրացրեց չորս անկյուններին այն հատվածներում, որտեղ չորս ոտքերն էին ամրացված: 14  Օղակները եզրակալի անմիջապես ներքևում էին. դրանց միջով պետք է անցկացվեին ձողերը, որոնցով պետք է տարվեր սեղանը: 15  Այդ ձողերը նա ակացիայի փայտից պատրաստեց ու ոսկով պատեց: 16  Ապա մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի պիտույքները՝ ափսեները, անոթները, ինչպես նաև թասերը և կժերը, որոնցով ըմպելիքի ընծաներ պետք է մատուցվեին:+ 17  Հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց ճրագակալը.+ կոփելով պատրաստեց այն: Դրա պատվանդանը, բունը, ծաղկաբաժակները, կոկոնները և ծաղիկները մեկ ամբողջական կտոր էին:+ 18  Ճրագակալի բնից վեց ճյուղ էր դուրս գալիս. երեք ճյուղ՝ մի կողմից, երեք ճյուղ՝ մյուս կողմից: 19  Ճրագակալի մի կողմի ճյուղերից ամեն մեկի վրա կար նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: Ճրագակալի մյուս կողմի ճյուղերից ամեն մեկի վրա նույնպես կար նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: Այսպիսին էին ճրագակալի բնից դուրս եկող վեց ճյուղերը: 20  Ճրագակալի բնի վրա կար նշի ծաղկի ձև ունեցող չորս ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: 21  Բնի վրա՝ դրանից դուրս եկող առաջին երկու ճյուղերի տակ, մեկ կոկոն կար: Մեկ կոկոն էլ կար հաջորդ երկու ճյուղերի տակ, և մեկ կոկոն՝ վերջին երկու ճյուղերի տակ: Այսպես էին դասավորված կոկոնները ճրագակալի բնի վրա՝ դրանից դուրս եկող վեց ճյուղերի տակ: 22  Կոկոնները, ճյուղերը և ողջ ճրագակալը մեկ ամբողջական կտոր էին՝ կոփված մաքուր ոսկուց: 23  Հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց ճրագակալի յոթ ճրագները,+ պատրույգը հանելու ունելիներն ու ամանները: 24  Ճրագակալն իր բոլոր պիտույքներով պատրաստեց մեկ տաղանդ* մաքուր ոսկուց: 25  Այնուհետև Բեսելիելը ակացիայի փայտից պատրաստեց խնկարկության սեղանը:+ Այն քառակուսի էր՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ: Դրա բարձրությունը երկու կանգուն էր:* Սեղանից եղջյուրներ էին դուրս գալիս, որոնք դրա հետ մեկ ամբողջական կտոր էին:+ 26  Սեղանը՝ դրա վերևի մակերեսը, բոլոր կողմերն ու եղջյուրները նա մաքուր ոսկով պատեց, և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց: 27  Սեղանի կողմերից երկուսի համար, որոնք դեմ դիմաց են, երկուական ոսկե օղակ պատրաստեց և ամրացրեց եզրազարդի ներքևում, որպեսզի դրանց միջով ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար: 28  Ձողերը նա ակացիայի փայտից պատրաստեց ու ոսկով պատեց: 29  Նաև պատրաստեց օծման սուրբ յուղը+ և մաքուր, անուշաբույր խունկը.+ դրանք պատրաստեց վարպետորեն, ինչպես որ պատրաստում են անուշաբույր խառնուրդները:

Ծանոթագրություններ

Տապանակի չափսերը՝ մոտ 111 × 67 × 67 սմ: Տես հավելված Բ14:
Սեղանի չափսերը՝ մոտ 89 × 45 × 67 սմ:
Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
Մոտ 34,2 կգ է: Տես հավելված Բ14:
Խնկարկության սեղանի չափսերը՝ մոտ 44,5 × 44,5 × 89 սմ: